Գոգա

Ծիծաղելի շարժումներ էին անում երկար, բարակ թևերն ու չռված մատները: Ապակին ճռճռում էր, աղջիկը շնչակտուր ֆսֆսում էր ու փնչացնում: Նրա ձեռքերի մեջ ճեփ-ճերմակ լաթի կտորը կախարդական թվացող վարպետությամբ փայլեցնում էր ցուցափեղկերի մեծ, հատակին հասնող ապակիները: Դիմացի սրճարանի բոլոր այցելուներն անպայման իրենց հաճելի զբաղվածությանը զուգահեռ հայացքներ էին նետում խանութի ցուցափեղկի ետևում ցատկոտող, խելագար շարժումներ անող, պատուհան լվացող աղջկան: Այս ամենն ավելի հետաքրքիր ու զավեշտական էին դարձնում նրա հագուստն ու շեկ-շեկ, զսպանակ հիշեցնող կարճ խոպոպիկները: Եթե հաշվի չառնեին, որ աղջիկը փխրուն էր, մանկահասակ, գեղեցիկ դիմագծերով, խաղաղ, մոխրագույն, լույսից էլ պայծառ բիբերով, կարելի էր նրան համեմատել խրտվիլակի հետ: Հագուստն այնքան մեծ էր, այնպես հնամաշ և ծիծաղելիորեն գույնզգույն, որ կարծես հատուկ զուգել էին բանջարանոցում կանգնեցնելու համար: Արագ շարժումներով հերթով լվանում էր ապակիները, երկու ձեռքերն ապակու վրա տարածած, ու ծիծաղելի, հատուկ իր կողմից մշակված եղանակով փայլեցնում էր նախորդ գիշերվա անձրևաջրերի ցեխոտ հետքերը: Կեսօրն անցել էր, արևը տաքացնում էր ցուցափեղկերի ետևից ժպտացող աղջկան: Փողոցում եռուզեռ էր, անցորդների հետաքրքրասեր, ծաղրող, երբեմն բարի ու կարեկից ժպիտները պղպջակների նման պայթում էին շլացուցիչ փայլող ապակիներին: Աղջիկը՝ կեղտոտ ջրով լի դույլը ձեռքին, ճերմակ լաթի կտորը փոքրիկ ուսին գցած, անցավ պատուհանների կողքով, կորավ անցորդների տեսադաշտից: Կես ժամ հետո նրան տեսան խանութի դռնից դուրս գալիս: Ափի մեջ ամուր սեղմել էր թղթադրամը: Քայլելիս մոխրագույն կիսաշրջազգեստի փեշերը փաթաթվում էին սրունքներին: Ոտքերին տղամարդու հնամաշ կոշիկներ էին: Մոտեցավ , հենվեց կաղնու հաստ բնին: Բարակ ուսերի վրա աշնան քամին դողաց, բարձրացավ, խառնեց խոպոպները, մի փունջ նետեց ճակատին: Անհանգիստ փայլեցին աչքերը, մի բան էր տանջում նրա միտքը: Երկար սպասված աշունն էր մայթերի վրա պարում, կաղնու գագաթից մի քանի հսկա տերև ցած թափվեցին: Լռություն էր ... Աղջիկը ոտքերի տակ նայելով քայլեց մայթով՝ մասնագետի հայացքով չափչփելով իրար կողք կողքի շարված խանութների ցուցափեղկերը: Նրա դմփդմփացող քայլերն ուշադրություն էին գրավում: Ուսերը կծկվել էին ցրտից: Նկատեց արագ սնունդ պատրաստող կրպակի դիմաց ետ ու առաջ քայլող կաղ շանը: Կենդանին մի պահ կտրվեց ստամոքսը կծկող ցավից ու, պոչի մնացորդը արագ-արագ շարժելով, մոտեցավ աղջկան:
-Գոգա՜…
Աղջիկը ոչ մի ուշադրություն չդարձրեց իր կողմը թեքված, ձեռքը թափահարող երիտասարդի վրա: Նա ծալել էր ծնկները, ձեռքով խառնում էր կենդանու գզգզված, խիստ փոշոտ մորթը: Սա լեզուն դուրս գցած, ագահ լիզում էր աղջկա փոքրիկ ձեռքերը: Հետո պոկվեց նրա գրկից, վազեց կրպակի կողմը: Աղջիկը քիթը վեր տնկեց, աչքերը կկոցած ժպտաց:
-Քեզ հետ եմ, ա՛յ ախչի…,-երիտասարդը ձեռքով մոտ կանչեց նրան: Կրպակի ներսում մի բարձրահասակ երիտասարդ էր կանգնած, նրա աղեղնանման հոնքերը վեր բարձրացան, ուշադիր զննեց աղջկա արտաքինը:
-Սրա՞ մասին էիր ասում, Սա՛շ…
-Հա: Լավ աղջիկ ա, մաքրասեր, արագաշարժ: Երկու րոպե ներս թողնեմ, ամբողջը կփայլեցնի:
-Շատ նիհարիկ ա, փոքր…դրա արած գործն ի՞նչ պիտի լինի:
-Ասում եմ՝ լավ գործ ա անում,-Սաշիկը աչքով արեց ընկերոջը,- հավատա՛, Սա՛ք…
Երկու երիտասարդները միաժամանակ նայեցին աղջկա կողմը: Վերջինս շոյելով փեշից հեռացնում էր շան գզգզված գլուխը:
-Փնթի տեսք ունի,- Սաքոն խոժոռված զննեց նրան, հետո աչքերը կանգ առան կոշիկներին,-Անտե՞ր ա:
-Հա՛…մայր ունի, բայց տանը վեր ա ընկած…էնքան ա փողոցները չափչփել ամբողջ կյանքում, հիմա թոշակի ա անցել, աղջկան ա դուրս շպրտել, որ իր արհեստը շարունակի: Բայց սա շատ դմբլո ա դեռ: Դեմքին նայի…երեխա…
-Դե սրանք մի օրում են մեծանում,-Սաքոյի գռեհիկ ծիծաղը սառեց հենց բերանի մեջ, երբ աղջկա մաքուր, միամիտ հայացքը նկատեց նրան:
-Հա, երեխա ա, ճիշտ ես ասում…
-Համ էլ հիվանդ ա խեղճ երեխան, չենք նեղացնում…Մի երկու բառ հազիվ ա ասում…
-Հա, ասել ես, գիտեմ…
Գոգան քայլեց դեպի կրպակը՝ աջ ձեռքի ցուցամատը վեր տնկած: Սաշիկը արագ-արագ հացի կտորի մեջ խոզի տապակած միս լցրեց, համեմունքները վարժ ձեռքով ցանեց վրան, փաթաթեց, մեկնեց աղջկան: Գոգան զգուշավոր հայացքներ էր գցում անծանոթ երիտասարդի կողմը: Ճմռթված թղթադրամը մեկնեց Սաշիկին, վերջինս ետ հրեց նրա ձեռքը:
-Վաղը կգաս, գործ կանես, համ էլ մի քանի ուտելիք կտամ, կտանես մորդ:
Մոխրագույն աչքերը ուշադիր ու լարված շուրթերի վրա որսում ու կարդում էին հատուկ շեշտված բառերը: Սաքոն սիգարետ վառեց: Ծուխը ներս քաշելով զննում էր նրա թեթև, օրորվող քայլերը: Աղջիկը տեղավորվեց մայթի նստարանին, շան հետ կիսեց իր նախաճաշն ու առանց շտապելու սկսեց ուտել: Նրա լուսավոր դեմքը նորից մթնեց: Այդպես խոժոռվում ու կծկվում են ֆիզիկական ցավից: Սաքոն ընկերոջը մի քանի բառ ասաց, քայլեց դեպի աղջիկը:
-Անունդ Գոգա՞ է:
Աղջիկը գլխով արեց:
-Երևի Գոհա՞ր:
Գոգան թոթվեց ուսերը, բարակ բլուզը սահեց ուսի վրայից: Մաշկը կաթնագույն էր ու թափանցիկ: Սաքոն ուշադիր զննեց աղջկա դեմքը: -Կգա՞ս իմ խանութում գործ անես:
Գոգան արագ-արագ գլխով արեց:
-Հիմա կգա՞ս:
Նորից համաձայնության նշան:
-Դե՛, հացդ կե՛ր, գնանք...
Աղջիկն արագ շարժումներով կերավ, վերջացրեց, ձեռքով տրորեց, մաքրեց բերանը: Երբ մոտենում էին մայթի մոտ կանգնած մեքենային, շունը համարյա քաշքշում էր աղջկա փեշը: Սաքոն քրթմնջոց լսեց Գոգայի բերանից՝ բառեր հիշեցնող բացականչություններ: Խոժոռվեց: Աղջկա արտաքին հրապույրը, սիրուն աչքերն ու մաքուր մաշկը միանգամից մոխրագույն դարձան նրա համար: Ամբողջ ճանապարհին նա զգում էր ետևի նստարանին նստած աղջկա շփոթմունքն ու անհանգստությունը: Ինքն էլ շտապում էր որքան հնարավոր է, շուտ հասնել խանութ ու աղջկան հանձնել Սեդային: Երբ մեքենան կանգնեց ու երիտասարդը ետ նայեց, որպեսզի աղջկան բացատրի, որ հարկավոր է իջնել մեքենայից, մոտիկից տեսավ նրա լայն բացված աչքերի աննկարագրելի մաքուր լույսը:
-Ա՛յ ճստո,-իր համար էլ անսպասելի արտասանեց ու հրեց ուսը…,-Դուրս թռի՛, դե՛…
Սեդան դիմավորեց նրանց խանութի դռանը՝ դժգոհ նայելով ցնցոտիների մեջ դողդողացող, բայց ժպտադեմ աղջկան:
-Սաքո ջան, սրան որտեղի՞ց ես գտել:
-Սաշիկի մոտ մեկ-մեկ գործ ա անում: Գովեց ահագին:
Հաստամարմին կինը ներս ուղեկցեց նրանց՝ անընդհատ շատախոսելով ու դժգոհելով: Նրա թերահավատ հայացքին Գոգան պատասխանում էր իր դեմքի մաքուր ու պարզ արտահայտությամբ: Խանութը մեծ էր, ընդարձակ սրահներով, մթերքներն ու տնտեսական ապրանքները շարված էին ըստ կարգի ու բծախնդիր մաքրությամբ: Սաքոն բռնեց աղջկա թևից, շրջեց իր կողմը, հատուկ շեշտելով արտասանեց.
-Կլսե՛ս Սեդային, նա քեզ կասի, թե ինչ ես անելու: Եթե մի քիչ լավ պահես քեզ, իմ մոտ աշխատանքի կվերցնեմ: Պահեստում գործ շատ կա: Հասկացա՞ր:
Աղջիկը գլխով արեց, մի շարժում արեց ուսերով ու ներքևի շրթունքը հպարտ ցցելով, որպեսզի հասկացնի, որ կարողանում է հուսախաբ չանել մարդկանց ու պատվով դուրս կգա բոլոր հանձնարարությունների տակից: Սաքոն համակրանքով ժպտաց, քայլեց դեպի դուռը:
-Էսօր ուշ կգամ, Սեդ: Ուշադիր կլինես: Գործն անելուց հետո մի հատ հինգ հազարանոց կտաս էս էրեխուն, անպայման: Տե՛ս, կիմանա՛մ…
-Հլը թող գործ անի, տեսնեմ՝ ոնց է անելու, հետո:
Սաքոն կանգնեց, զննեց նրա յուղոտ աչքերը.
-Քեզ բան ասեցի, եթե նույնիսկ չկարողանա անել, դու փողը կտաս: Հասկացա՞ր: Խուլ-համր էրեխա ա, խաթրին չկպնես
Քիչ էր մնում՝ մեքենայի ղեկը պայթեր մատների ճնշումից: Զայրույթին գումարվել էր հուսահատությունը: Տանից դուրս եկավ, նետվեց մեքենայի մեջ: Հիմա ու՞ր գնա… Ընկերների ու ծանոթների հավեսը չունի: Ինքն իրեն գտավ սեփական խանութի կիսամութ դռան առաջ: Գրպանից հանեց բանալին, բացեց դուռը: Ծանր բռնակը ճնշումից ճռռաց, ազդանշանի ձայնը ճչաց կեսգիշերային փողոցում: Արագ գտավ, անջատեց անվտանգության համակարգը: Ներսում օդը խոնավ էր, ինչու՞ : Զայրացած փնթփնթաց Սեդայի ու մյուս աշխատողների վրա, ներսից փակեց դուռը: Կմնա այստեղ, ոչ մեկի զանգերին չի պատասխանի, մինչև առավոտ մի բան կմտածի, որոշում կկայացնի: Մտավ իր առանձնասենյակը, պահարանից հանեց կիսատ շիշը: Երբ գինին կպչուն դառնությամբ սեղմել էր քիմքը, մտքերը