Ալիս Մունրոն ծնվել է 1931 թվականին Օնտարիոյում: Սկսել է տպագրվել պատանեկության շրջանից:
Մունրոյի սևեռված ուշադրությունը բարդ, անբացատրելի երևույթների հանդեպ իր պատկերներին տալիս են գյուղական կյանքի իդիլիական կոլորիտի համ ու հոտ:
Ալիս Մունրոն 1968թ. հրատարակել է իր պատմվածքների առաջին ժողովածուն (Dance of the Happy Shades) և դրա համար ստացել կանադական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Դրան հաջորդել են ևս երկու ժողովածուներ, որոնք նույնպիսի հաջողություն են ունեցել:
Ալիսը մի քանի անգամ Նոբելյան մրցանակի թեկնածու է առաջադրվել:
Նա ավելի շատ հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնցից յուրաքանչյուրի մեջ և՛ խորություն, և՛ իմաստնություն, և՛ գեղեցկություն կա: Կարդալ Ալիս Մունրոյի ստեղծագործությունները, նշանակում է ամեն անգամ ճանաչել այն, ինչի մասին նախկինում դժվար թե մտածեինք:
Էլիս Մունրո, Երես Համոզված եմ՝ հայրս ինձ տեսել է, գոնե մեկ անգամ տեսել է: Դրանից հետո արդեն հասկացել է՝ ինչի հետ գործ ունի:
Այդ օրերին հայրերին թույլատրված չէր ներխուժել այն շողացող թատերական բեմը, որտեղ երեխաներ էին ծնվում, ոչ էլ այն համարը, որտեղ ծննդաբերող կանայք խեղդվում էին գոռոցներից կամ բարձրաձայն տառապում: Հայրերը հայացք էին նետում մայրերի վրա միայն մեկ անգամ, երբ նրանք արդեն մաքրված էին լինում, գիտակից և հիվանդասենյակում' կիսամասնավոր ու մասնավոր համարներում, լրջաբույսով ծածկոցների տակ: Մայրս մասնավոր համար է ունեցել, ինչպես քաղաքում իր կարգավիճակն էր ենթադրում: Եվ, ընդհանրապես, շատ էլ լավ է, որ այդպես է ստացվել:
Ես չգիտեմ՝ արդյոք հայրս մորս դրանից առաջ է տեսել, թե հետո, ինչպես է կանգնել՝ առաջին անգամ մանկասենյակի պատուհանից ինձ աչքով անելու համար: Կարծում եմ՝ դա հետո է եղել, և երբ նա լսել է հորս քայլերը դռան այն կողմում, զայրացել է, դեռևս չհասկանալով' ինչու: Ի վերջո, մայրս ծնել էր նրա համար մի որդի, ինչը կարելի է ենթադրել, բոլոր տղամարդիկ են ցանկանում:
Ես գիտեմ, թե նա ինչ է ասել. մայրս է ինձ պատմել այդ մասին. «Այս ինչ մսի կտոր է»: Հետո. «Չմտածես, որ նրան տուն կբերես»:
Դեմքիս մի մասը նորմալ էր: Եվ ամբողջ մարմինս էր նորմալ' ոտքերից մինչև ուսեր: Երկարությունս 21 դյույմ էր, քաշս' 3 կգ 700 գր: Հաղթանդամ, առնական մի մանուկ էի ես՝ շիկամազ, գեղեցիկ մաշկով, թեպետ, միգուցե, իմ վերջին ոչ նշանակալից ուղևորությունից հետո դեռ կարմիր էր այն:
Իմ խալը կարմիր չէր, այլ մանուշակագույն: Վաղ մանկությանս շրջանում այն մուգ էր, բայց տարիների ընթացքում ինչ-որ չափով աղոտացավ, թեպետ երբեք աննկատ չմնաց, երբեք չդադարեց լինել այն առաջինը, որ նկատում էին մարդիկ ինձ տեսնելիս, երբեք չդադարեց ցնցել նրանց, ովքեր հարձակվում էին ինձ վրա ձախ կողմից: Ես այնպիսի տեսք ունեի, կարծես ինչ-որ մեկը խաղողի հյութ թափած լիներ վրաս, մեծ, նկատելի ջրի ցայտ լիներ, որը փոքրիկ կաթիլների էր վերածվում այն ժամանակ միայն, երբ հասնում էր վզիս: Թեպետ այն քթիս էր հասնում, բայց մի կոպս էր ծածկում, երբ փակում էի աչքս:
«Ինչքան մաքուր և սիրելի է աչքի սպիտակ մասը»,- մորս ամենահիմար, բայց ներելի արարքներից էր, որն ասում էր' հույս ունենալով օգնել ինձ հիանալ ինքս ինձնով: Եվ տարօրինակ մի բան պատահեց: Ես գրեթե հավատացի նրան. նա այնքան էր ջանք թափում, որ ինձ լավ զգայի…
Անշուշտ, հայրս չկարողացավ ինչ-որ բան անել, որ կանխեր տուն գալս: Եվ, բնականաբար, իմ ներկայությունը, իմ գոյությունը հրեշային ճեղքվածք առաջացրին ծնողներիս միջև: Թեպետ դժվար է հավատալ, որ նախկինում էլ չեն եղել որոշակի ճեղքվածքներ, որոշ չհասկացավածություն, կամ, ամենաքիչը, սառը հիասթափություն:
Հայրս կրթված մարդու որդի էր, որը դաբաղանոց էր սեփականացրել և հետո' ձեռնոցի գործարան: Ապա գործերը վատացել էին, ասես 20-րդ դարը մեծ թռիչք էր ունեցել: Բայց այն մեծ տունը, որ իմ պապիկն էր կառուցել, դեռևս իր տեղում էր գտնվում, իրենց տեղում էին գտնվում նաև խոհարարն ու պարտիզպանը: Հայրս քոլեջ էր հաճախել, միացել էր ուսանողական եղբայրությանը, մի խոսքով' ունեցել էր այն, ինչ ծերության ժամանակ կարող էր հիշել: Հետո, երբ ձեռնոցի գործարանը տակ էր տվել, զբաղվել էր ապահովագրական բիզնեսով: Նա մեր քաղաքում նույնքան հայտնի էր, որքան քոլեջում: Լավ գոլֆ խաղացող, հիանալի նավաստի (ես չնշեցի, որ մենք ապրում էինք Հուրոն լճի մոտակայքում, Վիկտորիանական տան մեջ, արևածագին դեմ դիմաց):
Տանը հորս ամենավառ հատկանիշը ատելության և արհամարհանքի ընդունակությունն էր: Այդ երկու բառերը հաճախ էին իրար հաջորդում նրա դեպքում: Նա ատում և արհամարհում էր որոշ ուտեստներ, ավտոմոբիլային նշաններ, երաժշտություն, խոսելու և զգեստի ձևեր, ռադիոկատակերգություններ, ավելի ուշ' սկսեց ատել հեռուստատեսային դեմքերին: Գումարած ազգերի և դասերի սովորական տեսակավորումը, որոնց ատելը նրա օրերում սովորական էր (միգուցե ոչ այդքան ընդգծված, ինչպես հորս մոտ էր): Փաստ էր, որ մեր քաղաքում քչերն էին համարձակվում նրան ընդդիմանալ, թե´ իր նավաստի ընկերները և թե´ նրա հին եղբայրության անդամները: Նրա կրքոտ ինքնավստահությունն իր սեփական ճշմարտության նկատմամբ շփոթմունք էր առաջացնում շրջապատում' վերածվելով երբեմն հիացմունքի:
«Նա իրերն իրենց անուններով էր կոչում», - այսպես էին խոսում հորս մասին:
Իհարկե, այնպիսի ստեղծագործություն, ինչպիսին ես էի, մի անպատվություն էր, որին ամեն անգամ ստիպված էր լինում դեմ առ դեմ հանդիպել իր սեփական տան դուռը բացելիս: Նա միայնակ էր նախաճաշում և տուն չէր գալիս լանչին: Մայրս կեսօրին ինձ հետ էր ուտում, ընթրիքի մի մասը նույնպես ինձ հետ էր անցկացնում, բայց ավարտում էր նրա հետ: Ի վերջո, կարծում եմ, այս ամբողջ տուրուդմբոցի պատճառը ես էի: Այդ պատճառով էլ մայրս ինձ ընկերակցում էր ընթրիքին, բայց ուտում էր նրա հետ: Պարզ էր' ես չէի նպաստում նրանց երջանիկ ամուսնությանը:
