Հիմա , երբ պատեհ, անպատեհ մշտապես հղում են կատարում "ազգային ավանդույթներին" և նրանց պնդում են այդ ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը, նկատի ունեն նաև այս "Ողբ"-ական վիճակի պահպանման անհրաժեշտության մասին, որի զարմանալի հետևողականությամբ չփոփոխելու հետևանքով շարունակաբար ունենում ենք կորուստներ, խնդիրներ, ...

Թե, այնուամենայնիվ հենց նման "ազգային ավանդույթների" վերջապես փոփոխության, հաղթահարման միջոցով միայն կարող ենք գտնել մեր հավերժական թվացող խնդիրների լուծման ճանապարհը, բանալին և հնարավորությունը??

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
Մովսես Խորենացի

ՈՂԲ

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:

.....

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը. կորա~վ ժողովուրդը, ծածկվե~ց նավահանգիստը, լքե~ց օգնականը. լռե~ց խրախուսիչ ձայնը:

Ո՞վ այսուհետև պիտի հարգե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե' մասամբ իր որդուցս հաղթվելով: Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված' շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը. ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց): Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի լռության:

........

Ուսուցիչները' տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:

Կրոնավորները' կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:

Վիճակավորները/ թեմերի առաջնորդները/' հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:

Աշակերտները' սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած' աստվածաբան են:

Ժողովրդականները' ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող10:

Զիվորականները' անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:

Իշխանները' ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:

Դատավորները' տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:

.......

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս:

Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար:

Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: