Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների և լրագրողների հարցերին, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի բաց նամակի վերահասցեագրումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ի՞նչ նպատակներ էր հետապնդում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայկ Քոթանջյանի այդ քայլը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը.
Հայկ Քոթանջյանի նամակը նախագահական նստավայրից Զորի Բալայանի նամակի պատվիրված լինելը քողարկելու և դրա միակողմանիությունը հավասարակշռելու անհաջող փորձ էր:
Ինչո՞ւ անհաջող: Որովհետև Հայկ Սարգիսովիչը պաշտոնաթող սպա չէ, այլ իրական զինվորական ծառայության մեջ գտնվող գեներալ: Եթե դուք բացեք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, կտեսնեք Հայկ Քոթանջյանի պագոններով լուսանկարը և կտեղեկանաք, որ նա ընդգրկված է ոչ թե ՊՆ-ի քաղծառայողների, այլ գործող զինվորականների կազմում: Պաշտպանության նախարարությունն ուժային կառույց է և իրական զինվորական ծառայության մեջ գտնվողները չեն կարող հանդես գալ «ինքնուրույն քաղաքագիտական» դիրքորոշումներով՝ սեփական նախաձեռնությամբ պաշտպանել այս կամ այն «ազատամիտ» գրողի բաց նամակն այլ պետության ղեկավարին: Այնպես որ Հայկ Քոթանջյանի ոչ կառավարական կազմակերպության՝ NGO-ի ղեկավար ներկայանալու փորձերը գոնե Եվրախորհրդի անդամ պետությունների դեսպանների աչքում որևէ արժեք չեն կարող ունենալ: Իրականում դրանք ոչ թե քողարկեցին Զորի Բալայանի նամակի «վերևից» պատվիրված լինելու փաստը, այլ, ընդհակառակը, բացահայտեցին:
Պետք չէ լինել Սնոուդեն հասկանալու համար, որ յուրաքանչյուր քիչ թե շատ խոշոր երկրի դեսպանատան կառույցում կան հատուկ մարդիկ, ովքեր ցանկացած քիչ թե շատ երևելի գործչի վերաբերյալ ինտերնետից տեղեկությունները սիստեմավորում ու ներկայացնում են իրենց Արտակարգ և Լիազոր Դեսպանին: Խորհուրդ կտամ այդ հարցերի վերաբերյալ ավելի մանրակրկիտ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ, նախկինում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Արտակարգ և Լիազոր Դեսպան Արման Նավասարդյանին: Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ Հայկ Քոթանջյանին վերաբերվում եմ հարգանքով: 1991 թվականին Հայաստանի քաղաքագետների միության հիմնադիր համագումարում նա ընտրվել է ՀՔՄ վարչության անդամ, սակայն հետագայում, երբ անցել է իրական զինվորական ծառայության, ՀՔՄ նրա անդամակցությունը կասեցվել է:
Իհարկե, հարցը միայն Հայկ Քոթանջյանի կարգավիճակը չէ: Եթե 200 տարի առաջ ռուսաց թագավորի և Պարսկաստանի շահի միջև Գյուլիստանում կնքված պայմանագրի կարևորությունն ընդգծող Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է արդարացնել նրանով, որ նամակը հայ-ռուսական հարաբերություններում այդ շրջադարձային իրադարձության մասին է, ապա դրա վերահասցեագրումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին որևէ ռացիոնալ բացատրություն չունի: Ինչպես պնդում եմ, որ Հայաստանին կամ հայ ժողովրդին վերաբերող հարցերով ՌԴ նախագահին դիմելու բացառիկ իրավունքը վերապահված է ՀՀ նախագահին, այնպես էլ պնդում եմ, որ ուրիշներին Զորի Բալայանի նամակների վերահասցեագրման բացառիկ իրավունքը պատկանում է հենց իրեն՝ Զորի Բալայանին:
Էթիկայի հանձնաժողովներ ենք ստեղծում, բայց դեռ չենք հասկացել, որ նամակագրությունը պատասխանատու ժանր է և ուրիշին հասցեագրված նամակի ցանկացած մեկին վերահասցեագրումը՝ այն էլ ոչ նամակի հեղինակի կողմից, վիրավորական է հասցեատիրոջ համար: Եթե հասցեատերը պետության ղեկավար է, ապա մի այլ պետության ղեկավարին ուղղված նամակի վերահասցեագրումն իրեն, կարող է ընկալվել որպես վիրավորական դրսևորում իր պետության նկատմամբ:
Այնպես որ «հավասարակշռումը» նույնպես չստացվեց: Ինչպես ժողովուրդն է ասում, հոնքը սարքելու փոխարեն եվրոպացիների և ամերիկացիների աչքը հանեցինք: Ինչպես կարելի է պահանջել, որ Ֆրանսու Օլանդը կարդա մի նամակ, որտեղ մեկ նախադասություն չկա հայ-ֆրանսիական մշակութային ընդհանրությունների մասին և խոսվում է միայն հայ-ռուսական ընդհանրությունների մասին: Նույնը կարելի է ասել ամերիկացիների և Բարաք Օբամայի մասին: Եթե նպատակը «հավասարակշռության հաստատումն էր», բա սա եղավ հավասարակշռությո՞ւն:
լուսանկար ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից՝ Հայկ Քոթանջյանը և Նիկոլայ Բորդյուժան