Բայց ինչպե՞ս են նրանք միացել: Մայրս չի հաճախել քոլեջ, իսկ դպրոց գնալու համար ստիպված է եղել պարտքով գումար է վերցնել, որ ուսուցիչները պարապեն իր հետ: Նա վախենում էր ծովագնացությունից, գոլֆում անճոռնի էր նայվում, և եթե նույնիսկ գեղեցիկ էր, ինչպես որոշ մարդիկ են ինձ պատմել (դժվար է սեփական մորդ մասին նման դատողություններ անելը), այնուամենայնիվ նա չէր համապատասխանում հորս այն իդեալներին, ինչով նա կարող էր հիանալ: Որոշ կանանց նա անվանում էր «շշմեցնող», իսկ ավելի ուշ' «տիկնիկներ»: Մայրս շրթներկ չէր օգտագործում, կրում էր ոչ պիրկ կրծկալներ, նրա մազերը հարդարված էին ամուր երիզակով, որը ընդգծում էր նրա լայն, սպիտակ ճակատը: Նրա հագուկապը նորաձևությունից ետ էր մնացել: Լինելով ինչ-որ չափով անդեմ' ամեն դեպքում արքայական տեսք ուներ: Նա այն կանանց տեսակին էր պատկանում, որոնք պետք է հիասքանչ գոհարներից կազմված շղթաներ կրեն, թեպետ չեմ կարծում, որ նա երբևէ կրել է գոհարներ:
Ինչ եմ ուզում ասել, կարծում եմ, որ ես ինչ-որ իմաստով մի պատրվակ եմ եղել, նույնիսկ օրհնություն' պատրաստի վիճաբանություններ ապահովելու համար, մի անլուծելի խնդիր, որը հետ է նետել նրանց իրենց բնական տարբերությունների մեջ, որտեղ էլ, միգուցե, ավելի հանգիստ են եղել: Մեր քաղաքում անցկացրած տարիների ընթացքում ես չհանդիպեցի մեկին, որ բաժանված լիներ, ուստի կարելի է ենթադրել, որ եղել են շատ այլ զույգեր' մեկ տան մեջ առանձին կյանքով ապրող, որ երբեք միմյանց չեն կարողացել ներել որոշ բառեր և արարքներ, և անջրպետներ են եղել նրանց միջև, որոնք արդեն չեն կարողացել կոտրել:
Նման պատմության մեջ զարմանալի չէ, որ հայրս չափից շատ էր ծխում և խմում, ինչպես նրա ընկերների մեծ մասը, անկախ նրանից՝ ինչպիսին է եղել նրանց դրությունը: Դեռ իր 50-ի մեջ էր, երբ կաթված ստացավ: Մի քանի ամիս մահճակալում անցկացնելուց հետո մահացավ: Եվ, բնականաբար, մայրս այդ ընթացքում տանն էր նրան պահում ու խնամում: Իսկ նա մորս գնահատելու փոխարեն ամենավերջին բառերն էր շպրտում: Թեպետ վանկերը խտացված էր արտաբերում, բայց միշտ մորս համար վերծանելի էին, ինչն էլ նրան գոհացնում էր:
Թաղման ժամանակ սպիտակ մազերով մի կին ինձ ասաց. «Քո մայրը սուրբ է»: Ես նրան անմիջապես չսիրեցի: Այդ ժամանակ քոլեջի երկրորդ կուրսում էի սովորում: Ես չմիացա և չհրավիրվեցի միանալու հորս ուսանողական եղբայրությանը: Ընկերներս' հնարամիտ, ժամանակ վատնող, մոլի սոցիալ-քննադատ և նորածին աթեիստներ, գրողներ և դերասաններ դառնալու պլաններ էին կազմում: Ես չէի հարգում այն մարդկանց, որոնք իրենց սուրբ էին երևակայում: Եվ, ճիշտը որ ասեմ, մայրս այն չէր, ինչ նրան վերագրում էին: Նա բավականին հեռու էր կրոնապաշտ մտքերից: Տուն կատարած իմ փոքրիկ այցելության ժամանակ երբեք ինձ չի խնդրել մտնել հորս սենյակ և փորձել խոսք բանալ նրա հետ հաշտեցման մասին: Մայրս հիմար չէր:
Նա ինձ նվիրված էր (այս բառը մեզնից ոչ մեկը չի օգտագործել երբևէ, բայց կարծում եմ' տեղին է ասված) մինչև ինը տարեկան դառնալս: Ինքն է ինձ սովորեցրել ամեն ինչ, հետո նոր դպրոց ուղարկել: Սա դատավճռի պես է հնչում: Մոր սիրուց երես առած տղան' դեմքը մանուշակագույնով սպիացած, հանկարծ նետվում է փոքրիկ վայրենիների ամբոխի մեջ' անողորմ ծաղրուծանակներով հագեցած: Բայց ես վատ չեմ անցկացրել օրերս և մինչ հիմա էլ չեմ հասկանում՝ ինչու: Տարիքիս համեմատ բարձրահասակ էի և ուժեղ, հնարավոր է, հենց դա էլ ինձ օգնել է: Թեպետ, կարծում եմ, մեր տանը տիրող այդ մթնոլորտը, այդ հիվանդ բնավորությունը, որ հաճախ անտեսանելի հորիցս էր