Տարիներ առաջ էր, բանաստեղծությանս աղբյուրի ակը բացվել էր, էն ժամանակ հայ բանաստեղծների Մեքքան շատ մոտ էր - մեր «Գարուն» ամսագիրը: Ես էլ պոետի կերպար առա, - ջինսեր հագա, մուգ ակնոց դրեցի, ընտրեցի մի շարք ու գնացի «Գարուն»: Պոեզիայի բաժնի վարիչը Հակոբ Մովսեսն էր - հիմա էլ ենք տեսնում իրար, բայց չճանաչելու ենք տալիս: Որոշեցին տպել, բայց զգում էմ, որ Հակոբ Մովսեսի լեզվի տակ բան կա: Էսպես ասաց - մոտավորապես. «Դուք, որ էդքան պարզ եք գրում - հը՜մմ - հիմա դա շնորհ է, թե... Եթե կարող եք՝ Պուշկինից, բանից - մի երկու բան թարգմանեք բերեք, տեսնենք...»

Թարգանեցի Պուշկինի հայտնի «Թալիսմանը». էլի երկու բան, և Բորիս Պաստեռնակի «Երազը»... Տարա «Գարուն», Հակոբը կարդաց ու... լռեց: Իսկ թարգմանությունը մնաց: Ով սիրում է պոեզիա - թող վայելի...

Բ. Պաստեռնակ

ԵՐԱԶ

Երազի մեջ տեսա աշուն ու կիսամութ
Եվ քեզ ընկերների խմբի մեջ խեղկատակ.
Ինչպես երկինքների արյունաորս բազե
Սիրտս ներքև սուրաց, իջավ ձեռքին քո տաք:

Բայց անցնում էր պահը, խունանում էր, մարում,
Եվ մշուշով խումար փեղկերն արծաթելով՝
Արշալույսը այգուց լուսամուտն էր ցողում
Սեպտեմբերի արյուն-արցունքներով:

Բայց անցնում էր պահը… Սառույցի պես փխրուն
Բազմոցների մետաքսն՝ հալվում անվերադարձ:
Հանկարծ ձայնդ իջավ, դու լռեցիր հանկարծ,
Եվ երազը մարեց, ինչպես զանգն է լռում:

Ես արթնացա: Այգը գորշ էր աշնան նման,
Քամին սլանում էր հեռուն անդառնալի.
Ինչպես բեռնասայլից ծղոտն է անձևում՝
Նա տանում էր շարքը վազող կեչիների:

Թարգմ. Լեւոն Դռնոյանի