451 թ., երբ հայությունն օրհասական պայքար էր մղում սասանյանների դեմ, հոները Աթիլլայի առաջնորդությամբ ներխուժեցին Գալլիա։ Աթիլլան ստեղծել էր մի հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի հյուսիս-արեւմտյան սահմանն ընկած տարածքները:
Հռոմեացի զորավար Աեցիոսի եւ հոների առաջնորդ Աթիլլայի զորքերի միջեւ վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ հունիսի 23-ին՝ Կատալաունյան դաշտում /Ֆրանսիա, Շամպան-Արդեն երկրամաս, ներկայիս Շալոն-ան-Շամպան քաղաքի մոտ/։ Թեեւ ճակատամարտի ելքն անորոշ էր, սակայն Աթթիլան ունենալով մեծ կորուստներ՝ նահանջեց։ Ճակատամարտում զոհվեց 180 հազար մարդ։ Աեցիոսը ավարտին չհասցրեց հոների ջախջախումը' թույլ տալով նրանց անցնել Հռենոսի աջ ափը։ Կատալաունյան ճակատամարտը «թույլ չտվեց, որ Եվրոպան վերածվի Ասիայի»: Հոների կայծակնային արշավանքը կասեցվեց եւ կոտրվեց նրանց մարտական ոգին:
452 թ Աթիլլայի բանակը ներխուժեց Իտալիա: Հռոմը գրավել չհաջողվեց, սակայն քաղաքի բնակիչները պարտավորվեցին ամենամյա հարկ վճարել: Մեկ տարի անց Աթիլլան հանկարծամահ եղավ: Նրա ստեղծած տերությունը շուտով կազմալուծվեց։