Անձրևի անտանելի աղմուկը խլացնում էր պատից կախված ժամացույցի բողոքը: Կեսգիշերը վաղուց էր խախտել սահմանն, ու հին ժամացույցը, ցուցամատը տնկած, շեշտում էր, որ տասը րոպե հետո ժամը մեկն է լինելու, նոր օրվա առաջին մեկ ժամն է լրանում, ու մնում է միայն, ժամերն անտեսելով, օրերը հաշվել... Էլ չէր գա, հաստա՛տ... Երբ հատուկ ինքն իր համար ընդգծված անտարբերությամբ թեքվեց պատի տակ արդեն կես դար անշարժացած մահճակալի կողմը, աչքերի առաջ մշուշ գծվեց, սողաց խավարի թույնը, լողաց ամբողջ աշխարհն, ու նույնիսկ տեսավ այդ պատից այն կողմ կռացած հարյուրամյա ընկուզենու հպարտ բունը: Աղմուկը պատերից ներս է լցվել: Չի՛ դիմանա: Վե՛րջ: Վե՞րջ, բայց նստել է անշարժ: Աչքերը հատուկ հեռացրեց կիսաբաց անկողնու ձյունաճերմակ սավանից: Սա վերջին մաքուր բանն էր, որ մնացել էր այս տանը Սոնայի գնալուց հետո: Երեկ գիշեր առաստաղի ծեփերը անձրևի համառ շիթերից խոնավացել, պոկվել ու թափվել էին անկողնու մեջ: Գաջի տհաճ հոտը ռունգերին էր հասել: Փորձել էր արհամարհել, բայց ծխելու ցանկությունից ոտքի էր ելել, վառել լույսը, քայլել մի փոքր: Հետո բացել էր պահարանի դարակը: Ամեն բան իրար էր խառնել, մինչև գտել էր վերջին մաքուր սավանը: Տանը լվացք անող չկա, տաք ճաշ չունի, հատակը ցեխոտ է, այգին՝ անխնամ: Ոչինչ չի ուզում, թքա՛ծ, միայն կարողանա կամ ապրել առանց նրա, կամ չապրել: Նորից խոնավ հոտը հասավ ռունգերին: Դա նախորդ գիշերվա մասին ավելի շոշափելի հիշեցումն էր: Այս մի սավանն էլ, ու դրանից հետո իր տան անկյուններից լրիվ կվերանա կանացի մաքուր ու, առանց օծանելիքի էլ անուշաբույր ուշադրությունը: Մեկ շաբաթն արդեն սահել ու գծել էր ամսվա սկիզբը: Տեսնես, որքա՞ն է հասցրել մեծանալ այս օրերի ընթացքում իր չծնված երեխան: Աչքերում լճացավ կարոտը: Հիշեց իր ձեռքի ափը Սոնայի որովայնի տաք մաշկին: Խենթանալու չափ կարոտեց նրանց: Ոչ մի տեղ չկարողացավ գտնել իր սիրելի մարդկանց, չնայած որ Սոնան հստակ հասկացրել էր՝ նրան այլևս տեսնել չի ուզում: Ինչու՞... Բան չի հասկանում: Քնել չի ուզում, կմնա նստած, քանի դեռ ոտքերը հատակին հենված դիմադրում են հոգնությանը: Դարը մեկ են այսպես սիրում: Դարը մեկ են այսպես տեսնում այն, ինչ չկա, պարզապես չի էլ եղել:

-Իսահակ Թումանյա՞ն:
Խոժոռված զննեց դիմացը կանգնած կնոջ անծանոթ դեմքը, հետո թթված գլխով արեց.
-Ես եմ:
-Դուք նամակ ունեք:
Մինչ կնոջ մատները դանդաղ ու անշնորհք սողացին պայուսակից ներս, գտան խշխշան տոպրակը, հանեցին, հաստ տրցակի միջից, հատ-հատ տնտղելով, գտան ու առանձնացրին ծրարը, Սահակի ամբողջ շունչը բերանն էր լցվել: Քիչ էր մնում ետ քաշեր դիմացինի ձեռքերը, նամակների խուրձը նետեր ցեխի մեջ, գտներ ծանոթ ձեռագիրն ու թռցներ իրեն հասցեագրված նամակը: Նա արդեն անհանգիստ մի ոտքից մյուսն էր շարժվում, հետո համարյա խլեց ծրարը կնոջ հաստլիկ մատներից, արագ պատռեց:
-Կարգ կա, հարգելի՛ս, դեռ ստորագրել է պետք, բան…
-Ձե՛նդ…
Սահակը բացել էր ծրարը, չէր տեսնում դիմացը կանգնած կնոջ զարմանքից ու վիրավորանքից չռված աչքերը: Ընդամենը մի տող էր գրված ու ստորագրված էր միայն անվան սկզբնատառով.
«Ես գնացել եմ, որովհետև երեխան քոնը չէ: Ների՛ր:
Ս.»

