Փշրված ապակու կտորները հավաքելու համար բավական էր մի փոքր կռանալ աթոռին նստած դիրքից:

Անբնականորեն երկար ձեռքեր ուներ Նաթելը: Նրա վերջույթները անհամապատասխան էին թվում ամբողջ մարմնի համեմատությամբ: Պարանոցի երկարությունն արդարացնում էր դա, բայց ավելի էր ընդգծվում կլորիկ գլխի անհարմար դիրքը: Մոլորված, ուրիշ մարմնից փախած էր թվում նրա սիրուն երեսը՝ համաչափ դիմագծեր, երկար, ուղիղ հոնքեր, մոխրագույն, փափուկ հայացք: Լավ գիտեր, որ ինքն իր ամբողջ արտաքինով հպարտանալու առիթ չունի, բայց դեմքի գրավչությունը շատ էր հավանում, հատկապես, որ հայելուն նայելիս մնացած անհամաչափությունները չէր տեսնում: Երբ նոր էր ամուսնացել ու առաջին անգամ վիճեց սկեսրոջ հետ, նրանից մի թունոտ քմծիծաղ ու չարությունից ավելի պատկերավոր դարձած արտահայտություն նվեր ստացավ, որ հետագայում ասում էին բոլոր տանեցիները.< Հերն ու մերդ քեզ էստեղից-էնտեղից գտած կտորներով են հավաքել, աղջիկ են սարքել ու կապել մեր ջանին, խրտվիլա՛կ.. >:Նույնիսկ ամուսինը մի քանի անգամ երեսին էր նետել էդ չարախոսությունը, իբրև սրամիտ կատակ: Նաթելը շատ ներողամիտ ու հասկացող մարդ էր, բայց ժպտալ չէր կարողանում մի բանի վրա, ինչն իրեն դժբախտացրել էր այն պահից, հենց առաջին անգամ գիտակցեց, որ հայելու արտացոլանքը հենց ինքն է: Դպրոցում դառը տարիներ անցան. Միշտ երկար ձեռքերը խոթում էր պայուսակի մեջ, ոտքերը՝ նստարանի տակ, վիզը՝ կախ: Գիտակցությունը ճնշում էր: Փորձում էր կուչ բերել անճոռնի մարմնի անհամաչափությունները, կոկորդը սեղմվում էր հուսահատությունից: Օր օրի բոյ էր քաշում, դառնում ավելի անշնորհք, երկար ու տձև: Դառն էր նրա պատանեկությունը: Գյուղում ծաղրում էին, դառնությւոն պատճառելով նրա ընտանիքին: Նաթելի հայրը չափազանց բարձր հասակով, երկար ձեռք ու ոտքով, շատ նիհար մարդ էր: Մայրը՝ կլորիկ, ցածրահասակ, սիրուն բարի ու խիստ դուրեկան:Ամուսինները շատ էին սիրում իրար: Արդյունքում ծնվել էր նրանց միակ երեխան ու ծնողներից ժառանգել այս արտաքինը: Նա ինքն իր համար որոշել էր՝ եթե երբևէ ամուսնանա շատ երեխաներ կունենա, մեծ ընտանիք, իր ծնողների նման կսիրի իր տաք օջախն ու բարի կժպտա ամեն լուսաբացի հետ, օրհնելով արևն ու լույսը:

Հենց այն պահին, երբ Նաթելը փորձեց կռանալ ու հատակից հավաքել զարմանալիորեն երեք կտորի բաժանված գավաթը, դուռն աղմուկով բացվեց, ներս լցվեցին նրա երեք տղաները: Երեքն էլ հորն էին նման ու մեկը մյուսից միայն հասակով էին տարբերվում: Ամենափոքրի ձեռքին կատվի նորածին ձագուկ կար: Մինչ մայրը փորձում էր նրանց բարձրացրած աղմուկից մի բան կռահել, աչքովն ընկավ սենյակ մտնող մայր կատվի անհանգիստ ու զայրացած քայլվածքը:
-Էրեխեք, չեղավ, տվեք էստեղ կատվին, մայրը ձեզ կվնասի:
Փոքրիկները աղմուկ բարձրացրին, բայց Նաթելն արդեն աթոռից բարձրացել էր, նրանց ձեռքից խլել կատվիկին ու դուրս էր տանում, աչքի պոչով տեսնելով տղաների թթված ու լացակումած դեմքերը: Մայր կատուն արդեն իր ոտքերին քսմսվելով առաջ էր ընկել, անհանգիստ պահվածքով ցուցադրելով, որ պատրաստ է նրա վրա էլ հարձակվել, միայն պաշտպանի իր ձագին: Նաթելը արդեն կռացել էր արկղի վրա, ձեռքից զգույշ ցած դրել մոխրագույն, դողացող < կծիկը >: Սիրտը փուլ եկավ, երբ մայր կատուն սկսեց լիզել իրեն խիստ նման ձագին: Նա արցունքոտ ժպտաց, ուղղվեց, քայլեց դեպի իր սենյակը: Օրորոցի մեջ քնած ութ ամսեկան դուստր ուներ: Ամեն բարի լույսի հետ խոնարհվում էր նրա վրա, շոյում ձեռք ու ոտքը, զննում մատղաշ եղունգներով մատները:
-Ինձ չնմանվես, ձա՛գս, շատ եմ խնդրում: Սիրուն մարմին ունեցի, հպարտ քայլի ես հողի վրայով, որ նայեն ու ասեն. <   Տեսե՛ք, Նաթելի աղջիկն է, մորը չի գցել  >:
Երեխան քնի մեջ ժպտաց, որովհետև մայրը նորից խոշոր ափերով շոշափում էր նրա ոտքերը:

Հանկարծ հիշեց կոտրված գավաթը, համարյա վազելով գնաց հյուրասենյակ: Երեխաների աղմուկը բակից լսեց, ականջ դրեց: Ամեն բան հանգիստ էր: Թեթևացած շունչ քաշեց, քայլեց ուղիղ դեպի ապակու կտորներն ու կռանալով սկսեց հավաքել բեկորները: Ցրված մտքերը կենտրոնացան, սիրտը սեղմվեց: Ամուսինը նախորդ օրը բակով մեկ ետևից նետել էր. <  Տնաշենի կնի՛կ,մարդավարի քայլի գոնե..ուրիշներին նայում ես, բերնիդ ջրերը գնում են: Մարդու ձեռ ու ոտ ունեն… >: Նաթելի աչքերում լճացավ ցավը: Ուսերը անշնորհք թոթվեց, ծուռ ժպտաց, երեկվա չասած խոսքը, հիմա քթի տակ ասաց.
-Է՞, նրանց ուզեի՛ր: Թե Նաթելի հերն ու մերը հսկա տուն ունեին, դու էլ ապրելու տեղ չունեիր: Թող մի երեխաներս մեծանան՝ առո՛ղջ, սիրու՛ն, ուժե՛ղ…Տեսնեմ ով էլ կնկատի, որ Նաթելի ձեռն ու ոտը անշնորհք են: Բայց աշխատելիս հեչ էլ չեն խանգարում:
Անզգույշ ցած գցած գավաթի բեկորները ափի մեջ պահած Նաթելը ուղղվեց ամբողջ հասակով:

Հենց բակում երեխաները աղմկում ու վազվզում են: Հսկա խնձորենին բեռնավորված ճյուղերը սեղմել է պատուհանի կիսաբաց փեղկին: Մի փունջ սև ամպ թառել է տանիքին: Հողը առատություն է բուրում: Օրորոցի մեջ քնած Անուշիկն էլ արդեն ճչալու փորձեր է անում:

Նաթելը աշխարհին բարի ժպիտով նայելու այսքան պատճառ ունի….

Նազիկ Հակոբյան