Միացրե՜ք այդ գրողի տարած երաժշտությունը… միացրե՜ք. թ~ող մտքերս դրա ձայնից լռեն, թող բթանա~ն, չգործեն ու չշահագործեն: Միացրե՜ք որևէ խելագարված ու գժված մեղեդի, թո՜ղ նվագի արդեն ժանգոտած ուղեղիս ճամփեքին, թո՜ղ մաշեցնի այն ուղիները, որոնցով այդքան արագ հոսում են մտքերս ու կործանում ինձ: Թո՜ղ այդ ձայնից պայթեն մտքերս ու նետվեն չորս կողմ…թո՜ղ մեռնեն նրա մասին մտքերս: Միացրե~ք այդ գրողի տարած երաժշտությունը:

Միացրե՜ք սենյակի բոլոր լույսերն ու անգամ լապտերները…թո՜ղ մթության մեջ բացվող ու փակվող աչքերս չգծագրեն նրա անասնական դիմագծերը: Վառե~ք բոլոր լույսերը, թո՜ղ մխից գոյացած նրա աչքերը ցնդեն, վերանան ու այլակերպվեն խաղաղության: Թ՜ող նրա փոթորկող հայացքը վերածվի հասարակ պահարանի, որը զգացմունքներ չի ծնում: Միացրե~ք բոլոր լույսերն ու լապտերները:

Վառե՜ք բոլոր կամուջները, այրե՜ք: Թո՜ղ նրա մասին շշնջացող ուրվականները վախենան ու կորչեն, թո՜ղ թողնեն ինձ վայելել քամուց բորբոքվող կրակը, թող հասկանան, որ~ հոգիս, միտքս, մարմինս, ի վերջո Ե~Ս բորբոքվում եմ նրա մասին ամեն մի կիսատությունից: Վառե՜ք բոլոր կամուրջներն ու ինձ թողեք կրակից կառուցված շրջանակի մեջ, թո՜ղ ամբողջը կրակ լինի. կրակ ու այրված երջանկություն: Թո՜ղ վառվեն բոլոր հույսերս նրա հետ կապված, քանզի անիմաստ են ու ցնորաբանական, անօգուտ են ու անշուք, անտեսանելի ու վերացական: Ես նրան շոշափե~լ եմ ուզում, թո՜ղ այրվեն նաև այն ձեռքերը, որոնք նրա պարանոցը շոյել են ուզում, որոնք ուզում են գրկել նրա ուսերն ու մխրճել են ուզում մատները նրա մաշկի տակ: Վառե՜ք այդ ձեռքերը…վառե~ք պատկերացումներում նրան մերկացնող ձեռքերս:

Վառե~ք այդ կամուրջները, այրե~ք:

Կանգնեցրե՜ք բոլոր մեքենաներն ու գնացքները, շարժվող ամեն բան կանգնեցրե~ք…գուցե նրանց հետ զգացմունքներիս անտանելի արագ շարժն էլ կանգնի ու թույլ տա ինձ շնչել: Կանգնեցրե՜ք ամեն շնչող բան աշխարհում, թո՜ղ անգոյանա ամեն բան, միայն թե չքանան մտքերս զգացումներիս' անասնական զգացումներիս հետ ձեռք ձեռքի տված: Թո՜ղ սին հույսերից բթացած սիրտս կտոր-կտոր լինի ու հյուրընկալի տիեզերքին' չգալու խոստումով: Կանգնեցրե~ք բոլոր մեքենաներն ու գնացքները, շարժվող ամեն բան կանգնեցրե՜ք…

Բացե՜ք դժոխքի դռներն առաջ, բա՜ց արեք, որովհետև ես ինձ թույլ եմ տալիս երազել նրա մասին… նրա մասին ամեն ռակուրսից ու ամեն կերպարանքով, ամեն օր ու ամեն գիշեր ու հա՜տկապես ամեն գիշեր… Բա՜ց արեք այդ դռները, որովհետև ամեն արգելված բան տեղավորվում է իմ բարոյականության շրջանակների մեջ' նրա հետ կապված ամեն արգելված բան: Բա՜ց արեք դժոխքի դռներն իմ առաջ, ես գալիս եմ…