-Դու դիտավորյալ իմ զանգերին չես պատասխանում:
Սահակը անտարբեր նայեց այս ու այն կողմ վազվզող քրոջ կողմը: Այսօր հատուկ չէր նայում նրան, որովհետև նա, իրեն հատուկ աննրբանկատությամբ, հագել էր հենց Սոնայի կապույտ շապիկը: Անհնար էր նայել նրա կողմն ու տեսնել սիրելի կնոջ հագուստի մեջ շրջող քրոջը: Նա ատում էր ինքն իրեն, զզվում թուլակամ ու անսկզբունք վախի նոպայից, չէր հաշտվում, չէր զգում ոչ մի բան: Մնում էր միայն անտեսել: Չտեսնել: Չզգալ…Ի՞նչ կաներ, եթե Սոնան այսպիսի դրության մեջ չլիներ: Երևի գտներ, այնպես ցավեցներ, որ մարմնից դուրս հաներ ուրիշ մեկի հպումներից մնացած ջերմությունը, սառնարյուն չարությամբ նրա ապրող գոյությունից դուրս քաշեր ապրելու լույսը, մի կողմ նետեր անշնչացած մարմինն ու վերջապես զովացներ վրեժը: Ոտքը անշարժացավ բահի խոփին, դողաց ամբողջ մարմնով: Եթե սուր ատամներով կարողանար սեղմել նրա փխրուն, ենթարկվող մարմինն այս հողի հանձնվող փափկության նման, ավելի շատ կսիրեր նրան, ավելի լավ կզգար, թե ոնց է լցվել էությունը նրանով: Քույրը դադարեցրել էր բակով մեկ վազվզելն ու, տնային գործերը թողած, հատուկ հետևում էր եղբոր կատաղած շարժումներին: Գիշատիչ ցավ էր, հոշոտում էր նրան, կեղեքում անխնա ու անվերադարձ: Նրբանկատություն պետք չէր Հասմիկին եղբոր ցավը տեսնելու համար: Մեկ ամիս չէր տեսել նրան, չէր կարողացել համոզել, որ գոնե երբեմն այցելի ու մի քանի տնային գործեր անելով թեթևացնի եղբոր հոգսերը: Բայց Սահակի խիստ ու արհամարհական վերաբերմունքից ազդված՝ չէր համարձակվում գալ: Հիմա Սահակը ինքն էր կանչել, խնդրել էր գալ, մի քիչ գործ անել, որ ինքը կարողանա փխրեցնել իր սրտի նման քարացած հողը: Գարունը վերջանում էր, նոր կյանքի սկիզբ էր պետք դնել, իսկ իր ներսում ու շուրջը ամենացուրտ վերջն էր:

-Լավ աղջիկ է, մի քիչ խոսենք, կգնանք,-Դավիթը կախվեց ընկերոջ արմունկից:
-Թո՛ղ, հավես չունեմ,-Սահակը ետ քաշեց թևը, ոտքով հրեց կիսաքանդ դռնակը, մտավ բակ:
-Դու լրիվ ցնդել ես,-ետևից շպրտեց ընկերն ու, արձագանք չստանալով, հեռացավ:
Սահակը մի փոքր ուշ նկատեց, որ բակում մենակ չի: Հենց ցախատան առաջ կուչ եկած մարմինը շարժվեց կիսախավարում, Սահակի ներսում ամեն բան տակնուվրա եղավ: Նա սառեց, մեխվեց տեղում, ամբողջ էությունը անակնկալից ճչաց, բայց կոկորդին միայն խեղդված խռխռոց հասավ: Ծանոթ, ամբողջ աշխարհում ամենածանոթ մարմինը ձգվեց, ոտքի ելավ, թևերի մեջ դողը սեղմած, քայլեց դեպի համրացած Սահակը: Եթե նրան ասեին, որ ինքը հենց այսպես կանգնելու է Սոնայի առաջ, զննելու է նրան անհանգիստ հայացքով, ինքը բարկությունից կգժվեր: Հիմա նայում է նրա խիստ գունատ դեմքին, քրտնած ճակատին անփույթ փռված մոխրագույն մազերին ու չի հասկանում, թե ուր են գլորվում, սահում, հենվում սեփական աչքերն ու մտքերը:
--Բարև՛…
Սոնայի ձայնը ծանոթ շնչի հետ դիպավ Սահակի պարանոցին: Փոքրամարմին, դալկադեմ, հոգնած կին էր Սոնան այդ պահին: Կարճ փեշով կապույտ զգեստ էր հագին, ուսերն ու պարանոցը մերկ էին, կիսամաշ կտորը անշնորհք գրկել էր նրա ցցված փորը:
-Բարով ես եկել,-Սահակը քիչ մնաց ինքն իրեն մի լավ խփեր, որ բռունցքված ձեռքերը մի կերպ զսպեին մատների դողը: Սոնան փակեց աչքերը, ամբողջ մարմնով կուչ եկավ:
-Հո չե՞ս ցնդել,-Սահակը արհամարհանքով չափեց նրա սփրթնած կերպարանքը:-Ես հղի կանանց չեմ ծեծում:
Սահակը արագ շրջանցեց կնոջը, քայլեց դեպի տուն: Սոնան ծեծված շան նման քայլեց նրա ետևից:
Ցուցադրական անտարբերությամբ Սահակը բացեց սառնարանի դուռը, հանեց գարեջրի շիշը, խցանից ազատեց ու մոտեցավ լուսամուտին:
-Ինչու՞ ես եկել:
-Գնալու տեղ չունեմ,-Սոնան սկսեց անձայն լաց լինել:
-Հա... Դա կարող էիր չասել, առանց ասելու էլ պարզ է…Կարող ես մնալ: Քո փոխարեն որ մի հղի շուն էլ գար, տանս կպահեի մինչև ազատվելը: Դուրս չեմ վռնդի:

Տանիքից նորից կաթում էր: Մի քանի թասեր իրենց համար նոր տեղ էին գտել մահճակալի տեղում: Մահճակալը գնացել էր մյուս պատի տակ: Սենյակում մաքրություն էր, իդեալական, անսովոր մաքրություն: Վարագույրներն ազատվել էին երկու ամսվա փոշուց, դարակներում կարգուկանոն էր, հայելին փայլում էր՝ անմիջապես ողջունելով ներս մտնողներին: Գազօջախի վրա համեղ ապուր էր եփվում:

Սահակը նստել էր խոհանոցի աթոռին, գդալը ձեռքն առնելու համարձակություն չուներ: Ինքն իրենից վախենում էր: Սոնային նայել էր միայն քնած ժամանակ: Շատ էր փոխվել: Կամ խիղճն է տանջել, կամ իսկապես շան օրի է ապրել: Հակառակ դեպքում, Սոնայի նման հպարտ աղջիկը չէր գա ընկներ Սահակի ոտքը այդքանից հետո: Սահակը մի կողմ հրեց ափսեն, արագ ոտքի ելավ, դուրս եկավ տնից: Քիչ հետո տանիքից լսվեցին նրա ամուր ոտնաձայները: Սոնան գլուխը դրեց ծալված ձեռքերին, ավելի կուչ եկավ ու անշարժացավ այնքան ժամանակ, մինչև երեկոն սողաց տան պատերի վրայով ու հասավ նրա թմրած թևերին: Զարկերակի մեջ ցավ էր կաթում, մարմինն անսովոր տաք էր, ու խիստ ցավում էին բոլոր մկանները: Երբ Սահակն իջել էր տանիքից, մուրճն ու մեխերը տեղավորել ցախատանն ու մոտեցել էր կիսաբաց դռանը, հասկացավ, որ ներսում մի նոր բան է կատարվելու... Վե՞րջ կդնի իր տառապանքին, թե՞ նոր ցավ կլցնի իր թմրած գոյության մեջ:

-Հաս… Մի տեսակ տարօրինակ է,-Սահակը խոնարհվեց անհանգստությունից եղունգները կրծող քրոջ կողմը:-Թուլացած էր, փալասի նման մեկնվել էր սեղանով մեկ ու կարծես չէր զգում ինքն իրեն:
-Հա, դեմքը տեսա, հասկացա,-Հասմիկը զգույշ նայեց շուրջը:-Մի ծանոթ բժիշկ չունենք էս անտեր հիվանդանոցում:
Սահակը ետ քաշվեց քրոջից, գրպանում շոշափեց սիգարետի ճմռթված տուփը: Նույն պահին հիվանդասենյակի դուռը բացվեց: Բժիշկի դեմքը պատի ծեփից էլ գունատ էր:
Սահակի ոտքերը թուլացան,արագ մի կողմ հրեց նրան, նետվեց կիսաբաց դռան կողմը: Բժիշկը մեծ ջանքով ետ պահեց նրան:
-Հնարավոր չէ որևէ բան անել, նա արդեն քսան րոպե է, ինչ չի շնչում: Իսկ երեխան երևի կապրի, համենայն դեպս, մի քանի օր հաստատ կապրի:

Հասմիկի հոգին դուրս էր գալիս երեխայի խնամքով զբաղվելիս, նա ինքն էլ չորս երեխա ուներ և իր հոգսից թեթևանալ չէր կարողանում: Սահակը երեխայի կողմն անգամ չէր նայում: Նա ժամերով նստում էր բակի ընկուզենու տակ, հետո քայլում էր կիսաքանդ ճանապարհով ու մթնշաղին հասնում գերեզմանատուն: Սոնայի հիվանդ հայրը չկարողացավ երկար մնալ գյուղում, վերադարձավ իր գյուղն ու մնաց մենակ սգալու, կիսաքանդ պատերին քամելով վիշտը, մինչև հոգին ազատվի անասելի ցավից: Ոչ մի հարազատ չուներ Սոնան, որ գար ու զբաղվեր նրա մի ամսական որդու խնամքով: Սահակը շփոթված էր, վախեցած, չգիտեր՝ ոնց վարվել: Ծանոթ քարը ողջունեց նրա սովորական դարձած այցելությունը: Խուլ տնքացին տանջվող մարդու ոսկորները: Այդ երեկո երկար էր նստելու, երկար էր մտածելու ու որոշեր՝ թույլ չի տա երեխայի անվան շուրջը խայտառակ պատմություններ տարածվեն: Սոնայի ու իր գաղտնիքը հիմա միայն իրենն է: Պարզից էլ պարզ էր, որ մի բուռ, տկար պստիկի իսկական հայրը նրա մասին լսել անգամ չի ուզում, ու անգամ Սահակը չգիտի նրա ով լինելու մասին: Եթե բացի այս թունավոր կծիկը, կապականի երեխայի ամբողջ կյանքը, հատկապես, որ նա արդեն ունի դառը կյանքով ապրելու երկու հիմնական պատճառ՝ մայր չունի, երիկամն էլ հիվանդ է: Սահակի սիրտը սեղմվեց: Պստլիկ, մի բուռ մարդուկ, ով ինքն իրեն օգնել չի կարող, ինչպե՞ս է դիմադրելու այս մութ աշխարհի չար հարվածներին:

Լուսանում էր արդեն, երբ Սահակը քայլում էր՝ ծուռ կածանը կտրելով ամուր ոտքերի ուշացած քայլով: Հենց դիմացի տան առաջին լուսամուտից նրան տեսավ անքնությամբ տառապող Սաթիկ տատն ու մյուս օրը գյուղի ականջը գցեց, որ Սահակը խելքը թռցրել է, գերեզմանոցում է գիշերում: Սահակը տուն հասավ: Հասմիկն ու փոքրիկ Աշոտը քնել էին, թախտի ծայրին թառած բարձերին հենված, երեխայի բարուրի մեջ մի բուռ տաք երազ կար: Սահակը կռացավ, մատների ծայրով զգույշ դիպավ նրա արձակված թաթիկին: Նուրբ, մետաքսից էլ փափուկ ձեռքը դողդողաց անծանոթ հպումից: Սահակը ժպտաց ու քայլեց դեպի ննջասենյակ: Պահարանի դարակից գտավ ծրարն ու միջից հանեց հոգին թունավորած նամակը: Երբ սիգարետ էր վառել ու լուցկու կիսավառվող չոփիկը մոտեցրել էր թղթին, ինքն իրեն երդվեց երբեք, ոչ ոքի չպատմել այս նամակի բովանդակությունը, որովհետև մի լավ, ամուր տղա էր մեծացնելու, թույլ չէր տալու ծաղրեին ու երեսով տային մի բան, ինչում անձամբ մեղավոր չէր: Կրակը լափեց թղթի վրա հուլունքի նման շարված բառերը, այրեց Սահակի ձեռքը: Նա ցած գցեց թուղթը մոխրամանի մեջ: Կրակը հանգեց, սևը մի քիչ հապաղեց, կանգ առավ «որովհետև» բառի վրա, հատուկ թույլ տալով, որ Սահակը կարդա նորից ու՝ քմծիծաղի դառնությունը խեղդած: Սևը սողաց, ջնջեց վերջին բառը, որ մնացել էր գաղտնիքից: Սահակը առաջին անգամ արտասվեց կնոջ մահից հետո՝ փոքր երեխայի նման բռունցքներով ու ափերով տրորելով աչքերը: Կից սենյակից լսվեց երեխայի պահանջկոտ ծղրտոցը: Դրան հաջորդեց աքլորականչը...
Սահակը անսպասելի ժպտաց, ինքն իրեն չհասկանալով, նետեց.
-Բարի գալուստ:

Նազիկ Հակոբյան