Ադրբեջանում հետընտրական զարգացումների եւ այդ պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ «Հայ զինվորի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, ք.գ.թ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ:

-Իլհամ Ալիեւի առաջին կադրային նշանակման հետեւանքով պաշտպանության նախարարի պաշտոնում ազգությամբ լեզգի Սաֆար Աբիեւին փոխարինեց Զաքիր Հասանովը: Այս փոփոխությունը որակվեց որպես երկրում ազգային փոքրամասնությունների դիրքերը թուլացնելու փորձ:

- Այո՛, փոփոխությունը կարելի է դիտարկել նաեւ այդ տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ռազմական ակադեմիայի կուրսանտները պարբերաբար նամակներ են հրապարակում մամուլում, որոնք ուղղված են Իլհամ Ալիեւին: Նրանք նշում են, որ իրենց ղեկավարության եւ սպայական կազմի զգալի մասը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, հիմնականում լեզգիներ ու ավարներ, եւ այս փաստը որակվում է որպես Սաֆար Աբիեւի շովինիստական քաղաքականության դրսևորում, ընդգծվում էր, որ ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում պետականության ապագայի համար: Պաշտպանության նախարարի փոփոխության մյուս պատճառն այն է, որ այս ոլորտում իրավիճակը չի բարելավվում: Պաշտոնական տվյալների համաձայն' անցած տարի ադրբեջանական ԶՈՒ կորուստները հասել են 100-ի, դրանց 70%-ը' ոչ մարտական պայմաններում: Բանակում խնդիրները շատ են, օրինակ՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ Նախիջեւանի շրջանում ծառայող երիտասարդներին ստիպում են Իրանի տարածքում աղբամաններից շիշ հավաքել, որպեսզի իրենց հրամանատարները գումար վաստակեն: Սակայն հարց է' կհաջողվի՞ արդյոք Զաքիր Հասանովին փոխել իրավիճակը: Նա մինչ այդ եղել է Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը: Այս կառույցը թիկունքային է, սակայն անցած տարվա ընթացքում չորս զոհ է ունեցել, որից երկուսը ինքնասպանություն, այսինքն՝ այս մարդու կողմից վերահսկվող համակարգում էլ են խնդիրներ եղել: Զաքիր Հասանովը այդ կառույցն օգտագործել է երկրում անկարգություններն ու բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու գործընթացում, եւ դրա համար էլ պարգեւատրվել է նոր պաշտոնով ու գեներալ-գնդապետի կոչումով: Փաստորեն, այս նշանակման նպատակը ոչ թե բանակում բարեփոխումներ իրականացնելն է, այլ իշխանության ամրապնդումը: Ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Հասանովը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին եւ նշել, որ պատերազմի դեպքում ադրբեջանական բանակը հարձակվող է լինելու, ուստի ավելի շատ ուշադրություն է հատկացնելու բանակի մարտական պատրաստությանը: Նա ասել է, որ զորավարժությունների արդյունավետ անցկացման համար Բաքվից ոչ հեռու հատկացվել է մի տարածք, որի աշխարհագրական պայմանները շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի լեռնային լանդշաֆտին: Հասանովը պատերազմի տարիներին աշխատում էր Ալթայի մարզային զինկոմիսարիատում: Ըստ հրապարակված կենսագրության՝ նա Ադրբեջան է վերադարձել 1993 թվականին: Ադրբեջանական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին նրա մասնակցության մասին: Աբիեւն, իհարկե, ավելի վատ օրինակ է, նա այն հրամանատարներից էր, որոնք փախչում էին պատերազմի դաշտից, բայց Հասանովը, որը ժամանակին պատերազմի չի մասնակցել, այսօր որոշել է զինվորներին նախապատրաստել կռվելու: Սադրանքները, սպառնալիքները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության տապալումը ցույց են տալիս, որ նորանշանակ պաշտպանության նախարարը Սաֆար Աբիեւից ոչնչով չի տարբերվում:

Զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ' http://www.hayzinvor.am/22966.html

Զրուցեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