Ոռնալ եմ ուզում անոհմակ դարձած,
Աշխարհի կարգից անչափ զայրացած,
Սիրտս չի տանում այսքան ծանրություն,
Ուր ես իմ երազ, իմ Դաշնակցություն:

Ռոմանտիկ, մաքուր պատերազմ էր մի,
Մարդը մարդ էր միշտ, երազին գերի,
Ազնիվ կռիվ կար, ազնիվ մեռնել կար,
Իսկ հիմա ի՞նչ է, քեֆ է, խաղ ու պար:

Զենքն ուսին առած, պատվով, ընկերով,
Երգը շուրթերին, անմիտ, անխռով,
Վստահ, որ երկիր պիտի կառուցենք,
Հպարտ էինք որ, քիչ ենք, բայց հայ ենք:

Հիմա դարձել ենք դրամ աշխատող,
Ճամփող, ընդունող, ժամացույց կապող,
Սեղանների շուրջ խոսում ենք, խմում,
Հերթական պետին պատիվ մատուցում:

Երբեմն կարծես նախանձում եմ ես,
Ձեզ որ զոհվեցիք, մաքուր մնացիք,
Որ խրամատից խոնավ ու փխրուն
Ուղիղ դրախտի սիրտը գնացիք:

Դավիթ Վանյան 16.12.2013թ.