«ՍԻՐՈՒՄ ԷԻՆՔ ԵՐԳԵԼ, ՊԱՐԵԼ ԵՎ… ԱՐՏԱՍՎԵԼ»
Շառլ Ազնավուր
Մենք մի գաղթական հայ ընտանիք էինք ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էինք մեր լեզվին, սովորույթներին ու եկեղեցուն։ Զուսպ, քաշված, համեստ էր մեր ընտանիքը։ Հավասար չափով զգայուն էր եւ՛ հումորի, եւ՛ դժբախտության նկատմամբ։ Մենք սիրում էինք երգել, պարել եւ□ արտասվել։ Այո՛, եւ արտասվում էինք, որովհետեւ հայը շատ զգացմունքային է ու հեշտությամբ է լաց լինում։ Նա լաց է լինում եւ՛ կնունքին, եւ՛ պսակին, եւ՛ թաղմանը։
♦♦♦
Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին։ Այո՛, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանսիացին։ Տոնն առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի տոն չէ հայի համար։
… Խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան։ Այդ նույն բանն է՝ կասեք դուք։ Ոչ, ամենեւին։
♦♦♦
Եթե որեւէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միեւնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք։