Արևելյան Ասիայի ամենազարգացած պետություններից մեկը համարվող Թայվանը շարունակում է մնալ դիվանագիտական շրջափակման մեջ, որը ստեղծել է իր քաղաքական-տնտեսական մրցակից եղբայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Թեև այդ կղզի-պետության անկախությունը ճանաչում են ընդամենը 23 երկիր, այն շարունակում է իրենից ներկայացնել մեկ այլ' կապիտալիստական Չինաստանը:

Թայվանի անկախությունը ոչ բոլոր երկրներն են ճանաչում և այդ գործում մեծ դերակատարություն ունի պաշտոնական Պեկինը' Թայվան կղզին համարելով ՉԺՀ -ն անքակտելի մաս, չնայած այն հանգամանքին, որ արդեն կես դարից ավել է, ինչ Թայվանը զարգանում է կապիտալիստական ուղղությամբ:
Թայվանը հարավ-արևելյան Ասիայի կղզիներից մեկն է, և մինչ երկրորդ աշխարհամարտը Ճապոնիայի մասն է կազմել, այնուհետ անցել Չինաստանի իշխանության ներքո: 1946 թվականին Չինաստանում սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով կառավարող Գոմինդան կուսակցությունը պարտություն կրելով Մաո Ցզե-Դունի կողմից, շտապում է հաստատվել Թայվանում: Կղզի է փոխադրվում երկրի խորհրդարանն ու բոլոր կառավարման օղակները: Մինչ 1970թ-ը ՄԱԿ-ում ընդունված էր համարել, որ Չինաստանը ներկայացնում է հենց Թայվանի իշխանությունը, որը ոչ մի կապ չուներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ և միայն 1971 թվականին ՄԱԿ-ում Չիանաստանի ներկայացուցչությունը հանձնվեց ՉԺՀ-ը:
Չինաստանի Հանրապետությունը, որը կազմված է Թայվան կղզուց և հարակից մի քանի փոքր կղզիներից, զբաղեցնում է 36 հազար քկմ տարածք և ունի 23 մլն բնակչություն, որի 98% -ը չինացիներ են:
Պաշտոնապես շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թայվանն աչքի է ընկնում կիսանախագահական կառավարման համակարգով և դեմոկրատական սկզբունքների պահպանման հետևողականությամբ: Այստեղ գործում են ավելի քան ութսուն կուսակցություններ:
Թայվանի խոշոր քաղաքներն են' մայրաքաղաք Թայբեյը, Գաուսյոն, Թայնանը, Թայժուն և այլն: Բնակչության մեծ մասը' 94%-ը, բուդհիզմի, դաոսիզմի և կոնֆուցիականություն հետևորդ է: Պաշտոնական լեզուն չինարենն է:
Կղզի-պետությունը տարածաշրջանում առանձնանում է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով' հատկապես էլեկտրոնային սարքարավորումների և մասերի արտադրանքով: Այստեղ են կենտորնացած համաշխարհային համակարգչային և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են HTC, Asus, AU Optronics, TSMC, UMC ընկերությունները, սակայն արդյունաբերության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում կիսահաղորդիչների և հեղուկ բյուրեղապակյա էկրանների արտադրությունը:
Չունենալով նավթի պաշարաներ' Թայվանը հանդիսանում աշխարհում ամենախոշոր նավթավերամշակող երկրներից մեկը' արտահանելով թերմոպլաստիկ նյութեր, իսկ քիմիական նյութերի արտադրության ոլորտում զբաղեցնում է աշխարհում 9-րդ հորիզոնականը:
Թայվանն այն բացառիկ պետությունն է, որ ՄԱԿ-ում չունենալով անկախ պետության ներկայացուցչություն, կարողանում է զարգացնել տնտեսությունը' համարվելով աշխարհի ամենազարգացած և կայուն տնտեսություն ունեցող երկրներից մեկը: Պետության համար առաջնային նշանակություն ունի կայուն և զարգացած տնտեսություն ունենալը, քան այլ պետությունների կողմից իր սուվերենության հաստատումը: Նույնիսկ այն դեպքում, երբ ՉԺՀ-ը ոչ մի կերպ չի ճանաչում Թայվանի անկախությունը, համարվում է այդ երկրի տնտեսական առումով հիմնական գործընկերներից մեկը:
2012թ-ի Արժույթի համաշխարհային հիմնադրամի տվյալներով Թայվանն ավելի քան 904 մլրդ դոլարով եզրափակում է աշխարհում ամենաբարձր համախառն ներքին արդյունք ունեցող 20 պետությունների շարքը և այս ամենն այն դեպքում, երբ «Փոքր Չինաստան» պետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ և ոչ մի զարգացած պետության հետ: ՀՆԱ-ի գերակշիռ մասը' 73%-ը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, 23%-ը արդյունաբերությանը և միայն 3%-ը գյուղատնտեսությանը:
Տնտեսության մեջ, ի տարբերություն հարևան երկրների, գերակշռում է փոքր և միջին բիզնեսը, որն էլ տնտեսության կայունության և դինամիկ զարգացման երաշխավորն է: Ինֆլյացիան և գործազրկության մակարդակը բավականին ցածր են, իսկ տնտեսական աճն արդեն երեսուն տարի շարունակ պահպանում է տարեկան միջինը 4% աճ:
Չինաստանի Հանրապետության բնակչության կյանքի որակը բավականին բարձր է գնահատվում, իսկ մեկ բնակչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը տասնմեկ անգամ բարձր է, քան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեպքում:
Հաշվի առնելով տնտեսական պոտենցիալն ու համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարությունը' կարելի է պնդել, որ այս պետությունը մոտ ապագայում կկարողանա պահպանել նույն դիրքերն ու մնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային տնտեսության մեջ լուրջ դերակատարում ունեցող երկրներից մեկը' պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ չունենալով անգամ տնտեսապես դաշնակից երկրների հետ:
Արմեն Մխեյան