գալիս, այդ դաժանության և ջղայնության մթնոլորտը ինձ մի այլ վայր պետք է նետած լիներ, որ դրանից ավելի լավը լիներ, իսկ մարդիկ' ավելի բարյացակամ: Չեմ կարծում, որ ինձ ինչ-որ մեկը խղճում էր: «Ճզմած խաղող». ինձ այդպես էին անվանում: Գրեթե բոլորն էլ ունեցել են նման նվաստացուցիչ մականուններ: Օրինակ' մի տղա կար, որի ոտքերը «բուրում» էին, ամենօրյա տեղատարափներն էլ չէին փրկում, և կատակով նրան անվանում էին Գարշահոտ: Մի խոսքով' ես յոլա էի գնում: Զավեշտալի նամակներ էի գրում մորս, նա պատասխանում էր իրեն բնորոշ բարությամբ' մի տեսակ մեղմ ծաղրական տոն վերցնելով և պատմում, թե քաղաքում ու եկեղեցում ինչ իրադարձություններ են տեղի ունենում:
Մի անգամ նկարագրեց, թե ինչպես է հորը սովորեցրել սենդվիչներ պատրաստել թեյի համար: Իսկական սկանդալ: Նույնիսկ փորձել էր ձեռ առնել հորն, ու Ձերդ գերազանցությունով էր դիմել:
Ես հորս գազան էի սարքել ինձ համար, իսկ մորս' փրկիչ ու պաշտպանող: Եվ հիմա էլ հավատում եմ ներկայացրածիս: Բայց նույնիսկ մինչև դպրոցն ավարտելս նրանք միակ մարդիկ չէին իմ պատմության մեջ, իսկ տան մթնոլորտն էլ միակը չէր, ինչով ես ապրում ու շնչում էի: Իմ կյանքի Մեծ Դրաման իրականում ևս մեկով էր պայմանավորված:
Մեծ Դրամա: Դժվարանում եմ այս մասին գրել: Կցանկանայի իմանալ' չի հնչում այն արդյոք որպես էժանագին ծաղրական կամ ձանձրացնող ինքնաչափազանցություն: Բայց հետո էլ մտածում եմ' արդյոք նորմալ չէ՞, որ կյանքս այդկերպ եմ տեսնում, արդյոք նորմալ չէ՞, որ այսպես եմ խոսում դրա մասին, եթե հաշվի առնենք, որ ե´ս պետք է ընտրեմ իմ կենսակերպը:
Դարձա դերասան: Զարմանո՞ւմ եք: Բնականաբար: Քոլեջում ես պտտվում էի այն մարդկաց շուրջը, որոնք թատրոնում ակտիվ էին, և իմ ավարտական տարում մի ներկայացում սկսեցի ղեկավարել: Մնայուն մի խաղ էր այն, որը ես ստեղծեցի' կարողալով ստանձնել դերս և խաղալ հանդիսատեսի առաջ' թաքցնելով իմ արատավոր կիսադեմը' անհրաժեշտության դեպքում բեմի շուրջը ետադարձ քայլեր անելով: Շատ մեծ խորամանկությունների կարիք չզգացվեց: Այդ օրերին ազգային ռադիոյում մշտական ներկայացումներ էին լինում, իսկ կիրակի երեկոներին' հիմնականում փառասիրական ծրագիր: Վեպերի սեղմագիր ներկայացումներ' Շեքսպիր, Իբսեն: Իմ ձայնը բնականից ճկուն էր, և շատ քիչ մարզումներից հետո այն կատարելագործվեց: Սկզբում ես փոքր դեր ունեի: Բայց ընթացքում, երբ հեռուստատեսությունը ժամանակավոր հետին պլան մղվեց, ես հայտնվեցի ռադիոեթերում, իսկ իմ անունը հայտնի դարձավ թեպետ ոչ շատ մեծ, բայց հավատարիմ հանդիսատեսին:
Երբ դերասանությունն ավարտվեց ինձ համար, ձայնս բավականին ծառայեց այդ ընթացքում, և ինձ վիճակվեց ստանալ հաղորդավարի աշխատանք' նախ Վիննիփեգում, հետո' Տորոնտոյում: Աշխատանքային կյանքիս վերջին 20 տարվա ընթացքում էկլեկտիկ երաժշտական ներկայացման հաղորդավար էի, որը հեռարձակվում էր շաբաթ-կիրակի երեկոներին: Ես չէի մասնակցում երգերի ընտրություններին, ինչպես մարդիկ հաճախ ենթադրում էին: Երաժշտական հարցում իմ տարբերակումները սահմանափակ էին: Բայց ես ճարպկություն ունեցա ստեղծել ինձ համապատասխան անհատական թեթև սրամիտ մի հաղորդում: Հաղորդումը շատ նամակներ էր ստանում: Մեզ լսում էին ծերանոցներում, կույրերի կենտրոններում, լսում էին այն մարդիկ, ովքեր երկար և միատոն տարածություններ էին կտրում-անցնում գործի բերումով, այն տնային տնտեսուհիները, ովքեր կեսօրին միայնակ թխելով ու արդուկելով էին զբաղված, տրակտորներով ակրեր հերկող ու ցաքանող ֆերմերները: Մի խոսքով' ամբողջ քաղաքն էր մեզ լսում:
