Փաթիլը ջերմաստիճանի հետ կռիվ տալուց հետո մի կերպ ողջ-առողջ իջավ ու նստեց ուղիղ թարթիչիս վրա: Հալվեց: Կռիվն իզուր էր, փաստորեն: Լղոզեց խնամքով քսած թարթչաներկս: Դե արի ու անցորդներին բացատրի, որ աչքերիդ տակի մուրը ոչ թե արցունքների, այլ փաթիլի ձեռքի գործն է: Թեև, լացելու ցանկություն իսկապես կա: Մանվանդ որ' ոտքերս են սառչել: Լացելու համար դրանից էլ լա՞վ առիթ: Թեև' ես քայլում եմ գրեթե ամայի փողոցով, ո՞վ պիտի զարմանա իմ լղոզված թարթչաներկի վրա: Փողոցն այնքան նեղ է ու սառած, որ աշխարհի ամենամինուճար տաքսիստին ամենամեծ վարձավճարով հազիվ թե համոզես անցնել այդտեղով: Քայլելիս ես լսում եմ միայն սեփական շնչառությունս, ոտքերիս' ձյան մեջ մխրճվելուց առաջացած ճռճռոցն ու էլ ոչինչ: Իսկ երբ կանգնում եմ' սառցաշերտերը շրջանցելու նպատակով գերմարդկային տրյուկներ մտածելու համար, լսում եմ թափվող փաթիլների ձայնը…Դրանք այնքան եթերային ու խուլ են, որ բավական է' անգամ անշշուկ շնչեմ-արտաշնչեմ, որ իսկույն հեռվանան: Աշխարհի ոչ մի լեզու չունի այնպիսի բառ, որով հնարավոր կլինի նկարագրել ընկնող փաթիլի ձայնը:
Քայլում եմ անշտապ' սառցե կոպիտ բլուրները շրջանցելով ու մտածում, որ ամեն փաթիլ երկնքից ընկնելիս երազում է հայտնվել ձյան հաստ շերտերի վրա, որպեսզի չհալչի-գնա, այլ մնա' ինքն էլ ձմռան մասնիկ դառնալով: Մտածում եմ' ինչ մեղք էր քիչ առաջ թարթչիս ընկած փաթիլը: Ես գուցե սպանեցի նրա երազանքը: Նա օդում կռիվ էր տվել ջերմաստիճանի հետ' ողջ-առողջ տեղ հասնելու համար…Օդը տաք է:
Դատարկ ու սառած փողոցում ոչինչ չի խանգարում ինձ կատարյալ երջանիկ զգալու համար, գումարած' փաթիլների ընկնելու ձայնը և հանած' հենց նոր թարթչիս վրա մահացած փաթիլը:
Հասնում եմ տուն: Դուռը բացելիս զգում եմ հենց նոր տապակած բլինչիկների հոտն ու մտածում, որ քիչ առաջ պատկերացրածս երջանկությունն ամենևին էլ կատարյալ չէ, քանի դեռ չեմ զգում «տան հոտը»: «Ամեն տուն իր հոտն ունի»,-արդեն չգիտեմ, թե որերորդ միտքն անցավ ուղեղովս: Հանում եմ վերարկուս, որի գրպանի երկաթյա կոճակի վրա անհույս մեռնում է մի փաթիլ: Տունը տաք է:
Երանի ձմռան հաջորդ ամիսներն անձյուն անցնեն: Մեռնող փաթիլների մասին չէ, որ մտածում եմ, պարզապես ուզում եմ, որ ցուրտ կացարաններում, բացի ձմռան հոտից, տարածվի նաև թարմ տապակած բլինչիկների հոտը, որ յուրաքանչյուր բնակարանից տան հոտ գա:
Չէ, ձմեռը սիրում եմ: Ջեկ Լոնդոն կարդացածներն ինձ կհասկանան: Պարզապես իմ պատկերացրած երջանկության մեջ չեն տեղավորվում ցուրտ ձմեռն ու տանիք չունեցողները: Հաջորդ առավոտ ավելի տաք կհագնվեմ: Ասում են' ձյուն չի գալու: