Ֆրանսիական «Տաքսի» ֆիլմը հիշում եք, չէ՞։ Այսօր երեկոյան այդպիսի մի տաքսիստ հանդիպեց...

Անհանգիստ տղա էր, տեսքից մոտ քսանհինգ տարեկան։ Ընդամենը 150-200 մետր էինք շարժվել, արդեն հասցրեց մի քանի բարդ կոմբինացիա իրագործել, շարքից շարք անցավ, մի քանի մեքենա շրջանցեց։ Ու շատ էր խոսում։

Առաջարկեց Կրկեսի մոտից մինչև Աջապնյակ «Նաբերեժնիով» գնալ։ Ժամանակին մեկ այլ տաքսիստի հետ արդեն նման արկածախնդրության դիմել էի ու հենց նույն՝ երեկոյան ժամերին էր, հետո մի ժամ լռված էինք «Փարվանա» ռեստորանի դիմացի նեղ փողոցում՝ երկու կողմից մեքենաներով սեղմված, որ չէին կարողանում իրար տեղ տալ։

Տաքսիստիս ասացի, որ չէ, հավես չկա Նաբերեժնիում լռվելու։ Զգացի՝ դուրը չեկավ, որ չեմ վստահում. «Ախպեր, էդ երևի Փարվանայի դեմն էլ լռվել, չէ՞», — ճիշտ գուշակեց նա։ Գլխով արեցի, թե հա։ «Ախպեր, էն մյուս կողմով ա պետք անցնել, ընդե ազատ ա»։

Ինչևէ, շարունակեցինք սովորական ճանապարհով։ Սկսեց ինչ-որ լուսաֆորներից պատմել, գլուխս էնքան տարավ, ստիպված ասացի, որ հետաքրքիր չի այդ ամենը։ Էլի դուրը չեկավ, բայց լռեց։ Լռությունը տևեց 3 րոպե, ոչ ավել։ Ստադիոն չհասած ինչ-որ երեխա ճանապարհի վրա Հայաստանի փոքր դրոշներ էր վաճառում։

— Էս ի՞նչ խաբար ա, ախպեր, չգիտե՞ս, — հարցրեց։

Ինձ էլ հետաքրքրեց.

— Կարո՞ղ ա ֆուտբոլ ա, — ասացի. — Բայց ֆուտբոլը վաղն ա կարծեմ։

— Յա, ի՞նչ ֆուտբոլ, — աշխուժացավ տաքսիստը. երևի հա´մ թեմայից, հա´մ էլ, որ վերջապես հետը սկսեցի զրուցել։

— Բուլղարիայի հետ չե՞ն խաղում։ Բայց էդ վաղն ա, էսօր խի՞ պիտի դրոշ ծախեն։

— Ախպեր, աչքիս առավոտ շուտ ա խաղը լինելու, դրա համար էլ հիմա են ծախում։

Վարկածն այդքան էլ համոզիչ չէր, բայց էլ չխոսեցի։ Մինչդեռ հասանք «Հրազդան» մարզադաշտի հետևի ճամփան, էն որ Ծիծեռնակաբերդի շուրջ գնում է մինչև Լենինգրադյան։ Խցանում էր։ Հեռվում էլ ճանապարհային ոստիկանության մեքենաների լույսեր են թրթռում։

Մեկ-երկու րոպե կանգնեցինք, ու տաքսիստս չդիմացավ.

— Ախպեր, դեմ չե՞ս, որ մի քիչ առաջ մտնենք։

— Հը՞, — փորձեցի հասկանալ ինչ է ուզում ասել։

Հարցս որպես դրական պատասխան ընդունելով աջ տվեց ու երկու անիվով բարձրանալով մայթի վրա՝ տեղից թափով պոկվեց։ Տրամադրությունս բարձրացավ. երևի և´ տաքսիստիս խելառությունից, և´ իսկապես հեչ հավես չկար կես ժամ այդ ճանապարհին տնգվելու։

ՃՈ պարեկը մեզ չէր տեսնում, քանի որ մեքենաները փակում էին տեսադաշտը։ Երբ մինչև ոստիկանների մեքենան 2-3 մեքենա էր մնում, վարորդը մայթից իջավ, մտավ առաջին շարք, ու միանգամից էլ ամրագոտին անցկացրեց գլխի վրայով, թե. «Նայե´ք, հա՜, ամրագոտիս էլ կապած է»։ Մի պահ ճանապարհը բացվեց, էլ ժամանակ չկորցրեց, մտավ բաց տեղով ու դուրս պրծանք խցանումից։ Մի քանի մետր էլ անցավ ու թեթևացած շունչ քաշելով հանեց ամրագոտին։

Մինչև տեղ հասնելը ևս մեկ ՃՈ պարեկ պատահեց ճանապարհներիս, էլի արագորեն վզից գցեց ամրագոտին, որպեսզի մի քանի րոպե անց նույնպես արագորեն այն հանի։ Մի խոսքով, անհանգիստ տղա էր, շատ :)

Հասանք տեղ, հաշվիչին 800 դրամ էր։ Մինչ գրպանիցս հազարանոցը հանում էի, արդեն 200 դրամը պատրաստել, սպասում էր։ «Լավ ա, ախպեր, շնորհակալ եմ», — ասացի, մանրը չվերցնելով։

«Քեզ էլ մերսի», — մի քիչ զարմացած, մի քիչ էլ ուրախացած պատասխանեց. երևի հույս չուներ, որ իմ պես չոր ու ցամաք հաճախորդից մանր կստանա։