– Երևանում կայացած Ձեր վերջին համերգին բարձր հովանին՝ իշխանությունները, չկային, չէի՞ք հրավիրել, թե՞ չէին եկել։
–Անձամբ՝ ոչ, չէի հրավիրել։ Ինձ հարցրին՝ «Ինչո՞ւ չես հրավիրել», ես ասացի, որ իրենք պիտի գան, ինչո՞ւ պիտի հրավիրեմ։ Դալլասում կայացած իմ ներկայացմանը ներկա է եղել Ջորջ Բուշն իր տիկնոջ հետ։ Ես, իհարկե, նրան չէի հրավիրել։ Բայց եկավ, հետո շնորհավորեց, շնորհակալություն հայտնեց ինձ, որ ինքը տեսավ, վայելեց այդ ներկայացումը։ Եվ դա շատ բնական էր։ Օրինակ, Անգելա Մերկելը միշտ գալիս է իմ ներկայացումներին։ Նա սիրում է օպերա գալ։ Պարզ է, որ ես նրան անձամբ չեմ հրավիրում։ Ընդ որում, ոչինչ էլ չի փոխվում նրանց գալով. ոչ ճանապարհներ են փակվում, ոչ էլ՝ հոծ շքախմբեր են նրանց ուղեկցում։ Նրանք աննկատ գալիս են, աննկատ գնում։ Եվ նրանց ներկայությունից ես ավելի լավ չեմ երգում։ Երբ օդակայանից Երևան ես մտնում, բոլոր պաստառները ազդարարում են «Բալա» երգի մասին։ Սկզբում չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, որովհետև տեսնում էի՝ մի տղա է նկարում, տակը գրված՝ բալա։ Հետո ինձ բացատրեցին, որ խոսքը երգի մասին է։ Գիտեմ, մի Արմենչիկ էլ կա, ի՞նչ արած։