Որքան երկար ենք թերթում մեր երկրի պատմության գիրքը, այնքան ավելի ենք համոզվում, թե այդ գրքում ինչ շատ են սպիտակ ու պատռված էջերը: Ժամանակը հեռացնում է, լռությունն ու մոռացությունն էլ իրենց հերթին են ջնջում խունացած շերտերը: Սակայն միշտ մնում է աննշան մի հետք, որպեսզի մեզ կրկին վերադարձնի կորստի տրված օրերի շղթան, հիշողության դաշտ բերի անցյալի վտարված պատկերը' ամբողջացնելով մեր պատմության ճանապարհը:

Որպես ասվածի ապացույց, այսօր տեղափոխվենք հեռավոր 1950-ական թվականները' մտաբերելու այն տարիներից մի քանի արժանահիշատակ դրվագներ, որոնց մասին այսօր շատ քչերը գիտեն:

ՍՄԿԿ 1954-ի մարտյան պլենումը երկրում հացահատիկի արտադրությունը բարձրացնելու նպատակով որոշում կայացրեց ընդլայնել ցանքատարածությունները Սիբիրում և Ղազախստանում անմշակ թողնված' խոպան հողերի իրացման հաշվին: Աշխատանքային ձեռքի պակասը լրացնելու նպատակով այդ երկրամասեր գործուղվեցին միութենական հանրապետությունների երիտասարդներն ու ուսանողները: Հայաստանը նույնպես բացառություն չէր: Այդպես եղավ նաև 1956 թվականի ամռանը: Հայ ուսանողներից կազմված հսկայական մի խումբ մեկնեց ղազախական տափաստաններ' մասնակցելու բերքահավաքին: Աշխատանքի վայրը Կոստանայի մարզն էր: Ինչպես ընդունված էր այդ տարիներին, Երևանի երկաթուղային կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Հնչեցին ելույթներ, հրաժեշտի բարեմաղթանքներ, գերազանց աշխատանքի խոստումներ: Գնացքը Միջին Ասիա էր տանում շուրջ 1700 հայ երիտասարդների: Բոլորի տրամադրությունը բարձր էր, ոգևորությունն' ակնհայտ: Սակայն երկար ճանապարհից այն հետզհետե նվազեց, իսկ երբ սպառվեցին ուտելիքի պաշարները, որ ուսանողներն իրենց հետ վերցրել էին' հուսալով, թե ճանապարհին կբաժանվի խոստացված սնունդը, շարժակազմի ուղևորների տրամադրությունը կտրուկ փոխվեց:

Շարունակությունն`hovikcharkhchyan.wordpress.com