Ես ինձ գտա քո աչքերում՝ արբած լույսով կապտահամբույր,
Հիմա գիշեր. դու քնած ես՝ աչքդ կողպած հոգնությունով:
Ծվատվում եմ ես խոհ առ խոհ ու հասկանում՝
Ոչի՜նչ չկա է՛լ ավելի սարսափելի, երբ հաշմված սպասումով
Կալանքում ես դու ինքդ քեզ տառապանքի անդուռ բանտում,
Ուր որ սե՜րն է լացում թլվատ՝ կիսալուսնի կակազումով:
Ինքնաձաղկող անկեղծությամբ ես իմ ներսն եմ մի պահ նայում,
Փնտրում եմ քե՞զ, թե՞ փախչում եմ ինձնից հեռու.
Դու հեռո՜ւ ես՝ վարագուրված փակ կոպերով…
Բաց զնդանում պատեպատ եմ խփվում անդեմ.
Խոնավության մուգ թարգմանի գույնը կանաչ
Ինձ գարո՜ւն է հիշեցնում. խաբկանք է սին,
Աստղաքնար մո՜ւթն է խաչվում այգաբացին արտասվացող,
Արթնությո՜ւնն է զանգեր խփում, ժա՜մն է սուրճով խնկարկումի,
Ու ցուրտ բանտի պատից քերված մի մե՜ծ պտղունց մռայլություն
Ծիածանվող այգաբացի մաքրամաքուր պաղին խառնած՝
Սփոփանքի կում եմ անում, բայց դառնահամ մրուրը թունդ
Խառնվում է ծխախոտիս տաք մշուշին,
Լոկ մռայլն է բազմապատկվում,
Ու կարոտն է մեղսասարսուռ լուսաբացին թթխմորվում:
Բայց ես իսկույն անջատում եմ ինձ խավարից կրքախորհուրդ,
Դառնում լեզվակ լուսաղողանջ ժամերգության առավոտի,
Որ երբ բացվեն կոպերդ փակ, ես մաքրված գտնեմ նորից
Ինձ աչքերիդ լուսաբացո՜ւմ…

02.06.2013.