Երբ ես վերջնականապես հեռացա ռադիոյից, քծնանքի ալիք թափվեց վրաս: Մարդիկ պատմում էին, թե ինչ են զգում. կարծես շատ մոտիկ ընկերոջ կամ ընտանիքի անդամ կորցրած լինեին: Նրանք նկատի ունեին, որ շաբաթվա հինգ օրը որոշակի ժամանակով ես հուսալիորեն նրանց կյանք էի ներխուժում: Նրանք ի նկատի ունեին այն, որ միայնակ չէին զգում իրենց, ինչի համար ամբողջ հոգով ինձ երախտապարտ մնացին: Անսպասելի է, բայց ես կիսում էի նրանց հետ զգացմունքներս: Երբ նրանց համար նամակներ էի կարդում եթերում, հազիվ էի ինձ զսպում: Բայց և այնպես, հաղորդման և իմ մասին հիշողություններն աղոտացան: Նոր նվիրվածություններ ի հայտ եկան: Ես լիակատար հանգիստ վայելեցի' մերժելով բարեգործության աճուրդների ամբիոնը կամ նոստալգիա առաջացնող խոսքերի հաղորդումը: Մայրս մի քանի տարի շուտ մահացավ'չապրելով իր լավագույն շրջանը, բայց ես չվաճառեցի ընտանեկան տունը, միայն վարձով էի տալիս: Հիմա պատրաստվում եմ վաճառել այն և տնվորին այդ մասին ակնարկեցի:
Ես չափահաս էի ու բնականաբար, միայնակ չէի: Ի հավելում իմ հանդիսատեսի' ես ընկերներ ունեի: Իմ կյանքում նաև կանայք կային: Մի քանիսը, իհարկե, մասնագիտանում էին այն տղամարդկանց հարցում, որոնք, ըստ նրանց, ժամանցի են ձգտում և, որպես առատաձեռնության նշան, մեծ ցանկություն էին ունենում ժամանակ անցկացնել այդ տղամարդկանց հետ: Ես սպասում էի նրանց: Այն կինը, ում հետ ես ամենամտերիմն էի այդ տարիներին, երկաթուղային կայարանի ընդունարանում էր աշխատում, մի հաճելի և խելացի անձնավորություն, ում լքել էին իր սեփական չորս երեխաների հետ: Ինչ-որ խորհուրդ կար նրա մեջ, որ մենք միասին ապրեինք: Իր ամենափոքրը մի դուրս ընկածի մեկն էր, որը հաջողացրել էր երեխա ունենալ, առանց երբևե տնից դուրս գալու: Հետո ինչ-որ չափով մեր սպասումները և մեր պատմությունը իր նշանակությունը կորցրեց: Հրաժեշտից հետո մենք շարունակում էինք խոսել հեռախոսով. ես վերադարձել էի իմ հին տուն: Նրան հրավիրում էի իմ տուն: Հետո անսպասելիորեն իմացա, որ նա պատրաստվում է ամուսնանալ և ապրել Իռլանդիայում: Ես ինձ այնքան իմ դիրքից տապալված էի զգում, որ չհարցրի' արդյոք աղջկան ու փոքրիկին նույնպես վերցրել է:
Այգին մի մեծ խառնակություն է: Ծեր, բազմամյա բույսերը' դեռ ցիրուցան եղած մոլախոտերի շուրջ, անմշակ տերևները ավելի լայացած, քան անձրևանոցները, տեղավորվել էին 60-70 տարվա ռևանդենուց պատրաստված մահճակալի կողքին, կես դյուժին խնձորի ծառերը մնացել և դարձել էին փոքր խնձորների պես որդնած, որոնց անունը չեմ էլ հիշում: Լաթերը, որոնք ես մաքրում էի, մի րոպե տևեցին, մինչդեռ մոլախոտերի կույտերը հավաքելը հսկայական գործ էր:
Բացի այդ, դրանք պետք է դուրս հանվեին իմ ծախսերից: Քաղաքը դեռ երկար ժամանակ խարույկներ կունենար:
Այս ամենին հետևում էր մի այգեպան' Փիթ անունով: Ես մոռացել եմ նրա ազգանունը: Նա մի ոտքը քարշ էր տալիս իր հետևից, իսկ գլուխը տանում էր մի կողմի վրա հակված: Չգիտեմ, արդյոք դժբախտ պատահար է ունեցել թե ոչ կամ տառապել է կաթվածից: Նա դանդաղ էր աշխատում, բայց ջանասիրաբար և գրեթե միշտ վատ տրամադրության մեջ էր: Մայրս նրա հետ խոսում էր մեղմաձայն հարգանքով, բայց նա շատ չէր մտածում մորս առաջարկների մասին ծաղկե մահճակալների շուրջ: Նա ինձ չսիրեց, որովհետև շարունակ եռանիվ հեծանիվս քշում էի այնտեղ, որտեղ հարկավոր չէր, և նաև այն պատճառով, որ քթիս տակ նրան Վախկոտ Փիթ էի անվանում ու նա երևի տեղյակ էր: Չգիտեմ, թե դա որտեղից մտածեցի: Երևի հումորի էջից եկած մի բան էր: Նրա աճող ատելության մյուս հնարավոր պատճառը հենց նոր անցավ մտքովս: Եվ տարօրինակ է, որ նախկինում չեմ մտածել դրա մասին: Մենք երկուսս էլ արատավոր էինք, ակնհայտ' ֆիզիկական դժբախտության զոհեր: Կարելի է մտածել, որ նման մարդիկ ընդհանուր բան ունեն, բայց դա այդպես չէ: Յուրաքանչյուրը կարող է մյուսին հիշեցնել ինչ-որ բան, որը կարող էր մոռանալ: Բայց վստահ չեմ, որ սա իմ դեպքն է: Մայրս այնպես էր ամեն ինչ կազմակակերպել, որ ժամանակի մեծ մասը ես իմ վիճակից անտեղյակ էի լինում: Նա պնդում էր, որ տանն էր ինձ սովորեցնում իր բրոնխյալ հիվանդության պատճառով և ինձ դպրոցի միկրոբների հարձակումներից փրկելու անհրաժեշտությունից դրդված: Արդյոք ինձնից բացի ուրիշ մեկը հավատում էր նրան, չգիտեմ: Իսկ ինչ վերաբերում էր հորս թշնամությանը, որն այդքան լցված էր մեր տան մեջ, իրականում չեմ կարծում, որ դրանից եմ առանձնացած ինձ զգացել:
Վախենում եմ ինձ կրկնելուց, բայց պետք է ասեմ, որ մայրս ճիշտ քայլ է արել: Իմ հայտնի արատի շեշտվածությունն ինձ չափազանզ երիտասարդ էր պահում և ոչ մի տեղ տեղ չկար թաքնվելու: Հիմա ամեն ինչ այլ է. իմ պես երեխայի նկատմամբ վերաբերմունքի վտանգը, ոչ թե քննադատությունն ու առանձնացումն էր, այլ ցուցադրական բարությունը: Բայց այդ տարիների կյանքը խլեցին կենդանությունը, խանդավառությունը, պատմական սովորույթները, ինչը մայրս հավանաբար գիտեր:
Երբեք մտքովս չէր անցնում, որ մինչ ես ու Նենսին խաղում էինք՝ միասին անցկացնելով ամբողջ օրը, մայրս աչքը նրա ու նաև ինձ վրա էր պահում, ավելին, խնդրել էր նաև մեր սպասուհուն հետևել մեզ, որպեսզի պահեր միսիս Քոդիին որպես ծառայող:
Ինձ հիմա թվում է, որ մենք միշտ միասին ենք խաղացել մեր արթուն ժամերին: Այդ ժամանակ ես մոտավորապես հինգից ութ-ութուկես տարեկան էի: Մեծ մասամբ մենք դրսում էինք խաղում: Այն օրերը, որ անցկացնում էինք Նենսիի հյուղակում, ջղայնացնելով նրա մորը, պետք է որ անձրևոտ օրեր լինեին: Մենք պետք է հեռու մնայինք բանջարանոցից և աշխատեինք չտրորել ծաղիկները, բայց մենք մշտապես հատապտուղների թփերի մեջ էինք, խնձորի ծառերի տակ կամ էլ հյուղակից վերև ընկած լրիվ վայրի տարածության մեջ, որտեղ կառուցել էինք մեր գազապաստարանն ու թաքստոցը՝ գերմանացիներից պատսպարվելու համար:
Մեր քաղաքի հյուսիսային կողմում կար ռազմական բազա, և իսկական ինքնաթիռներ էին մշտապես սավառնում մեր շուրջը: Այս պատերազմ հիշեցնող իրավիճակների պատճառով մենք որոշեցինք Փիթին դարձնել ոչ թե պարզապես տեղական նշանակության թշնամի, այլ ֆաշիստ' տանկով,որը նրա խոտ կտրելու մեքենան էր: Երբեմն վայրի խնձորի ծառերից հավաքած խնձորներ էինք նետում նրա վրա, որոնք մեր բիվակում էին պահված: Մի անգամ նա դժգոհեց մորս, և այն մեզ վրա նստեց մեկանգամյա ուղևորություն դեպի ծովափ:
Մայրս հաճախ էր Նենսիին վերցնում մեզ հետ ծովափ: Այնտեղ, որտեղ չկային գռեհիկ լողորդներ և ջրային դահուկորդներ, մենք ոչ թե մեր տան ներքևի քարափի մոտ գտնվող ջրային սահնակը, այլ մի ավելի փոքր սահնակ էինք ստիպված վարել: Ի դեպ, Նենսին էր մեզ սովորեցնում լողալ: Նա ավելի անվախ էր ու անշրջահայաց, քան ես, ինչն ինձ մի անգամ այնքան նյարդայնացրեց, որ նրան հրեցի մոտեցող ալիքի տակ ու նստեցի նրա գլխին: Նա վեր թռավ, շունչը պահեց և սկսեց կռիվ տալ իր ազատության համար:
«Նենսին փոքր աղջիկ է,- հանդիմանեց ինձ մայրս,- նա փոքր աղջիկ է, և դու պետք է նրան վերաբերվես որպես քո փոքր քրոջ»:
Ինչն էլ ճշտորեն անում էի ես: Ես նրան չէի նայում որպես ինձնից թույլի: Փոքր էր, ճիշտ է, բայց երբեմն դա առավելություն էր: Երբ մենք ծառ էինք բարձրանում, նա կարողանում էր կապիկի պես կախվել ճյուղերից, որոնք ինձ չէին դիմանա: Մի կռվի ժամանակ նա հարվածեց թույլ թևիս, որը սկսեց արյունահոսել: Այդ ժամանակ մենք բաժանվեցինք, կարծեմ մեկ շաբաթ, բայց շուտով մեր բարկությունը վերածվեց բուռն ցանկության, բարեխոսության, իսկ արգելքը հանվեց:
Ձմռանը մեզ թույլտարված էր թափառել ամբողջ տարածքում. ձնե ամրոցներ էինք կառուցում՝ համալրելով վառելափայտի փայտիկներով և ձնագնդիկների զինանոցներով՝ նետելու համար որևէ մեկի վրա, որ մեզ կմոտենար: Իսկ նրանք քիչ էին հանդիպում այնպիսի ամայի փողոցում, ինչպիսին մերն էր: Երբեմն ստիպված էինք լինում ձնեմարդ պատրաստել հենց այնպես, ուղղակի բռունցքներով նրան հարվածելու համար:
Իսկ ինչ վերաբերում է սեքսուալ խաղերին, երևի թե կզարմանաք: Բայց, այո, մենք այդպիսիք էլ ենք ունեցել: Հիշում եմ՝ չափազանց շոգ մի օր ինչպես թաքնվեցինք մի վրանում, որը չգիտես ինչու տեղափոխել էին հյուղակի ետևը: Մենք այնտեղ սողոսկեցինք միմյանց բացահայտելու նպատակով: Վրանը ուներ թեթևակի էրոտիկ, բայց մանկական հոտ' մեր վրայից հանված ներքնաշորերի պես: Տարբեր խուտուտները մեզ գրգռեցին, հետո միմյանց խաչեցին և շուտով թրջվեցինք քրտինքի, քորի և ամոթխածության մեջ: Երբ մենք այդտեղից դուրս եկանք, զգացինք, որ ավելի հեռացած ենք իրարից, քան երբևե, և տարօրինակ կերպով զգույշ իրարից: Չեմ հիշում՝ արդյոք դա կրկնվեց՝ նույն արդյունքով, բայց և չեմ զարմանա, եթե կրկնվել է:
Նենսիի դեմքը այնքան պարզորոշ չեմ կարողանում մտաբերում, որքան իր մոր դեմքը: Կարծում եմ՝ նրա գույնը նույնն էր կամ ժամանակի հետ այդպիսին էր դարձել: Արևի տակ երկար մնալուց գունաթափված, խարտյաշ մազեր, որոնք ակնհայտորեն դարչնագույն էին դարձել: Վարդագույն, նույնիսկ կարմրավուն մաշկ: Այո: Նրա այտերը կարմիր եմ մտաբերում, կարծես գունավոր մատիտով ներկած լինեին: Եվ դրա պատճառը նորից այն էր, որ դրսում էինք անցկացնում մեր ամբողջ ժամանակը, ինչպես նաև նրա կենսունակությունը:
Անշուշտ, մեր տան բոլոր սենյակները մեզ համար արգելված էին, բացառությամբ նրանց, որոնք հատկացված էին մեզ: Չէինք էլ երազում վերնահարկ բարձրանալու, առջևի հյուրասենյակ կամ էլ ճաշասենյակ մտնելու մասին: Բայց հյուղակում ամեն տեղ մտնել թույլատրված էր, նաև նկուղն էր հարմար վայր, հատկապես երբ հոգնում էինք կեսօրվա շոգից: Նկուղի աստիճանները վանդակաճաղեր չունեին, և մենք կարողանում էինք ավելի ու ավելի համարձակ թռիչքներ կատարել' վայրէջք կատարելով կոշտ, կեղտոտ հատակին: Հետո, երբ ձանձրանում էինք դրանից, հին վագոնիկի մեջ էինք մագլցում, վեր ու վար ցատկում՝ երևակայական ձի մտրակելով: Մի անգամ էլ փորձեցինք ծխախոտ ծխել' թռցնելով Նենսիի մոր ծխախոտի տուփից (բայց չհամարձակվեցինք մեկից ավելի գողանալ): Նենսին նման հարցերում ինձնից ավելի ճարպիկ էր, որովհետև ավելի մեծ փորձառություն ուներ:
Նկուղում նաև մի հին զարդասեղան կար, որի վրա դրված էին մի քանի՝ մեծ մասամբ չորացած ներկի և ջնարակի թիթեղե ամաններ, չորացած վրձինների տեսականի, ներկը խառնելու փայտիկներ և տախտակներ, որոնց վրա գույներ էին փորձարկել կամ վրձինները մաքրել: Մի քանի թիթեղե ամանների կափարիչները դեռ ամուր փակված էին, և մենք հետաքրքրությամբ ու մի քիչ դժվարությամբ բացեցինք դրանք և հայտնաբերեցինք ներկեր, որոնք կարող էինք բացել՝ բերելով անհրաժեշտ թանձրության: Հետո երկար փորձեցինք թուլացնել վրձինները' դրանք մտցնելով ներկի մեջ, հարվածելով զարդասեղանի տախտակներին՝ ստեղծելով խառնաշփոթ, բայց ոչ մի արդյունքի չհասնելով: Թիթեղյա ամաններից մեկի պարունակությունը, սակայն, պարզվեց սկիպիդար էր, ինչն ավելի լավ աշխատեց: Հիմա էլ սկսեցինք այդ խոզանակներով ներկել, մինչև օգտագործման համար պիտանի դարձան: Այդ ժամանակ ութ տարեկան էի և մորս շնորհիվ ինչ-որ չափով կարողանում էի գրել-կարդալ: Նենսին նույնպես կարողանում էր, քանի որ ավարտել էր երկրորդ դասարանը:
- Մինչև չավարտեմ, չնայե´ս,- ասացի նրան և թեթևակի դուրս հրեցի ճանապարհից: Մտածում էի՝ ինչ-որ բան նկարել: Ինչևէ, նա զբաղված էր կարմիր ներկի տարայի կողքերին իր վրձինը ջարդուփշուր անելով:
«ՖԱՇԻՍՏՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԱՅՍ ՆԳՈՒՂՈՒՄ»,- գրեցի ես:
- Դե հիմա նայիր,- ասացի:
Նա կանգնած էր մեջքով դեպի ինձ' վրձինը ձեռքում պահած:
- Ես զբաղված եմ,- ասաց նա:
Երբ շրջվեց, նրա երեսի մեծ մասը կարմիր էր ներկված:
- Հիմա նմա՞ն եմ քեզ,- բղավեց նա' սահեցնելով վրձինը այտի վրայով:- Հիմա նմա՞ն եմ քեզ:
Նա անչափ գոհ ու երջանիկ էր, կարծես ինչ-որ կախարդական բան էր արել, մի փայլուն կերպարանափոխություն: Կկարծեիք, թե սա մի բան էր, որին ամբողջ կյանքում սպասել էր:
Հիմա պետք է բացատրեմ, թե ինչ պատահեց հաջորդ մի քանի րոպեներին:
Առաջինը, որ մտածեցի' նա սարսափելի տեսք ունի:
Ես չհավատացի, որ երեսիս մի մասը կարմիր է: Եվ իրականում էլ այդպիսին չէր: Երեսիս կեսը, որ գունավոր էր, սովորական մուգ կարմիր խալի գույն ուներ:
Բայց սա այն չէր, ինչ ես պատկերացնում էի իմ մտքում: Ես հավատում էի, որ իմ նշանը թեթև դարչնագույն է:
Շարունակելի
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը