Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում:
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ:
Հիմա դու չկա՜ս,
Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձա'
Մի սովորակա՜ն-աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում…
Ինձ արդեն վաղո՜ւց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
Եվ փնտրու եմ քեզ,
Սակայն չեմ գտնում,
Ու կանչում եմ քեզ,
Բայց ձայն չես տալիս.
Տարածություն է ընկած մեր միջև
Ինչպես մի սահմա՛ն,
Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց:
Ինկ մենք – թշնամի՞…
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ-որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ' իմ սիրտն է քնած:
Հեռու ես, հեռո՜ւխ
Ու ձայն չես տա ինձ' որքան էլ ձայն տամ:
Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չեմ գտնի քեզ' որքա՛ն էլ փնտրեմ:
Բայց… մի՞թե սրտին բան կհասկացնես:
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջ եմ նայում:
Մայթերը լի են ժպիտ-ծիծաղով,
«Ներողություն»-ով ու «համեցեք»-ով,
«Ցտեսություն»-ով ու «բարև»-ներով.
Բոլո՛րն այստեղ են – իրենց տեղերում,
Միայն դո՛ւ չկաս – իմ սիրտն է թափուր…
Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ գիտե՞ս, ես էլ եմ նախանձ:
Նախանձում եմ սիրող զույգերի՜ն.
Շրջում են գրկվոծ, ձեռք-ձեռքի, կիպ-կից:
Մենակ եմ լոկ ե՛ս,
Դո՛ւ չկաս, լոկ դու:
Ձեռքի ափերը հալվել են ուզում:
Ո՞ւր է կրակը.
Քո ձե՜ռքը չկա:
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
Ո՞ւր են ուսերդ,
Եվ լանջդ ուր է:
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
Սիրա՛ծ ծաղիկդ:
Ես ո՞ւմ նվիրեմ:
Հեռախոսային խցերն ազատ են,
Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում:
Ո՞ւմ զանգահարեմ, եթե դու չկաս:
Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը' սառած լավայով:
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ'
Ա՛յժըմ և ընդմի՜շտ:
Ա՛յժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից' արդեն
Շերտավոր եմ ես,
Ինչպես հովազը:
Ա՜խ, երանի թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի'
Ցանկացա՜ծ գնով:
Եվ ո՜ւր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչո՞ւ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի…
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը
Ու ես ապրում եմ'
Այդպե՛ս վառվելով:
Դու կարծես չկաս
Ու չես լինելու,
Այլևս ինձ համար մեռած ես կարծես:
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի
Կվառվի այլուր:
Եվ դու – ինձ համար – չե՜ս մեռնի երբեք,
Ինչպես չի մեռել
Քո նախա-նախա-նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն է կրում,
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի,
Եվ ի հակառակ' անկասկա՛ծ ասել
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն' իր ծաղկելը,
Ցուլն' իր բառաչը,
Եվ ժամապահն' իր նշանաբանը,
Սակայն ո՛չ ես' քե՜զ,