ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ, այդ կազմակերպության քաղխորհրդի անդամ, նախկին ԿԳԲ-ական իսկ այժմ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» առաջնորդներից Գուրգեն Եղիազարյանը ս.թ. հունվարի 28-ին տված ասուլիսի ժամանակ արտաբերել է բառացիորեն հետեւյալը. «Եթե հանկարծ մարդիկ հարցնեն' Րաֆֆի Հովհաննիսյանը լինի նախագահ, թե ՍերԺ Սարգսյանը, ես երկու ձեռքով կասեմ՝ Սերժ Սարգսյանը»: Պարոնը հիմնավորում է դա նրանով, որ իբր Րաֆֆին Սերժի խնդրանքով է իր թեկնածությունը դրել, որ վերջինը միայնակ չմնա: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը» պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը 2008-ին (երեւի դա էլ էր Սերժ Սարգսյանի խնդրանքով), ընտրական հանձնաժողովներում իր տեղերում ընդգրկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցների (հաստատ դա էլ էր Սերժ Սարգսյանի խնդրանքով) ապա 2009-ին չառաջադրվեց Երեւանի ավագանու ընտրություններին' ընդդիմադիր դաշտը թողնելով ՀԱԿ-ին (բա էլ ում խնդրանքով, եթե ոչ Սերժ Սարգսյանի), Երեւանի ընտրական հանձնաժողովներում իր տեղերի կեսում վերստին ընդգրկեց ՀԱԿ անդամներին (վերստին Սերժ Սարգսյանի խնդրանքով): Ի դեպ, մինչ այդ էլ' դեռ 2003-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն սատարեց այն ժամանակվա իրական ընդդիմադիր թեկնածու, այժմ ՀԱԿ անդամ, Ստեփան Դեմիրճյանին, այլեւ ակտիվորեն մասնակցում էր նրա քարոզարշավին (այստեղ այնքան էլ պարզ չէ, վերստին Սերժ Սարգսյանի թե Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով), իսկ «Ժառանգությունը» ակտիվորեն մասնակցում էր թե հետընտրական եւ ոչ մեր մեղքով կարճատեւ պայքարին, ապաեւ 2004-ի ապրիլի 12-13-ին Բաղրամյան պողոտայի վրա էր' ժողովրդի առաջին շարքերում (հաստատ դա էլ կամ Սերժ Սարգսյանի կամ էլ Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով): Եթե պարոնի այս պնդումը ճիշտ է, ապա պետք է նաեւ ընդունել, որ կեղծ ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանն էին, քանի որ Սերժը կամ Ռոբերտը անընդհատ խնդրել են Րաֆֆուն օժանդակել այս վերջիններին: Կամ պարզվում է, որ Սերժ Սարգսյանին փոխելուն միտված պայքարի դուրս եկած Րաֆֆին կեղծ ընդդիմություն է, իսկ Սերժին երկու ձեռքով ընտրել պատրաստ այս պարոնը, կամ երկրի համար ամենավճռական պահին' նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանությունների դեմ իրենց պայքարը հանկարծ դադարեցրած ուժերը' իրական ընդդիմություն (պատկերացնում եք, չէ՞, թե 2008-ին ինչ վայնասուն կբարձրացնեին հայտնի «ընդդիմադիր» թերթերը, եթե հանկարծ «Ժառանգության» ղեկավարներից որեւէ մեկը ասեր որ ավելի լավ է Սերժը նախագահ ընտրվի, քան Լեւոնը): Բայց մի շտապեք եզրահանգումներ անելու - այս մառազմը այլ ոլորտից է:
Թե՛ այս պարոնի եւ թե՛ շատ այլ կարկառուն «ընդդիմադիրների» «քաղաքական» պահվածքը պարզ նախանձից է սերված, որը ցավոք դառնում է քաղաքական կատեգորիա: