Այսօր Ճապոնիան ամենաարագ ծերացող բնակչությամբ երկիրն է աշխարհում և պատմության մեջ առաջին խոշոր երկիրը, որի բնակչությունը սկսել է բնական պատճառներով արագորեն նվազել: Նրա բնակչության միջին տարիքը' 44 տարեկան, և կյանքի տևողությունը' 83 տարի, ամենաբարձրներից է, իսկ ծնելիության մակարդակը' (1.4 երեխա) ամենացածրներից: Հետագա 40 տարիներին նրա բնակչությունը, որ այսօր հավասար է 127 միլիոնի, ըստ կանխատեսումների, նվազելու է 38 միլիոնով: 2050 թվականին 10 ճապոնացիներից 4-ի տարիքը լինելու է 65-ից բարձր:
Ճապոնիայի տնտեսական աճի հեռանկարների համար առավել նշանակալի է աշխատանքային տարիքի' 15-64 տարեկան բնակչության կրճատումը, որը դիտվում է 1996 թվականից ի վեր: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող 50 տարում արագ աճող աշխատուժի քանակը և արտադրողականության աճն ապահովեցին տնտեսական հրաշքը: Երկու սերունդների ընթացքում աշխատունակ տարիքի բնակչությունը ավելացավ 37 միլիոնով, իսկ Ճապոնիան փլատակներից վերածվեց աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության:
Հետագա 40 տարիների ընթացքում կդիտվի այս պրոցեսի շրջադարձ: Աշխատունակ տարիքի բնակչությունը կկրճատվի այնպիսի արագությամբ, որ 2050 թվականին ավելի փոքր կլինի 1950 թվականի աշխատունակ բնակչության թվից: Եթե Ճապոնիայի արտադրողականությունը չաճի ավելի արագ, քան աշխատուժի կրճատման տեմպն է, նրա տնտեսությունը կփոքրանա: Այս տարում արդեն նրան շրջանցեց Չինաստանը:
Դեմոգրաֆիական այսպիսի զարգացումը լրջորեն կարող է սրել Ճապոնիայի պարտքային և դեֆլյացիոն հիմնախնդիրները: Եթե կենսաթոշակային տարիքը չբարձրացվի կյանքի տևողությանը համապատասխան, ապա ծերացման պրոցեսը կբարձրացնի կենսաթոշակային ծախսերը: Կառավարության ավագ ժողովրդագրագետ Շիգեսատո Տակահաշիի կարծիքով սա կթուլացնի Ճապոնիայի սոցիալական ապահովության համակարգի հիմքերը: Այն կարող է արմատավորել դեֆլյացիան երկրում: Աշխատողների պակասուրդը կբարձրացնի աշխատանքի վարձատրության ծախսերը, իսկ ձեռնարկությունները կկրճատեն նոր արտադրական ներդրումները: