Զուգահեռ աշխարհներ չգիտեմ կան թե չէ, բայց զուգահեռ գիտություններ հաստատ կան: Օրինակ' ունենք սովորական' ակադեմիական հայագիտություն, որտեղ ամեն մի դատողության համար պահանջում են գիտական փաստարկներ ու այսպիսով չուզողաբար կասեցնում են ՀԱՅ ԳԵՆԻ ԹՌԻՉՔԸ: Այս հայագիտության «ազգադավ» ներկայացուցիչները ՀԱՅԱՆՊԱՍՏ տեսությունների առջև բյուրոկրատական բազմաթիվ խոչընդոտներ են հարուցում:
Բայց սրա ղրաղին կա և զուգահեռ' ստվերային' «ԱԶԱՏ» հայագիտությունը, որտեղ չկան երևակայության թռիչքը սանձող բյուրոկրատական արգելքներ, որտեղ ՀԱՅԱՆՊԱՍՏ տեսությունները չեն հանդիպում չուզողության «շլանգ բավո»-յին, որտեղ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՐՈՒ դառնալու համար հեչ պարտադիր չի ջանին ջափա տալով ու գլուխ ցավացնելով հայագիտություն սովորելը: Պարզապես ասա մի էզոթերիկ… վայ, ներողություն, ԹԱՔՆԱԳԻՏԱԿԱՆ ցնդաբանություն հայոց լեզվի կամ մշակույթի մասին, և մնացածը «իշտե կը հոսե»… Կայֆ ա, չէ՞. ի՞նչ բազմամյա կրթություն, ի՞նչ տքնաջան ուսումնասիրություններ… Էնա կարճ ճանապարհով հասնում ես ճոխ ծափահարությունների ու ճանաչման:
Ասացի ԳՈՒՐՈՒ ու հիշեցի, որ վերջերս շատացել են նաև կին գուրուները: Իսկ հայ կնոջը ոնց որ թե չի սազում ԳՈՒՐՈՒ տիտղոսը: Ավելի հայեցի ու ԳՈՒՐԳՈՒՐԱԼԻՑ բան պետք է մտածել: Օրինակ' ԳՈՒՐՈՒՇ: Կարծում եմ վատ չէ:
Հիմա' ուշադիր: Մի կին, բանասիրական գիտությունների թեկնածու (!), «ապացուցում է», որ խեթերը… հայեր են: Ու որպես փաստարկ բերում է… Հաթերք տեղանունը, Սոմխեթին, մեր էպոսի Իսմիլ Խաթունի նամակը ու այս կարգի այլ բաներ… Ու նա ձեռի հետ լուծում է նաև էտրուսկների հայկական ծագման խնդիրը. չէ՞ որ Տոսկանիայի (իմա' Տուշպայի [!]) բնակիչների համար ողնուղեղային դոնոր կարող են լինել միայն հայերը:
Սա դեռ անեկդոտի ներածությունն է: Եթե բանասիրական գիտությունների թեկնածուն էկրանից նման բաներ է հնչեցնում, ապա պետք չէ զարմանալ, որ այս սերմնացանությունը տալիս է փառահեղ պտուղներ: Խնդրեմ. մի աղջիկ գրել է այսպիսի մեկնաբանություն. «իմ մոտ հպարտության պրիստուպ է առաջել ))))))) Աստված իմ ես ուղղակի պաշտում եմ ՀԱՅ ազգը!»:
Մի՞թե ազգդ պաշտելու համար անհրաժեշտ է, որ հայերը լինեն խեթեր, էտրուսկներ, արիացիներ, շումերներ… Իսկ չես կարո՞ղ պարզապես սիրել կամ պաշտել քո ազգն ու Մայրենին' հենց այնպես, որպես ուղղակի հայկական…
Բայց ահա մեկ ուրիշ անձի մեկնաբանությունը, որը ոչ միայն շողում է ընտիր մայրենիով, այլև ապշեցնում է իր փրթող տրամաբանությամբ. «Այն ՀԱՅԸ,երբ ԽՈՍՈՒՄ է որևէ թեմայի /հայկականության/շուրջ,ուրեմն նրա մեջ խոսում է գենետիկ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ.......:Իսկ այն ,,հայը,, ,որը պահանջում է'ապացույց,նա հայ է անձնագրով......»:
Հիմա աչքներդ ապշանքից ճպճպացնում եք ու ուզում եք մի հատ է՞լ կարդալ այդ գլուխգործոցը. ահա, խնդրեմ. «Այն ՀԱՅԸ,երբ ԽՈՍՈՒՄ է որևէ թեմայի /հայկականության/շուրջ,ուրեմն նրա մեջ խոսում է գենետիկ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ.......:Իսկ այն ,,հայը,, ,որը պահանջում է'ապացույց,նա հայ է անձնագրով......»:
Այսինքն' եթե կարդում եք «հայկականության շուրջ» որևէ ֆանտաստիկորեն հայեցի գաղափար, ապա չփորձեք ապացույց պահանջել. այլապես կհայտարարվեք ՈՉ ՀԱՅ: Ասում են' էտրուսկները հայերն ե՞ն, ուրեմն սուսուփուս համաձայնեք և ուրախացեք: Ասում են' հայերենն աշխարհի մայր լեզու՞ն է, ուրեմն հնազանդորեն «հպարտության պրիստուպ» ապրեք, էլի. հայ չե՞ք…
Այսպես է, էկրանից ինչքան զիբիլ շաղ տան, քառապատիկ բերքահավաք կստացվի…
Հատկապես զավեշտալի է, որ հայակենտրոնական դոշծեծոցները հաճախ առաջ են տարվում… լատինատառ տգետ հայերենով: Որպես եզրափակիչ դեսերտ ներկայացնեմ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ դարդերը ԼԱՏԻՆԱՏԱՌ զեղումներով արտահայտող մի կնոջ խոսքերը' ուղղված ինձ (անուղղակիորեն' նաև Աճառյանին, Ջահուկյանին ու մյուս վաստակաշատ հայագետներին).
«Hargeli H.M hndevropabanutjun@ duq sovorum eq Zer arevmtyan hamalsarannerum,ur amboxjovin xexatjurvum e mer haykakan patmutjun@:Ajs masin 1000angam grvel ,asvel u boxoqarkvel e:Isk es usumnasirum em zut HAY hayagetnerin u naev mer hargeli Eabanin...»:
Ես լոռեցի հասարակ տղա եմ, սրան մենակ էսպես կարող եմ պատասխանել. «Մեկնաբանու՛թին կա՛ վոչ…»