Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից… Որքա՜ն անհույս էր թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ' բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես...Անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում' հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված : Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում... Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված… Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու' անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ կասկածելի, խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում: Մինչդեռ իր հարևանները' այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, հայը իսկապես կացինն իջեցնում է գլխին: «Ապա ճշմարտությո՞ւնը»,– մտահոգվում է նա:

Դանդալոշ է ու խոնարհ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես: Քծնում է, ստրկանում օտարի ոտքի տակ, ինչպես իր Ձենով Օհանը, բայց երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր եւ կկողոպտվի... Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է' իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական' անմիաբան է, անտանելի, խռովարար... Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ՝ շահի դեմ, սուլթանի դեմ, ցարի դեմ... Թաթարն էր մոտը՝ սպասեց ռուսին, ռուսը եկավ՝ աչքը եվրոպացուն էր, եկավ անգլիացին՝ դարձյալ ռուսին էր սպասում, ռուսն է գալիս՝ չի ընդունում: ՄԻ ՁԵՌՔԸ ՃԱՆԿՌՈՏԵԼՈՎ ՀԻՄՆՈՒՄ Է ԻՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄՅՈՒՍ ՁԵՌՔԸ ՃԻԳ Է ԱՆՈՒՄ ՀԻՄՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ:
Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ... Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր:
Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից' ազատությունից:
«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բան' Ազատությունը…»:

/կրճատումներով/