Օրերս ձեռքիս տակ հայտնվեց «Նարեկ» պարբերականի 74 և 75 համարներից մի քանի էջ, որտեղ հանդիպեցի հետաքրքիր հոդվածների, հատկապես «Հա՞յ էր Արդյոք Դանտեսը» և «Ո՞վ էր իրականում Դանտեսը» հոդվածների վրա իմ ուշադրությունը հրավիրեց հոդվածներից մեկի հեղինակը՝ պրն Վիկտոր Բաբասյանը: Դարեր անց բավականին հետաքրիր մանրամասներ են բացահայտվում Ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի սպանության վերաբերյալ:
Հավանաբար հայ ընթերցողներից քչերին է հայտնի, ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Պուշկինի հետևյալ արտահայտությունը, որ կարդում ենք նրա «Տազիտ» պոեմում. «Դու ճորտ ես, դու վախկոտ ես, դու հայ ես:»
Հոդվածագիրը գրում է. «Ինձ միշտ մտահոգել է եթովպական ծագումով ռուս բանաստեղծ Ա.Պուշկինի գրածը. «Դու ճորտ ես, դու վախկոտ ես, հայ ես դու»: Ի՞նչն էր պատճառը, ինչի՞ց կամ ո՞ւմից էր դառնացած բանաստեղծը»: Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրել է գրողի բոլոր ստեղծագործությունները՝ սկսած «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»-ից, մինչև «Պուշկինի ընկերները» երկհատորյակը, սակայն Պուշկինը հատկապես «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործությունում բարությամբ ու երախտիքով է ներկայացնում հայ ընտանիքին ու բավականին դրական արտահայտվում: Այդ դեպքում ի՞նչն է պատճառ դառնում, որ ընդամենը երկու տարի անց իր մեկ այլ ստեղծագործությունում Պուշկինը անում նման արտահայտություն:
«Կարծում եմ, որ նրա այդպիսի արտահայտությունը պետք է կապված լինի որևէ կոնկրետ դեպքի և դեմքի հետ»,―շարունակում հոդվածագիրն ու հավելում, սակայն ամեն դեպքում Պուշկինի ստեղծագործությունում հային ներկայացվում է որպես հեզ ու խեղճ, որն ավելի շատ վախկոտի տպավորություն է թողնում ընթերցողի մոտ:
Հալածված ու խեղճ հայի նկարագրությունների մենք կարող ենք հանդիպել նաև շատ այլ գրողների ու ճանապարհորդների հուշերում, ովքեր ճամփորդել են այդ ժամանակահատվածում Հայաստանում:
Բայց վերադառնանք բուն թեմային: Բոլորս էլ դպրոցական դասագրքերից գիտենք, որ Պուշկինը զոհվում է մենամարտից ստացած վերքի պատճառով դուելից երեք օր անց, իսկ հիմնական մեղավորն էր, ոմն ֆրանսիացի սպա՝ Դանտես անունով: Ոմանք անգամ կիմանան, որ այդ Դանտեսը իրականում Պուշկինի կնոջ՝ Նատալիա Գոնչարովա-Պուշիկնայի քրոջ ամուսինն էր, իսկ մենամարտի պատճառը Պուշկինի կինը՝ Նատալիան:
Ժամանակակիցները Նատալիա Պուշկինային բնորոշում են ոչ այդքան լավ բարոյական հատկանիշներով ու նշում նրա սիրեկանների մեծ թվի մասին, որոնց շարքերում էր նաև Նատալիայի ապագա քրոջ ամուսինը՝ Ժորժ Դանտեսը:
Բայց ո՞վ էր իրականում Դանտեսը: Նույն պարբերականի մեկ այլ համարում հանդիպում եմ կրկին հետաքրքիր հոդվածի, որի հեղինակն է Հ.Մինասյանը:
Հոդվածագիրը նշում է, որ այս պատմությունը լսել է իր բարեկամ, Եղեռնից մազապուրծ Գառնիկ Դանիելյանից, ով ծնունդով Բիթլիսցի էր: Եվ ահա ծերունին հոդվածագրին ներկայացնում է հետաքրիր մի պատմություն: 1833 թվականին Նիդերլանդացի դիվանագետ, բարոն Լուի-Բորխարդ վան Հեկկերնը իր հերթական ճանապարհորդության ընթացում իջևանում է Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկի տանուտերի տանը, ապա խնդրում, որ իրեն ցույց տան դեպի Թիֆլիս տանող ամենակարճ լեռնային ճանապարհը: Տանուտերը բարոնին մի քանի օրվա ուտելիք է տալիս ու իր երիտասարդ հովվին կարգում, որ ցույց տա ճանապարհը և վերադառնա: Հովվի ծնողները մահացել էին 1812 թվականին և երիտասարդը ծառայում էր տանուտերի տանը: Ճանապարհին Հեկկերնին բավականին դուր է գալիս երիտասարդի բնատուր խելքն ու ազնվությունը և առաջարկում իր հետ մեկնել Պետերբուրգ: Երիտասարդը կարողանում էր խոսել մի փոքր ֆրանսերեն, սովորել էր տանուտերի տանը, իսկ բարոնը հասցրել էր մի փոքր սովորել հայերեն: Հասնելով Թիֆլիս՝ Հեկկերնը հովվին (Գևորգ Անթանեսյան) նոր հագուստ ու անձնագիր է գնում Ժորժ Կարլ դ'Անթես անունով: Պետերբուրգում նրան կրթություն է տալիս ու ծանոթացնում բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև Պուշկինի կնոջ ու ընտանիքի հետ: Շուտով դ'Անթեսը ձեռք է բերում սպայական կոչում: 1834 թվականին Ա. Պուշկինը իր օրագրում նշում է, որ գվարդիան դժգոհում է դ'Անթեսից, ինչի պատճառ կարող էր դառնալ այն, որ հայտնի էր դարձել երիտասարդի ոչ ազնվական ծագումը և հայ լինելը: Այդ ժամանակ արդեն իսկ խոսում էին Նատալիա Պուշկինայի ու Դանթեսի միջև սիրավեպի մասին:
Հոդվածագիրը նշում է, որ Դանթեսի անցայլի մասին իսկապես կան հակասական պատմություններ: Ես ինքնս փորձեցի գտնել, որոշ տվյալներ: Պաշտոնապես նշվում է, որ նա ծնվել է ֆրանսիական գավառական ընտանիքում, այնուհետև ոդեգրվել Հեկկերնի կողմից: Սակայն այն հիմնվում է հենց Դանթեսի պատմածի հիման վրա, ինչին թերահավատորեն են մոտեցել ժամանակակիցներն ու նշել, որ Դանթեսը իրականում չունի ազնվական ծագում և նրա անցյալը լիովին հորինված է եղել Հեկկերնի կողմից:
Նատալիա Պուշկիանայի հետ բացահայտ կապը հերքելու համար Հեկկերնը, որ այդ ընթացքում պաշտոնապես իր հոգեզավակ է ճանաչում Դանթեսին, փորձում է համոզել շրջապատին, որ Դանթեսն իրականում սիրահարված է Նատալիայի քրոջը՝ Եկատերինա Գոնչարովային: Եվ իսկապես. շուտով Դանթեսն ու Եկատերինան ամուսնանում են: Մինչ այդ Պուշկինն ադեն հասցրել էր Դանթեսին մի քանի անգամ մենամարտի կանչել, սակայն Դանթեսը խոսափողական կեցվածք էր ընդունել, իսկ Հեկկերնի օգնությամբ այն չեղյալ համարվել: Քենու և Դանթեսի ամուսնությունը ամեն դեպքում չէր հանդարտեցրել բանաստեղծի հոգին ու նա արգելել էր Դանթեսին շփվել իր ընտանիքի հետ: Նրանց միջև բացահայտ թշնամանքը գուցե պատճառ է հանդիսանում «Տազիտ» պոեմում ավելացնելու այս տողը. «Դու ճորտ ես, դու վախկոտ ես, դու հայ ես» կարծիք է հայտնում հոդվածագիրը:
Այստեղ ես կանգ կառնեմ ու կփորձեմ հասկանալ, ինչու էր Պուշկինը, որ բավականին գովասանքով էր խոսում հայերի ու Հայաստանի մասին գրում այս տողը, որը մեր հարևան ազերիները հայերին վիրավորելու համար մեջբերում են իրենց ազգային հերոս դարձրած Պուշկինի այս մեկ տողը:
Արդյո՞ք Պուշկինը փորձել էր անձնական վիրավորանք հասցնել ծագումով հայ սպային: Հայտնի է, որ Պուշկինի ու իր քենու ամուսնու միջև հարաբերություններն այնքան լարված էին, որ նրանք նույնիսկ չէին ուզում հանդիպել բարձրաշխարհիկ խնջույքներում: Արդյո՞ք խանդից կուրացած Պուշկինը արդեն իսկ իմանալով Դանթեսի հայ լինելու մասին փորձել է բնորոշել ու վիրավորել նրան ազգային պատկանելիության հողի հիման վրա: Գուցե վրդովված Դանթեսը, ով մի քանի անգամ հրաժարվել էր մեամարտից, պատվի հարց համարելով վերջին վիրավորանքը համաձայնվել է մենամարտի: Ի դեպ մենամարտից որոշ դրվագներ հիշելով, առաջինը կրակել է Պուշկինը՝ ուսի շրջանում վիրավորելով Դանթեսին: Օրեր անց Դանթեսին արտաքսում են Ռուսաստանից և զրկում կոչումից, սակայն Դանթեսը Ֆանսիայում կրկին մեծ հաջողությունների է հասնում՝ դառնալով Սենատոր, ապա ֆրանսիական Սուլյց քաղաքի ղեկավար:
Հոդվածագիրներից մեկը, պրն Բաբասյանը ինձ հետ զրույցում նշեց, որ անձամբ եղել է Դանթեսի գերեզմանին, որտեղ թաղված են եղել նա ու իր երեխաները: Որքան ինքը փորձել է որևէ տեղակատվություն իմանալ Դանթեսի ծնողների մասին չի հաջողվել: Այս ամենը վկայում է, որ Դանթեսի ծնողները իր հետ չեն ապրել, քանի որ նրանց մասին որևէ հիմնավոր հիշատակում չկա: Եվ այնումենայնիվ, ինչու է Պուշկինը նման կերպ արտահայտվել, եթե անգամ ընդունենք, որ Դանտեսը հայ չէ ու նրա այդ տողերը չեն վերաբերվում նրան: Արդյո՞ք հայն այդքան խեղճ ու հեզի տպավորություն է թողել: Անդրադառնանք մեկ այլ ճանապարհորդի գրառմանը, ում մասին հիշատակում է պրն Բաբասյանը:
1890-ական թվականներին գերմանացի պաշտոնաթող գեներալ Ֆոն Բլեկը ճամփորդում էր Արևմտյան Հայաստանում ու իր հուշերում ներկայացնում է իր տպավորությունները: Նա գրում է, որ երբ հարցնում էր քուրդին իրենց թուրքերի կողմից ճնշումներին, ապա նրանց տղամարդիկ ձեռքը դնում էին սրերին ու ասում, որ իրենք պատրաստ են կրկնակի ավել թուրք կոտորել, եթե նրանք փորձեն իրենց սպանել, իսկ հայերը խոնարհաբար ձեռքները վեր էին պարզում և աղոթելով ասում, թե հույսը Աստծո վրա է, երևի մի բան կլինի:
Հավելեմ, որ այս թվականներին արդեն իսկ հայկական որոշ բնակավայրերում կազմակերպվել էին հայկական ջարդեր: Օտարազգի ճանապարհորդների գրառումները վկայում են, որ հայի մեջ պայքարի ոգին շատ ավելի թույլ էր, քան իրենց հարևան ժողովուրդների մոտ: Հայը, որ դարեր շարունակ կարողացել էր զենքը ձեռքին պաշտպանել ու ցույց տալ իր խիզախությունը, այլևս չուներ մարտական ոգի: Ադյունքում երկու տասնամյակ հետո տեղի ունեցավ քսաներորդ դարի ամենամեծ ողբերգությունը՝ մեկուկես միլիոն հայերի ջարդը:
Ակամա հիշեցի իմ գրած տողերից մեկը.
Կյանքը պայքար է' ամեն վայրկյան,
Ամեն ակնթարթ.
Պայքար ներքին ներդաշնակությամբ
Արտաքին քաոսի դեմ,
Պայքար հանուն վեհ արժեքների,
Հանուն սիրո, հանուն բարության
Եվ արդարության, հանուն լույսի
Եվ լույսի տարածման:
Իսկ Դու մարտիկ ես'
Լույսի, արդարության, խաղաղության:
Դու ՀԱՅ ես…
Փաստ է. այն հայաբնակ բնակավայրերում, որտեղ ինքնապաշտպանական մարտեր են մղվել, կոտորածներից փրկվել են հազարավոր հայեր: Խաղաղությունն ու ներդաշնակության ձգտումը մեր հոգեկերտվածքի բնորոշ գծերն են, սակայն թշնամու հանդեպ դրանք չեն կարող դառնալ երկաթե սուր:
Հեթանոսական շրջանում պատերազմի դաշտում այլ աստվածներ չկային, այլ միայն ռազմի աստվածն էր տիրակալում, իսկ նրա սահմանած կանոնը միակն էր՝ սպանիր թշնամուդ եթե ուզում ես ապրել, հակառակ դեպքում կմեռնես դու:
Պայքարիր մինչև վերջ, մինչև այն պահը, երբ թշնամին ոչնչացված կլինի, այլապես կոչնչանաս դու: