Հեղինակ ՝ Թերեզա Հովհաննիսյան
Դժվար է խոստովանել և միաժամանակ այդ մեղավոր խոստովանությունը գրել: Ինչևէ, կփորձեմ անկեղծ լինել, պարզ ու հստակ խոսել:
Դու իմ կյանքը գույնզգույն դարձրիր, բայց այդ գույները գնալով մարում են, ապագան դառնում է իմը, ոչ թե մերը, չքանում են կարոտը, իրար հետ երկար փայփայած իղձերն ու ցանկությունները: Մատներս սառում են, իսկ դու չես էլ նկատում. հոգիս էլ է դողում: Ուզում եմ, որ մրսած հոգիս մնա որպես մեր խենթ սիրո բաժանումից մարած ու անշնչացած սառը մարմին իմ մեջ:
Այժմ փափուկ ձյունը պար է գալիս օդում այնպես անբիծ, ինչպես մեր թաքուն հայացքներն էին առաջին հանդիպմանը: Պատահական գտա քեզ ելույթիս ժամանակ: Նայում էինք իրար երեխայական պարզությամբ, ժպտում, խենթանում ու տաքացնում մեր ջերմության կարոտ աչքերը: Առաջինը դու մոտեցար, սկսեցիր հաճոյախոսել. ավա՜ղ այժմ չեմ հիշում նվիրածդ շռայլ շնորհավորանքները: Քո համառ կամքով ու համարձակությամբ հմայեցի երազկոտ սիրտս, տարար քո աշխարհ, ուր կախարդանք կար՝ միշտ շողացող արևներ, հավերժահարսեր, անմեռ թիթեռներ, շուշաններ….ա՜հ, կրկին փախչեցի իրականությունից: Մեր հանդիպումները հաճախակի դարձան, որոնք իրարից ոչնչով չէին տարբերվում. դու ամաչում էիր, իսկ ես երես առնում քո ամաչկոտությունից, մեղմությունից ու նվիրածդ շոկոլադներից: Ժամանակին հաճախ էի հիշում մեր առաջին հանդիպումը, ապա գողացված առաջին համբույրը, միասին հաշված աստղերը, նվիրածդ ծաղիկների անունները, իսկ այժմ մոռացել եմ նույնիսկ մեր վերջին հեռախոսազրույցը:
Կրկին հեռացել եմ այնտեղ, ուր սեր չկա, կրկին փակվել եմ խխունջի պես, թաքնվել ձյան տակ: Կներես, բայց հրաժեշտ տալու համարձակություն չունեցա: Ամանորին տանը չեմ լինելու, չեմ ուզում, որ ինձ շնորհավորես, սակայն քեզ համար, սովորության համաձայն, նվեր եմ պատրաստել իմ բարի ու սառը ԸՆԿԵՐ: Գույները մարում են, շենքերը պատվել են ճերմակ շղարշով. ձյունը մեր փողոցային սովորական սերն էլ է ծածկեց՝ մաքրելով բծերից, փոշիացնելով դժգույն հուշերը: Ձյունը ջնջեց թաց ոտնահետքերդ՝ մոռացման մատնելով քո գոյությունը:
Նվիրածդ ծաղիկները թոշնեցին ու անանուն դարձան, աստղերն անհետացան, հոգիս դողում է դեռ, երևի ներման կարիք ունի: Ներիր ինձ մեր չստացված պատրանքի ու հաշիվները մոռանալու համար:
Henzo Manucharyan-ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ
около минуты назад