Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել հակաօդային պաշտպանության միասնական համակարգը Բելառուսի հետ և ձեռնամուխ լինել այդպիսի համակարգերի ստեղծմանը Հայաստանի և Ղազախստանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ծրագրում ենք նաև ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգը Բելառուսի հետ, ձեռնամուխ լինել այդպիսի տարածաշրջանային համակարգերի ձևավորմանը Հայաստանի և Ղազախստանի հետ»,- ասել է Պուտինը, որի հայտարարությունը մեջբերում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։ Նրա խոսքով՝ այդպիսի համագործակցությունը զգալի բարձրացնում է Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական ներուժը, ծառայում է խաղաղության ու կայունության ամրապնդմանը եվրասիական տարածքում։
Նա նշել է, որ ընթացիկ տարում հաջող են ընթացել «Արևմուտք-2013» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները, հերթը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ զորքերի տարածաշրջանային խմբավորումների ստեղծմանն է։