Հանդիպելիս անծանոթ ես դու ինձ ձևանում,

Իսկ ես քայլերս եմ մի պահ շփոթում,
Սիրտս է մի վայրկյան ակամա կանգ առնում.
Անծանոթ ես դու ինձ ձևանում, կողքովս քայլում, հեռանում. . .

Վաղուց եմ քեզ համար ես օտար դարձել՝
Աշնան վերջին տերևի նման ես ինձնից հեռացել,
Մեր սիրո հուշերն ես դու մի կողմ դրել,
Սիրո խոսքերն ես քո շուտ մոռացել:

Դե հիմա, հիշի՛ր մեր անցած ճամփան.
Հիշի՛ր՝ որքան եմ քեզ սիրել, որքան ես ինձ սիրել,
Մեկմեկու շրթեր այնքա՜ն ենք համբուրել.
Ձեռք ձեռքի տված մենք շատ ենք քայլել:

Հիշի՛ր... մատուռում, Աստծո՛ մոտ երդու՜մ ես տվել,
Իմ սիրտն ես բացել՝ քո՜ ձեռքով անունդ գրել...
Հիշի՜ր՝ որքան անկեղծ է համբույրս եղել....
Չի՞ ստացվում հիշել,..թե՞ չես ուզում հիշել:

Գիտեմ...պարզապես չե՜ս ուզում հիշել:
Չես ուզում հիշել, որ ինձ ես սիրել,
Որ...մի ժամանակ ինձնով ես ապրել,
Անթիվ համբույրներ ես դու ինձ պարգևել:

Մոտենում եմ ես քեզ՝ ինձ չես ճանաչում,
Քեզ հետ եմ խոսում...անծանոթ ես դու ինձ ձևանում,
Սիրուս պատասխան, ատելության նամակ ես ինձ գրում,
Անտարբերությամբ քո գրած անունն ես իմ սրտից ջնջում:

Բայց մի՞թե կարող է որևէ մեկը
Սրտիս դրոշմած անունը ջնջել:
Ջնջելու համար ինձ պետք է սպանես,
Սիրտս իր տեղից հանես, քո ձեռքում այրես. .

Եվ կդադարի սիրտն իմ բաբախել,
Ես կդադարեմ քեզ համար տանջվել,
Սիրտս կդադարի անվերջ քեզ հիշել,
Վերջապես կդադարի սիրտս քեզ սիրել:

Ազատ Մալխասյան
« Անգույն հեքիաթ » ժողովածու
2012 թ.