սահեցին հեռու… Երևի հարբելուն զուգահեռ շատ էր տարվել մտքերով, որովհետև կից սենյակից տարածված անսպասելի աղմուկը ցնցեց նրան ոտքից գլուխ ու վերադարձրեց իրականություն: Ոտքով հրեց սեղանը, շիշը շուռ տվեց, թռավ տեղից: Պահեստից դեռ շարունակվում էր աղմուկը: Թվում էր՝ ինչ-որ առարկաներ էին իրար գլխի փլվում: Սաքոն բացեց դուռը: Երբ մի քանի օր հետո սթափ կարողանում էր վերհիշել այս երեկոյի մանրամասները, ինքն իր վրա զարմանում էր, որ ոչ մի կերպ չի վախեցել մենակ բացել այդ դուռը: Հնարավոր է՝ ներսում գողեր լինեին, ու ինքը հաստատ չէր կարողանա մենակ դիմադրել, եթե հարձակվեին վրան: Առաջին բանը, որ անմիջապես տեսավ, օղու արկղերի իրար վրա փլված բուրգն էր: Մի քանի արկղ տոմատի մածուկ էր թափված աջ կողմի վրա: Կոտրված բանկաների միջից կարմիր թանձրահյութ էր ծորում հատակին: Անմիջապես տարածվեց սպիրտի սուր հոտը: Շան վնգստոց հիշեցնող աղմուկ էր գալիս ձախ անկյունից: Սաքոն մի կերպ հաղթահարեց արկղերի կույտը, շրջանցեց, քայլեց առաջ: Կուչ եկած ու ոտքերի վրա անտանելի կարմիր մածուկ, ամբողջ մարմնով ցնցվող աղջիկը ցածր ձայնով ճչում էր ու լալիս, այնպես, ինչպես լաց են լինում խուլ-համրերը: «Սա՞ այստեղ ինչ է անում»: Սաքոն արագ մոտեցավ աղջկան, թևից քաշեց: Սարսափած, խոնավ դեմքը նայեց իրեն: Հիմա մի կաթիլ զգուշություն ու զսպվածություն կար ջինջ հայացքի ալեկոծված փոթորիկում: Լույսը հանգել էր դեմքին: Վախը աղավաղել էր շուրթերի սիրուն գիծը:
-Էս ի՞նչ ես անում:
Աղջիկը թևերի մեջ առավ գլուխը, վախից ավելի սուր ծվաց: Սաքոյին թվաց՝ սիրտը սեղմող ցավից շնչահեղձ կլինի: Իր համար էլ անսպասելի գրկեց նրա ցնցվող մարմինը, սեղմեց ուժեղ թևերի մեջ:
-Դմբո՛, հո չեմ խփի…
Մի պահ շուրջը նայեց: Աչքերը մշուշված էին: Թվում էր՝ մի ամբողջ հավերժություն ճոճում է գրկում այս տաք ու ցնցվող հրաշքը: Կարծես կատվիկ լիներ Գոգան, թաց քիթը սեղմել էր իր պարանոցին, սվսվում էր ու դողդողում: Սաքոն ետ քաշվեց նրանից, ստիպեց, որ բարձրացնի գլուխն ու նայի իր դեմքին.
-Ասա՛, ի՞նչ է կատարվել այստեղ: Ի՞նչ ես անում այս ժամին այստեղ: Աղջիկը շփոթվելով, խեղդվելով, տանջանքով մի քանի հնչյուն արձակեց: Սաքոն ամբողջ խռխռոցից հասկացավ միայն Սեդայի անվան հնչյունները: Մի պահ սառած նայեց աղջկա դեմքին, հետո գրպանից հանեց բջջայինը: Վեցերորդ զանգից հետո Սեդայի խռպոտ ձայնը դժգոհ պատասխանեց:
-Ի՞նչ ես անում, գրողը քեզ տանի: Ինչի՞ համար ես էս էրեխուն պահել պահեստում: Ձե՛նդ…վաղվանից մռութդ չտեսնեմ, թե չէ իմ ձեռքով քիթդ կոտրելու եմ:
Երբ հեռախոսն անջատել ու նետել էր հատակին, աչքով ընկավ աղջկա ոտնաթաթից հոսող արյան շիթը: Հենց այդ ոտքի կոշիկը մի կողմի վրա ընկած էր, հնամաշ կրունկը դեպի վեր ցցված: Սաքոն արագ գրկեց նրան, ուշադրություն չդարձնելով անհանգիստ բացականչություններին, դուրս տարավ կիսախավար պահեստից: Իր առանձնասենյակում բազմոցին իջեցրեց փետուրի նման թեթև մարմինն ու զննեց ոտնաթաթի պատռվածքը: Երկար, մոխրագույն փեշն ամբողջովին արյունոտ էր ու տոմատի մածուկի բծերով: Աղջիկը հիմա անձայն էր արտասվում ու չէր էլ փորձում մաքրել աչքերից թափվող հեղեղը: Սաքոն նայեց նրա դեմքին:
