Հարցերիս խնդրում եմ, որ պատասխանեն ԱԺ բոլոր այն պատգամավորներն, ովքեր «կողմ» են քվեարկել կենսաթոշակային նոր համակարգի ներդրման համար:
1. Դուք գիտե՞ք, թե ինչպես է բաշխվելու կուտակված գումարը: Օրինակ, մարդ փոխանցել է իր կենսաթոշակային հաշվեկշռին 1.800.000 դրամ, այդքան էլ ավելացրել է պետությունը: Այդ գումարը նրան տրվելու է քանի՞ տարվա մեջ՝ մե՞կ, տասը՞, երեսու՞ն: Եթե կողմ եք քվեարկել, ենթադրում եմ, որ գիտեք:
2. Դուք գիտե՞ք, թե ինչքան է լինելու դրամի գնողունակությունը 2037 թվականին, և համոզվա՞ծ եք արդյոք, որ այն ժամանակ, երբ 1974 թվականին ծնվածներն անցնեն թոշակի, մեր դրամն ընդհանրապես լինելու է: Եթե ոչ, ապա դուք տեղյա՞կ եք արդյոք՝ նախատեսված է ինչ-ոչ բան այս անցանկալի դեպքում, թե՞ ոչ: Եթե կողմ եք քվեարկել, ենթադրում եմ, որ գիտեք:
3. Դուք գիտե՞ք, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր ամբողջ կյանքն աշխատել են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում, գրանցված չեն եղել ու, հետևաբար, ոչ մի բան չի փոխանցել իր կենսաթոշակային հաշվին: Այդ դեպքում ինչքա՞ն թոշակ է ստանալու այդ մարդը պետությունից որպես իր տասնամյակների չարչարանքի գնահատական: Եվ արդյո՞ք ստանալու է ընդհանրապես: Եթե կողմ եք քվեարկել, ենթադրում եմ, որ գիտեք:
4. Դուք գիտե՞ք, թե յուրաքանչյուր մարդ, ով գումար է փոխանցելու իր կենսաթաշակային հաշվեհամարին, ինչպես կարող է ստուգել իր հաշիվը: Եթե կողմ եք քվեարկել, ենթադրում եմ, որ գիտեք:

Այս հարցերի կամ դրանց մի մասի պատասխանները, հավանաբար, տրված են նախագծում, սակայն հետաքրքիր է, թե «կողմ» քվեարկած պատգամավորները տեղյա՞կ են պատասխաններից և առհասարակ՝ լա՞վ են պատկերանցում այն նախագիծը, որն ընդունել են: