Հայ Ոգին տեսե՞լ եք – այրող է, սուր է, անձնվեր է, չարենցյան է – բանաստեղծություն է, պարի շարժում է, հրե տառ է, մեսրոպյան է: Եվ այսպես – մի օր Հայ Ոգին որոշեց իր ճառագայթին տղամարդու կերպ տալ և Հայք ուղարկել – Հայքը շփոթված էր, շփոթ էր, նյութով շփացած ու անտեր էր: Տիրություն անելու Հայքին:
Հայ Ոգին հագավ իր լավագույն վերնաշապիկը և տաբաթը, թևի տակ դրեց հրեղեն մագաղաթներ ու գնաց… Նա պիտի հանդիպեր Հայ Նյութին: Նա էր Հայքի տերը:
Հայ Նյութը կին էր – բյուրեղացած ոգի էր, մայր էր, գեղեցիկ էր: Հայ Ոգին ասաց. - «Ողջու՛յն, տիրուհի: Ես Հայ Ոգին եմ, եկել եմ՝ միասին վերաշինենք Հայքը: Հայքը շփոթված, անտեր է – ՄԻԱՍԻՆ տեր կանգնենք Հայքին»:
Հայ Նյութը կին էր – ոգին նա ճանաչում էր, բայց նյութն էլ էր լավ ճանաչում: Եվ պատասխանեց Հայ Նյութը. «Շնորհակալ եմ, որ եկել ես: Կառուցենք Հայքը: Հայքի տերը ես եմ, ծրագիրն իմն է, նյութը իմն է – իսկ դու ինձ կօգնես…»: Այստեղ Հայ Ոգու աչքերը բոցկլտացին.- «Նյութ-Տիրուհի, առանց Հայ Ոգու առաջնորդության՝ չկա Հայքի վերաշինություն: Ծրագիրը գրի առնողը Ոգին է, Ծաղկողը Ոգին է: Իսկ Նյութը Ծրագիր չունի – բացի ինքնապաշտությունից: Փեշիդ քարը թափիր՝ ՄԻԱՍԻՆ կառուցենք Հայքը»: Եվ վեր բարձրացրեց հրեղեն մագաղաթները, նրանցից կայծեր էին հորդում և մարում Նյութ-կնոջ բարձր ճակատին:
Հայ Նյութի ձեռքերը պրկվեցին: Մատները պինդ սեղմեց: Ճակատը մթնեց՝ չե՜մ տա… Հայ Նյութը վրնջաց Հայ Ոգու երեսին. - «Դե գնա՜ ու կառուցի՜ր Հայքը»: Իբրև թե՝ առանց ՆՅՈՒԹԻ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԿՅԱՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ: Հայ Ոգին հեռացավ, և հասկացավ՝ շուտ էր եկել: Հայ Նյութը մնաց՝ թագավորելու Հայքի անտիրական, անոգի տարածքների վրա:
Ընթերցող, ասքս ավարտվեց: Թե մի օր նորից հարցնես, թե ինչու է հայրենիքդ շան օրի, ապա կխնդրեմ նորից կարդաս այս ասքը – այստեղ ամեն ինչ ասված է:
Լևոն Դռնոյան
17 հոկտեմբերի 2013թ.