Ծեր կինը հայելու մեջ երկար նայեց իր խորշոմած դեմքին, մատը սահեցրեց կնճիռների վրայով, կարծես հատ-հատ հաշվեց նրանց ու դժգոհ մի կողմ հրեց հայելին։ Վաղը, արդեն որերորդ տարին , նա նշելու է իր յոթանասուն ամյակը։ Վաղը. Բայց դա չէր նրան անհանգստացնողն ու հուզմունքի պատճառը: Վաղը նա հանդիպելու էր նրան, ում ճանաչել էր քսան տարի առաջ, ում քսան տարի թաքցրել էր հոգու թավուտներում, ում երազել, սպասել, հավատացել ու հավատարիմ էր Մնացել իր մտքում քսան տարի շարունակ։ Ժամադրվել էին Բրյուսելի ձմեռային այգում։ Ծեր կինը որոշեց մեկ ժամ շուտ գնալ։ Մի քիչ կքայլի այնտեղ, շունչը հետ կբերի, հուզմունքն ու հոգու խռովքը կհանդարտեցնի, մինչ նրա գալը։ Ափսոսաց, որ ամառ չէ, գոնե արևային ակնոցները կծածկեին աչքերի շուրջ եղած խորշոմները։ Այգում ինչպես միշտ լուռ էր ու հանգիստ, միայն քիչ հեռվում ձեռնափայտով մի կորամեջ ծերունի էր ետ ու առաջ անում։ Մի քիչ քայլեց, չորացած տերևներից մաքրեց մոտակա նստարանն ու նստեց ։ Տանը հավաքվել էին որդին ու թոռները, նույնիսկ երկու ծոռներն էին եկել։ Ինքը հայտարարեց, որ անհետաձգելի հանդիպում ունի, պետք է գնա ու բոլորի զարմացական հայացքների տակ դուրս եկավ։ Իսկ Նա պետք է Փարիզից գար, հավանաբար արդեն իջել է գնացքից, երևի արդեն տաքսի է նստում, ուր որէ այդտեղ կլինի ։ Այդ մտքից մի տեսակ անհանգստություն զգաց, նույնիսկ շիկնեց։ Տեր Աստված, միայն այդ էր պակաս, այդ տարիքում շիկնում է, հուզվում աղջնակի նման ։ ՈՒ թաքուն ծիծաղեց։ Նայեց չորս բոլորը։ Չէ, ոչ ոք չկար, ոչ ոք չլսեց իր ծիծաղը։ Միայն ձեռնափայտով կորամեջ ծերունին է ետ ու առաջ անում։ Ծերունին երևի հոգնեց ետուառաջ անելուց, նա էլ գնում է, ինչ լավ է, նա կգնա ու իրենց հանդիպմանը ոչ ոք ներկա չի լինի, ոչ ոք չի ծիծաղի երկու ծերունիների վրա, որոնք հեռակա ծանոթությունից քսան տարի անց, որոշել են հանդիպել։ Բայց ծերունին շատ էր դանդաղաքայլ, ծեր կինը չէր նայում նրա ուղղությամբ, ձեռնափայտի տկտկոցից գուշակեց, որ նա ուր որէ հիմա կանցնի իր մոտով։ Միայն երբ հավասարվեց, ծեր կինը ինքնաբերաբար բարձրացրեց հայացքը, և... Նրանց հայացքները հանդիպեցին ։ Կինը միանգամից ոտքի կանգնեց.

- Աննա,- շշնջաց ծերունին։
- Ալեքս,- շշնջաց, թե մտքում ասաց կինը։
Տղամարդը միանգամից նայեց ձեռնափայտին։
- Գիտես, մտածեցի, որ անձրևից հետո գուցե գետինը թաց լինի, ավելի լավ է ձեռնափայտ վերցնեմ,- ու աշխատեց որքան հնարավոր էր ուղղել կորացած մեջքը։
- Ճիշտ ես արել,- շշնջաց կինը՝ ձեռքը տանելով խորշոմած դեմքին։ ՈՒ լռեցին։ Տղամարդը խոնարհվեց, վերցրեց կնոջ ձեռքը, հպեց շրթունքներին, երկար ու նրբորեն համբուրեց։
-Աննա, դու գեղեցիկ ես, հմայիչ, ցանկալի ճիշտ այնպես, ինչպես քսան տարի առաջ առաջին անգամ տեսա քեզ նկարում։ Կինը օրվա մեջ երկրորդ անգամ շիկնեց։
-Ալեքս , քեզանից էլ հորդում է նույն էներգիան, ինչ քսան տարի առաջ զգացվում էր քո նկարից։
Հետո երկար նստեցին նստարանին։ Բայց հարկավոր էր գնալ, մթնում էր արդեն։
-Աննա, ներիր ինձ,- ծերունին դողացող ափերի մեջ սեղմեց ծեր կնոջ ձեռքերը։
-Ինչու, ինչի համար,- զարմացավ կինը։
-Աննա, մեր նախորդ կյանքում ես քեզ նեղացրի, ու դու հեռացար ինձանից, այս կյանքում ահա հիմա գտնում եմ քեզ այսքան ուշացումով, խոստանում եմ, խոստանում եմ՝ քեզ երբեք-երբեք այլևս չնեղացնել, միայն թե հաջորդ կյանքում մենք միասին լինենք։
-Ալեքս, սիրելիս, խոստանում եմ՝ այլևս երբեք չնեղանալ ու չհեռանալ քեզանից, իսկ հաջորդ կյանքում մենք անպայման միասին կլինինք։
Այգում քամի չկար, բայց որտեղից-որտեղ մի փոքրիկ տերև թռավ ու ընկավ ծեր կնոջ փեշին ։ Կինը վերցրեց տերևը, մոտեցրեց դողացող շուրթերին, շոյեց, շոշափեց շուրթերով, հետո ուրախ դարձավ ծերունուն։
-Ալեքս, գիտես , ինչ ասաց տերևը։ Ասաց, որ այս պահին բաց էին երկնքի պատուհանները , ու տիեզերքը, Աստված լսեց մեր խնդրանք-որոշումը, իրեն ուղարկեցին , որ այդ մասին պատմի մեզ։
-Աննա, տուր ինձ այս տերևը։
Ծերունին հանեց գրպանից ծողատետրը ու դեղնած, փոքրիկ տերևը խնամքով տեղադրեց թերթերի արանքում։ Այգու տերևաթափ ծառերը ուրախ խշշացին։ Գարուն էր այգում։