Հայրենի Ջավախքի Կարզախ գյուղ եկած քյավառցի աշուղ Սազայի հետ ընկերանալով՝ Ջիվանին ուղևորվում է Թիֆլիս: Այստեղ նրանք սկսում են իրենց երգն ու տաղը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ գտնվող մի վանեցի հայի՝ «Կարապետ Սոնանյանց» սրճարանում, որտեղից էլ սկսվում է Ջիվանու գործունեությունը: Թիֆլիսի 6-րդ քաղաքամասի ոստիկանապետը հաճախ էր մտնում սրճարան, խլում աշուղի սազը եւ տանում ոստիկանատուն, որպեսզի նա այլեւս չերգեր եւ «ժողովրդին գլուխը չհավաքեր»: Սրճարանի տերը, կամ աշուղի որդիները գնում էին ու խնդրելով հետ ստանում գործիքը, որը մի քանի օր աշուղի ձեռքին մնալուց հետո նորից տեղափոխվում էր ոստիկանատուն: Այսպես ծնվեցին նրա՝ ոստիկանին նվիրված բանաստեղծությունները:
ՈՍՏԻԿԱՆԸ
Ո՞ւր գնամ, որ չտեսնեմ ես
Անգութ ոստիկանի երես,
Անխղճմտանք և պռտկերես,
Լկտի ոստիկանի երես։
Սաստիկ սիրտս զզվել է իմ,
Դիմանալու էլ ուժ չունիմ,
Բարվոք է իմ մահս տեսնիմ,
Քան մի ոստիկանի երես։
Ջիվանս ճիշտ տեղեկացա.
Բնավ օձի լավը չկա,
Մինչև հիմա ես չտեսա,
Բարի ոստիկանի երես։
1907