Ամերիկյան հեղինակավոր National Geographic ամսագիրն ամփոփել է 2013թ. լուսանկարչական մրցույթի արդյունքները, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել սառույցներով պատված ջրի տակից տպավորիչ հայացքով նայող սպիտակ արջի լուսանկարը։
Լուսանկարի հեղինակն է Փոլ Սոուդերսը, ով բևեռային արջին անմահացրել է Կանադայում, և այժմ, որպես մրցանակ, կստանա 100.000 դոլար, ինչպես նաև կայցելի National Geographic-ի վաշինգտոնյան գրասենյակներն ու կմասնակցի ամենամյա լուսանկարչական սեմինարի։ Բացի այդ, այս լուսանկարը կհրապարակվի Natioanal Geographic ամսագրում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մրցույթին մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի լուսանկարիչներ՝ աշխարհի 150 երկրից։ Նրանք ներկայացրել են 7.000-ից ավելի լուսանկար 3 անվանակարգերում՝ մարդիկ, վայրեր, բնություն։ Մրցույթի ժյուրին լուսանկարները դատել է՝ ըստ դրանց կրեատիվության ու որակի։
Daily Mail-ը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է նաև այն լուսանկարները, որոնք առավել շատ են դուր եկել ժյուրիի անդամներին։