- Ակումբի հաջորդ դասի համար Հովհաննես Թեքգյոզյան պիտի կարդանք:
- Շատ լավ, հենց հիմա էլ կկարդամ:

Համակարգչի էկրանին բացված ֆեյսբուքի պատուհանում լատինատառ գրեցի «Hovhannes Tekgyozyan» (ժամանակակից գրողները միշտ էլ գրանցված են էստեղ): Գտա Թեքգյոզյանի անձնական էջը ու պարզվեց, որ բոլոր հրապարակումները միայն ընկերների համար են: Որոշեցի գուգլում փնտրել: Էստեղ արդեն հայատառ գրեցի «Հովհաննես Թեքգյոզյան»: Անունը երբևէ չէի լսել, բայց պարզվեց բավականին շատ կարդալու բան ունեմ:
Սկսեցի litopedia.org կայքից, որտեղ ներկայացված էր կենսագրությունն ու գործունեությունը (էստեղ երբեք չի նշվում մարդկանց բնավորություն մասին, բայց ես ավելի շատ դա էի փնտրում, քան ասենք՝ նրա ծննդյան թիվը): Այնուամենայնիվ՝ քիչ թե շատ հասկացա, թե ում հետ գործ ունեմ:
Հետո կարդացի հարցազրույցները… Այ էստեղ դիմագիծ, ասելիք, ու էլի ինչ-որ հավես բան կա, որը անուն չունի: Ստանդարտ հարցազրույցներ չեն ու դա հեչ էլ լրագրողի շնորքից չէ, զրուցակիցն է հետաքրքիր: Մի խոսքով՝ մի անգամ էլ համոզվեցի, որ ժամանակակից արվեստագետների հետ զրուցելը (կամ գոնե ուրիշի «զրուցածը» կարդալը) հետաքրքիր է: Ոնց որ թե՝ վերջ:
Անցանք էսսեներին:

«Հոգևոր վթարը» շա՜տ հավանեցի: Մտածեցի՝ հազիվ մեկը գտնվեց, որ էսքան գրագետ ու թեթև կարողացավ ներկայացնել ստեղծված իրավիճակը: Նույնն էր նաև «Հոգեկանչություն՝ ըստ սերիալի» էսսեն: Երկար ժամանակ է հեռուստացույցի հայկական «արտադրության» ալիքների «միջով» անցնում եմ Discoveryն գտնելու մեծ հույսով ու ցանկությամբ, ու ուշադրություն չեմ էլ դարձնում, թե էնտեղ ինչ է կատարվում: Ու էդ երկու էսսեները ինձ պարտադրեցին մի քիչ դանդաղ փոխել ալիքներն ու ուշադրություն դարձնել մեր հաղորդումներին, հեռուստատեսային պարտադրված ճաշակին և այլն: Երկու օր էդպես վարվելուց հետո հասկացա, որ եթե նստեմ ու որոշեմ ինչ-որ բան գրել հայկական հեռուստատեսության մասին, ուրիշ ոճով, բայց և Թեգյոզյանի ասելիքով մի բան կստացվի: «Ինքնաթիռ թատրոնն» էլ էր լավը, հավանեցի:

Պատմվածքնե՜ր: Գոնե չգտնեի ձեզ: Չգիտեմ՝ երբ, ինչ պայմաններում ու ոնց որոշեց իր հարցազրույցներով, էսսեներով ինձ այդքան դուր եկած Հովհաննես Թեքգյոզյանը գրել դրանք: Ի՞նչ էր ուզում ասել, որ իմ դեպքում տեղ չհասավ: Կամ թե ինչի՞ են «Անդոյի ցիրկը» ու «Սիֆիլիս» պատմվածքները կարդալը ինձ մոտ զզվանք առաջացնում, վերջնակետին հասնելը դառնում մոտակա հինգ րոպեի գլխավոր ու ոչ այնքան ցանկալի նպատակ:
Մի բան կա, որ ինձ շեղում է իրադարձություն կոչվածից ու ասում՝ տես, նկարագրություն է, զզվելի է, բայց էս է կյանքը:
Գուցե պատճառը ծայրահեղ մանկական է. Դեռ չեմ կարողանում կարդալ նմանատիպ գործեր:
Գուցե ուղղակի մարդկային տեսակի հարց է:
Մտածում եմ՝ բոլոր տարիքներում էլ նույն զգացողության մի քիչ փոփոխված տարբերակներն եմ զգալու նշված երկու պատմվածքները կարդալիս: Ես դրանք չսիրեցի ու դժվար թե երբևէ փոխեմ կարծիքս:

Հազար ու մի վերջաբան կարող եմ գրել, բայց որոշեցի հենց Թեքգյոզյանին մեջբերել. «… ես, թերևս, առաջին հայ արվեստագետն եմ, ով հրապարակավ հայտարարում է իր ոչ տաղանդավոր լինելու մասին…»:
Հ.Գ. Գուցե նաև ցածր ինքնագնահատականի :)

Վիկա Մարկոսյան