Ես երևի սիրում եմ քեզ
Գարունացել է… Իսկ ես կանչում եմ քեզ, լսու՞մ ես: Անգամ եթե չես լսում, ասա, որ բառերս հասնում են քեզ: Զգույշ վարվիր բառերիս հետ. դրանք պայքարում են ապրելու համար: Քո կողքին, քո գոյությամբ, այն գիտակցությամբ, որ թեև իմը չես լինելու, սակայն դու կաս, ապրելու ես ինձ հետ նույն քաղաքում, տեսնելու ես նույն շենքերը, նույն մարդկանց, նույն անձրևի տակ ես թրջվելու, նույն քամուց խուսափելու: Գիտե՞ս' ես երևի քեզ սիրում եմ կամ գուցե սարսափելի սիրահարվել եմ, տարվել, կախվածություն ձեռք բերել: Ինձ այժմ բավարար է այն, ինչ ունենք, իսկ մենք շատ բան ունենք. մենք ունենք պայման, իսկ ես երևի ավելին եմ ցանկանում: Ես ուզում եմ ավելին, քան այն, ինչ մենք կունենանք, բայց հասկանում եմ, որ դա անհնար է, որովհետև ինքս եմ գծել սահմաններն ու թելադրել քեզ, թե որքան կարող ես խախտել դրանք: Այնքան կուզեի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն ո՞վ գիտե' գուցե եթե այսպես չլիներ, ընդհանրապես ոչինչ չլիներ: Իսկ ես ուզում եմ քեզ հետ կապված գոնե ինչ-որ փոքրիկ բան ունենալ, զգալ, ապրել. երկրորդ անգամ մենք այսպես երջանիկ չենք լինի: Ինչպե՞ս չեմ ես ճանաչել քեզ, ինչու՞ չկայիր, երբ քո կարիքն այնքան ունեի… Ես հիմա էլ քո կարիքն ունեմ: Թվում է' միշտ քո կարիքն եմ ունենալու: Գիտե՞ս' ես երևի սիրում եմ քեզ…