Թողարկման է պատրաստվում Google Glass-ի նոր տարբերակը: Google-ն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցում իր Google+ էջի միջոցով՝ հայտնելով այն մասին, որ Glass Explorer տարբերակի ներկայիս սեփականատերերը հնարավորություն կունենան առավել նոր տարբերակով թարմացնելու իրենց ակնոցները: Google Glass-ի նորացված տարբերակի կարևոր նորամուծություններից մեկը կուրախացնի նրանց, ովքեր տեսողական խնդիրների պատճառով արդեն իսկ ակնոց են կրում:
Google-ը մտադիր է առաջարկել «շրջանակների և նույնիսկ մգեցված ապակիների տարբեր ձևեր»: Երկրորդ սերնդի ակնոցը, ի թիվս այլ առավելությունների ու նորարարությունների, կունենա մոնոդինամիկ (ներդիր) և ամենայն հավանականությամբ կփոխարինի ձայնի փոխադրման սարքին, որ օգտագործվում է ներկայիս տարբերակում: Շատերին այս տեխնոլոգիան դուր չի եկել, իսկ որոշ դեպքերում գրանցվել են նույնիսկ դրա երկարատև օգտագործման արդյունքում առաջացած բացասական հետևանքներ (օրինակ՝ գլխացավ): Եվ ահա մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն… Մոնոդինամիկը ևս իրավիճակից լավագույն ելքը չէ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են երաժշտություն լսել Google Glass-ի միջոցով:
Բացի այդ Google-ը հայտարարել է, որ Glass Explorer-ի սեփականատերերը կստանան Glass ծրագրին մասնակցության 3 հրավիրատոմս, որոնցով կարող են կիսվել նաև իրենց ընկերների հետ: Սակայն Google-ում դեռևս չեն նշել՝ արդյոք այդպիսի «trade-in ծրագիրը» կպահանջի որոշակի լրացուցիչ ֆինանսական ներդրում: Պարզապես նշել են, որ ներկայիս Glass-ի սեփականատերերը կստանան նման հնարավորություն: Տվյալ պարագայում միակ խորհուրդը կլինի հաճախակի ստուգել էլեկտրոնային փոստը: Շատ հավանական է, որ Google-ը ծրագրի սկզբունքը մանրամասնորեն բացատրի յուրաքանչյուր սեփականատիրոջ առանձին' փակ նամակագրության միջոցով: Բուն ծրագիրը կսկսվի սույն տարվա նոյեմբեր ամսից: