Այսօր օրս սկսեց երեկվա պես, սակայն ավելի շուտ հասա ԱԺ: Մարդիկ, ովքեր սովորաբար օգնում են ինձ, սայլակս են բեռնախցիկից տալիս, կամ ԱԺ-ում չէին, կամ անհասանելի էին: Բայց դե դա խնդիր չէ, քանի որ ԱԺ բակում միշտ էլ մարդ կա և ես առաջին պատահածին խնդրեցի տալ սայլակը: Հիմնականում ճաշում եմ ԱԺ-ում, բայց ոչ բուֆետում, քանի որ բուֆետն էլ է անմատչելի, այլ իմ սենյակում: Զանգահարում եմ բուֆետի աշխատակցին, ով ասում է, թե ինչ ունեն և բերում է այն, ինչ պատվիրում եմ: Վերջին օրերը ԱԺ-ում նվիրված են 2014 թվի բյուջեի քննարկումներին, իսկ փորձագետները մեր խմբակցությունում այսօր ներկայացնում էին առաջարկները: Իմ առաջարկը նվիրված էր հաշմանդամային սպորտին տրամադրվող գումարի ավելացմանը:Տեսնենք ինչ կասի իշխող կուսակցության կառավարությունը: Ժամը 5-ին Պռոշյան փողոց գնացի, որտեղ հանդիպում ունեի, բայց քանի որ Հայաստանում բոլոր նորակառույցները ի սկզբանե օրենքի խախտումով են կառուցվում, ես չկարողացա բարձրանալ երկրորդ հարգում գտնվող գրասենյակ, ուստի մեր հանդիպումը կայացավ սրճարանում, չնայած սրճարան մտնելու համար էլ էր պետք հաղթահարել մի երկու աստիճան: Շատ անգամ հանդիպումներս անցնում են ավտոմեքենայումս, եթե մոտակայքում հարմար տեղ չի լինում, կամ էլ գրասենյակն էլ անմատչելի է լինում:
Պռոշյանի հանդիպումից հետո ավտոմեքենայիս բեռնախցիկը լավ չէին փակել և ստիպված եղա խնդրել Դեմիրճյան Պռոշյան խաչմերուկի կանգնած ՃՈ-ին փակել:
Դժվար է անցնում հաշմանդամություն ունեցող մարդու օրը: Կախվածությունը ուրիշներից շատ է և բազմապատկվում է շինությունների անմատչելիության պատճառով: Իհարկե ամեն ք նգամ դիմելը օտար մարդկանց հոգնեցնում է, բայց դե ինչ անենմ, ստիպված եմ, հակառակ դեպքում պետք է տանը նստեմ:
Շնորհակալ եմ Աստծուց, որ Դավոն կա մեր կյանքում և իր գոյությամբ օգնում է օրվա վերջում կուտակված բացասական լիցքերից ազատվել:
Իսկ թե օրս ինչպես է ավարտվում, կգրեմ ավելի ուշ: