
Նա սիրում է և կարողանում է լինել առաջինն ամեն ինչում: Հենց նա դարձավ 20-րդ դարի 60-70-ական թթ-ների սեքս հեղոփոխության խորհրդանիշն ու առաջամարտիկը: Հենց նա նորաձև դարձրեց բիկինիով լոզազգեստները, «թթու կաղամբ» կոչվող սանրվածքը և «smoky eyes» շպարի ձևը: Նրան ոչ թե սիրում էին ու փորձում ընդօրինակել, այլ պաշտում ու երկրպագում էին:
Մանկության տարիներին Բրիժիտ Բարդոն արտաքնապես իսկական անճոռնի ճուտիկ էր: Նա տառապում էր շլդիկությամբ, ատամնաշարի սխալ կառուցվածքով, նրա մազերը շատ բարակ էին և խամրած գույն ունեին, Բրիժիտի արտաքինը ոչ մի գրավչություն չուներ: Ատամներին դրված երկաթե հարմարանքներն ու շլդիկությունն ուղղելու համար նախատեսված ակնոցները դժվար թե կարողանային գեղեցկացնել նրան: Բացի այդ' Բրիժիտը վատ էր սովորում, և համադասարանցիները չէին սիրում ապագա աստղին ինքնամփոփ և շուտ հուզվող լինելու համար:
Դստեր խնդիրներով լրջորեն սկսեց զբաղվել Բրիժիտի մայրը' տիկին Ժեվալը, քանի որ անհանգստանում էր, որ աղջիկը կարող է պառաված օրիորդ դառնալ: Նա դստերը պարի դասընթացների տարավ և ստիպում էր ամեն օր տանը քայլել գլխին մեկ գավաթ ջուր դրած, որպեսզի շտկվի Բրիժիտի կազմվածքը: Մոր ձեռնարկումներն իրենց արդյունքը տվեցին. Բրիժիտի կազմվածքն իսկապես շտկվեց, ժամանակի ընթացքում նա ձերբազատվեց նաև ատամնաշարի համար նախատեսված երկաթե հարմարանքից և ակնոցներից: Չնայած մոր խորհուրդներին' Բրիժիտը չէր շտապում ամուսնանալ, նա ցանկանում էր զբաղվել մանեկենուհու կարիերայով: Շուտով Բրիժիտ Բորդոյի լուսանկարը հայտնվում է հայտնի «Elle» ամսագրի առաջին էջում: Հենց այդ ամսագրում էլ նրա լուսանկարն առաջին անգամ տեսնում է կինոռեժիսոր Մարկու Ալլեգրեն, որն էլ առաջարկում է Բրիժիտին փորձել իր ուժերը կինոյում: Կինոստուդիայում նա ծանոթանում է Ռոժե Վադիմի հետ, ով հետագայում դառնում է Բրիժիտի առաջին ամուսինը: Ծնողներն այնքան էլ գոհ չէին Ռոժե Վադիմի հետ ամուսնանալու որոշումից, սակայն ստիպված էին համաձայնել, հակառակ դեպքում կամակոր Բրիժիտը սպառնացել էր ինքնասպան լինել:
Բրիժիտ Բարդո և Ռոժե Վադիմ
Երիտասարդ ամուսինների կյանքը հեշտ չէր ընթանում, նրանք ապրում էին փոքրիկ համեստ բնակարանում' փորձելով բաց չթողնել փող վաստակելու ցանկացած հնարավորություն: Ի վերջո, Վադիմն ու իր ընկերը մի նախագծի սցենար գրեցին, որում գլխավոր դերը պետք է կատարեր Բրիժիտը, և ամուսնուն չէր անհագստացնում այն փաստը, որ կինը պետք է լիովին մերկ պարի սեղանի վրա: Այդպես լույս տեսավ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը: Այս ֆիլմը հանրաճանաչ դարձրեց ամուսիններին և հենց այս ֆիլմը նպաստեց նրանց ամուսնության փլուզմանը: Բրիժիտի մոտ սիրավեպ սկսվեց Ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Ժան-Լուի Տրենտինյանի հետ, որն այդ ժամանակ նույնպես ամուսնացած էր:
Բրիժիտ Բարդո և Ժան-Լուի Տրենտինյան
Այս հարաբերությունները երկար չտևեցին: Բարդոն սիրավեպ սկսեց հայտնի երգիչ Ժիլբեր Բեկոյի հետ, նրան հաջորդեց իտալացի դերասան Ռաֆ Բալոնեն, երգիչ Սաշա Դիսթելը, դերասան Ժակ Շարյեն: Վերջինիս հետ Բրիժիտը նույնիսկ ամուսնացավ և որդի ունեցավ, սակայն այս ամուսնությունն էլ շուտով փլուզվեց, իսկ Բրիժիտի որդին մնաց հոր հետ:
Բարդոյի երրորդ ամուսինը դարձավ գերմանացի միլիոնատեր, «փլեյբոյ» Գյունտեր Սաքսը: Վերջինս Բարդոյի հետ ծանոթությունից երեք ժամ անց կարգադրել էր դերասանուհու տան վրա ինքնաթիռից մեկ տոննայի չափով վարդ թափել: Սակայն, այս ամուսնությունն էլ երկար չտևեց:
Բրիժիտ Բարդո և Ժիլբեր Բեկո
1992թ.-ին Բարդոն ամուսնանում է քաղաքական գործիչ Բերնար դը Օրմալի հետ, մի քանի տարի անց Բրիժիտն ամուսնալուծվում է և այդ ամուսնալուծությունից ի վեր մենակ է ապրում:
Հետաքրքիրն այն է, որ Բարդոն գրավիչ է եղել երիտասարդ տղամարդկանց համար նաև արդեն բավականին մեծ հասակում: «Չկա ավելի բարդ գործ քան առավոտվա 8-ից մինչև կեսգիշեր գեղեցիկ տեսք ունենալը»,-ծիծաղելով ասում էր դերասանուհին: