Օրեր առաջ հրավիրված էի մասնակցելու հարազատ կրթօջախիս' Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը: Որքան էլ պահը հուզիչ էր, որքան էլ մանկության շունչը յուրաքանչյուր մարդու համար քաղցր է, ցավոք, ամեն ինչ արված էր, որ իմ մանկության և պատանեկության ժամանակահատվածը շարունակի անջնջելի մնալ կրթօջախի պատերից: Նույն տոնակատարությանը մասնակցող ընկերս անգամ իր դասասենյակի պատուհանների վրա գտավ դպրոցական տարիներին վրձինով արած խզմզոցը:
Այդ օրվանից այնքան ժամանակ է անցել, որ այդ պատվավոր քսուքը վաղուց պետք էր կախել Դալիի նկարների կողքին' որպես հնություն, որը պահպանվել է աչքի լույսի պես: Այս ամենը, ցավոք, շրջապատում առկա բարեկարգ, իսկապես նորոգ դպրոցների կողքին:
Իհարկե, հեշտ է հեռավորությունից քննադատել, նամանավանդ, որ ուսուցչական կոլեկտիվի գերակշիռ մասը բարեխիղճ, նվիրյալ մարդիկ են: Միգուցե մենք' նախկին շրջանավարտներս նույնպես մեղքի բաժին ունենք' մեր անտարբեր և լուռ կեցվածքով: Սակայն 21-րդ դարում քաղաքային բնակավայրում պահպանել մի դպրոց, որի պատերը գոնե կոսմետիկ վերանորոգման խնդիր ունեն, անխղճություն է:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ տանիքն ու պատուհանները, այսինքն արտաքին հատվածը, բարեկարգված էին, իսկ դպրոցի ներսում վիճակը իսկապես անմխիթար էր:
Իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրավասու են զբաղվելու այս խնդրով: Ինքս պատրաստ եմ անելու ուժերիս ներածը, ուղղակի խնդրում եմ, չի կարելի նման պայմաններում պահել մի քաղաքի դպրոց, որտեղ ապրելը արդեն իսկ հերոսություն է, որտեղ պատերազմի հարվածները ամենաուժգինն են, որտեղ ապրելու համար մարդկանց շահագրգռում է անգամ մի փոքրիկ բարեկարգումն ու ուշադրությունը:
Այստեղ այնքան մեծ գումարներ չեն անհրաժեշտ, որքան, թերևս, սրտացավություն, կազմակերպվածություն և փոքրիկ ջանքեր...