Ողջույն հարգելի ընթերցողներ, ներողություն եմ խնդրում երկար ժամանակ անհետանալու համար, քաղաքում չէի :)
Ահա թե ինչ նամակ եմ ստացել վերջերս:
«Բարև Միա ջան,
Ուզում եմ քեզանից մի խորհորդ հարցնել մի խնդրի վերաբերյալ, որ ունեմ ես հիմա: Ես ամուսնացած եմ արդեն երկու տարի, երեխաներ չունեմ, ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ սեքսով զբաղվեցի նրա ամենամտերիմ ընկերոջ հետ, դա պահի ազդեցություն էր, և երկուսս էլ դա չէինք ուզում, բայց դե չկարողացանք դիմադրել կրքին ու դա տեղի ունեցավ: Սկզբում դա ընդամենը սեքս էր, սակայն պարբերաբար դա կրկնում էինք, իսկ հիմա կարծես կապվածություն լինի, մենք չենք կարողանում կանգ առնել, ամեն անգամ փորձում ենք խուսափել, բայց կրկին հայտնվում ենք անկողնում ու մերկ: Ճիշտ է ամուսինս էլ անկողնում շատ լավն է, բայց նա ուրիշ է, անկողնում նրա նմանը չկա, և մեզ մոտ ոչ թե դասական սեքս է լինում, ինչպիսին ունենում եմ ամուսնուս հետ, այլ իսկական փոթորիկ, դա ինձ շատ է դուր գալիս և դրանից խուսափելը գնալով անհնար է դառնում: Ես էլ, ամուսնուս ընկերն էլ մեզ մեղավոր ենք զգում, մենք դավաճանում ենք մեկին, ում շատ ենք սիրում, բայց չենք էլ կարողանում կանգ առնել, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ այսուհետ, խոստովանեմ ամուսնուս և թողնեմ լինի այն ինչ լինելու է, դադարեմ քնել նրա ընկերոջ հետ, թե՞ շարունակեմ գաղտնի սեքսով զբաղվել նրա մտերիմ ընկերոջ հետ: Շատ եմ խնդրում ինձ մի ուղղություն տուր այս հարցի վերաբերյալ»:
Բարև, հարգելի նամակագիր: Նախ թույլ տուր մի համարձակ հայտարարություն անել, որ ամուսնական դավաճանությունն ամենածանր մեղքերից է' ինչով էլ փորձես արդարացնել այն: Լինի կիրք, սեր, ձանձրույթ, էքստրիմի հանդեպ սեր, թե այլ բան, դավաճանությունն արդարացում չունի: Դու ինքդ էլ գիտակցում ես, որ սխալ բան ես արել և անում: Մի կողմ դնենք ամուսնուդ ընկերոջը, ով դավաճան-ընկեր լինելուց զատ սովորական տղամարդ է, ում համար կապ չունի, թե ում հետ, որտեղ, ինչպես, թեկուզ լինի իր մտերիմ ընկերոջ ամուսնական անկողինը: Տղամարդիկ հիմնականում այդպիսին են, ի՞նչ արած: Բայց դու կին ես: Հիշիր, որ խորանում երդում ես տվել հավատարիմ մնալ ամուսնուդ, հիշիր, որ կնոջ համար առաջնայինը բնազդները չեն: Ինչպես հասկանում եմ' ձեզ մոտ միայն կենդանական կիրքն է իշխում, այսինքն զգացմունքների մասին խոսք չկա: Այդ դեպքում արժե՞ խելահեղ սեքսի համար խարխլել սեփական ընտանիքի բարոյական հիմքը, չէ՞ որ վաղը չէ մյուս օրը գուցե ձեր ընտանիքում երեխաներ հայտնվեն, ինչպե՞ս ես կարողանալու նրանց լիարժեք դաստիարակել ու արժանի մարդ մեծացնել, երբ ինքդ վտանգված բարոյական համակարգ ունես: Անկեղծ չեմ կարող որևէ հստակ խորհուրդ տալ, կարող եմ միայն տարբերակներ առաջարկել, որովհետև վերջնական որոշում միայն ու միայն ինքդ ես կայացնելու: Նախ կարծում եմ, որ անիմաստ է ամուսնուն որևէ բան խոստովանել, որովհետև դրանով միայն նրան ես սթրեսի ենթարկելու և ցավ պատճառելու, խոստովանելով սեփական դավաճանությունը գետնին ես հավասարեցնելու նրա տղամարդկային ինքնասիրությունը, միայն այդքանը: Եթե նրան գոնե հարգում ես, ապա խուսափիր ամուսնուդ որևէ բան խոստովանելուց: Վերջիվերջո առաջինն ու վերջինը չես, որ դավաճանում ես կողակցիդ, այսինքն կարող ես չդիմել կտրուկ քայլերի, պարզապես կարող ես իսպառ խզել կապդ ամուսնուդ ընկերոջ հետ, դադարեցնել ձեր հանդիպումները և փորձել մոռանալ այն ամենը, ինչ եղել է ձեր միջև: Կյանքիդ այս փուլը լավ դաս կլինի քեզ համար, և դու կհասկանաս, որ մեր գործած մեղքերի համար վերջիվերջո պատասխան պիտի տանք, ոչինչ անպատասխան չի անցնում: Իսկ եթե առանց ամուսնուդ ընկերոջ հետ անմահական սեքսի կյանքդ չես պատկերացնում, ապա լավագույն տարբերակը կլինի ամուսնալուծվել, բայց այլ պատճառ բերելով ամուսնուդ համար, որովհետև ինչպես վերում նշեցի, պետք չի նրան այդքան ցավեցնել: Միայն թե չես կարող շարունակել ապրել այդ կյանքով, դա ինքդ էլ գիտես: Ամեն դեպքում որոշում կայացնողն ինքդ ես, ես միայն այսքանը կարող եմ քեզ խորհուրդ տալ: Բայց ինչ էլ որոշես' հաշվի առ, որ մենք պատասխանատու ենք մեր ամեն քայլի համար ոչ միայն ինքներս մեր, այլև մեր հարազատների և հասարակության առջև: Քեզ երջանկություն ու խոհեմություն եմ մաղթում ամեն դեպքում: