Հեռավոր տարիներիս հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս' Աիդայի, կերպարն է ուրվագծվում: Թեպետ նա ինձանից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես: Նրա նվիրական իղձը ինձ չաղացնելն էր: Ինձ չաղացնելու նպատակով Աիդան, այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս' կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ, տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի:
Անժխտելի է, որ նա դեռ իրազեկ չէր իրերի սնուցիչ արժեքներին: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ:

–Ի՞նչ է կուլ տվել:

Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «դուրն եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել նրան, որ ստամոքսը աղաց չէ: Իսկ Աիդան շարունակում էր.
«Կե՛ր, աղբարիկ», իսկ ես պատասխանում էի. «Այո աղբարիկ», - համոզված, որ եթե նա ինձ «աղբարիկ» է ասում, ուրեմն ես էլ նրան «աղբարիկ», «փոքր եղբայր» պիտի ասեմ:
Եթե շարունակում էի բացել բերանս, պատճառն այն էր, որ Աիդան այնպիսի լրջությամբ ու սիրով էր կատարում իր դերը, որ ես նրան ուղղակի ոչինչ չէի կարողանում մերժել: