Ես երևի արև չլինեի
Ես երևի այն չլինեի, ինչ կամ, եթե քեզ հանդիպած չլինեի: Քեզ հետ ես սովորեցի հավատալ ինքս ինձ, դիմացինին, մարդկանց, Աստծուն, բնությանը: Դու ինձ հավատ տվեցիր: Գիտե՞ս, երբ մեր առաջին ժամադրությանը դու ինձ պատարագի տարար, ես հավատ գնեցի' վաճառելով հիշողություններս:
Ես երևի չապրեի այնպես, ինչպես ապրում եմ, եթե չընդունեի քեզ' որպես նվեր ճակատագրից: Քո կողքին ես ազատ եմ շնչում, քո կողքին ես չեմ վախենում: Դու ինձ սեր տվեցիր, այնպիսի սեր, որ կործանելու, ջարդելու ու փշրելու փոխարեն ապրեցնում է, ոտքի կանգնեցնում ու առաջ մղում:
Ես երևի չմտածեի, որ կյանքն իսկապես նվեր է, եթե դու չբարևեիր ինձ: Քեզ համար ապրելով ես ցանկանում եմ ապրեցնել ամենը, ինչ իմաստ չի տեսնում ապրելու: Դու ինձ մի աշխարհ տվեցիր, որտեղ մենք իրավունք ունենք ու պարտավոր ենք երջանիկ լինել: Երջանկությունը սիրո մեջ է:
Ես երևի մոռանայի, թե ով կա սրտիցս այն կողմ, եթե դու չբռնեիր ձեռքս: Քո մեջ ինձ տեսնելով' ես տեսա Աստծուն. նա ամենքիս մեջ է: Դու ինձ սովորեցրիր, որ հարաբերությունները ավտոմեքենայի նման են. առաջ գնալու համար մարտկոց է պետք. ես ուզում եմ հավատալ, որ կա հավերժական շարժիչ. դա սերն է:
Ես երևի ես չէի լինի, ես երևի արև չլինեի…