-Ոնց որ խիղճս լինես, ա՛յ ճստո…ես քեզ ի՞նչ անեմ: Մենակ դու էիր պակաս ինձ այս պահին: Դեղատուփ էլ չկա էս անտերանոցում, ես քո վերքը ի՞նչ անեմ: Համ էլ, կարծեմ քեզ հիվանդանոց ա պետք տանել, կարկատելու գործ կա: Աղջիկը ձեռքերը թափահարեց օդում, հետո խոնարհվեց առաջ, զննեց վերքը: Երբ նրա փոքրիկ մատները տրորելով սկսեցին մաքրել ոտքին քսված արյունը, Սաքոն ծիծաղեց…հիստերիկ, թուլացած, անհանգիստ ու վախեցած ծիծաղով: Հետո գրպանից հանեց թաշկինակը, տվեց աղջկան…Գոգան զգույշ վերցրեց թաշկինակը, սեղմեց ոտքին ու հենվեց տեղում: Նրա շապիկի թևքը ցած սահեց, իջավ մինչև արմունկը: Հսկա կապտուկն ու արնազեղված մաշկը ցնցեցին երիտասարդին:
-Սա ո՞վ է արել:
Գոգան փախցրեց աչքերը: Հետո նորից բարձրացրեց գլուխը:
-Ասա՛ ինձ:
-Մամ-ման:
Գոգան մի կողմ թեքեց գլուխը, շարունակեց անձայն լաց լինել: Սաքոն քիչ մնաց խեղդվեր հուզմունքից:
-Երևի այդ բառը եզակիներից է, որ կարողանում ես արտասանել, խեղճ երեխա:
Սաքոն արագ-արագ ստուգեց նրա կիսաշրջազգեստի գրպանները: Դրանցից մեկի անկյունում գտավ առավոտյան վաստակած հազար դրամանոցը:
-Ամեն ինչ պարզ է: Սեդան քեզ այստեղ է պահել ու ստիպել, որ մի քանի հազարի աշխատես: Դու ի՞նչ արկղ տեղափոխող ես, ա՛յ բալա: Սաքոն ետ քաշվեց, մի քանի պտույտ արեց սենյակում, հետո վճռական մոտեցավ, գրկեց աղջկան:
-Գնացինք: Սենց չեմ թողնի…ի վերջո, մեղքն իմն է:

Հիվանդանոցի երկար միջանցքում աղոտ լույս էր, հիվանդասենյակներից տնքոցներ ու խռմփոց էր լսվում: Մի քանի քստքստացող ոտնաձայն… Բակից քամին էր խշշալով հենվում պատուհանների ապակիներին: Սաքոյի ոտքերն անշարժությունից թմրել էին: Երևի ննջել էր նստած տեղում, որովհետև երբ բուժքույրերից մեկը մոտեցավ ու ձեռքը դրեց ուսին, նա ցնցվելով թռավ տեղից:
-Բժիշկն ուզում է Ձեզ տեսնել:
Սաքոն քայլեց նրա ետևից: Առանձնասենյակում նոր վառած սիգարետի ծուխ էր: Բժիշկը զննեց Սաքոյի ճոխ հագուստը, մոխրագույն վերնաշապիկի վրայի արյան հետքերը:
-Ձեր ի՞նչն է այդ աղջիկը, որտեղի՞ց եք ճանաչում:
-Համարյա տնանկ է, իմ խանութի պահեստում մաքրություն էր անում, ոտքը վնասել է կոտրած տարայի ապակուց:
-Հա… հագուստի վիճակն անտանելի է…
Սաքոն ակամա փակեց կոպերը, որովհետև ռունգերի մեջ զգաց նրա հագուստից տարածվող նամահոտին լրիվ հակասող մաշկից ու մազերից տարածվող անուշահոտությունը: Այդպես միայն անմեղությունն է բուրում:
-Մարմինը կապտուկների մեջ կորած է: Բայց կարծում եմ՝ արդեն պարզ է, թե դա ինչ կարող է լինել: Վայրենի շրջապատն է…երևի հարազատները…
Երբ Սաքոն միջանցքով քայլում էր դեպի հիվանդասենյակն ու մտքում կրկնում բժշկի խոսքերը, հաստատ գիտեր, որ ոչ մի քայլ չի անի նրան այդ ցեխից հանելու համար: Լուսամուտի տակ մահճակալ էր դրված, բարակ սավանի տակ կուչ էր եկել Գոգայի փոքրիկ մարմինը: Սաքոն ծալեց ծնկները, ձեռքը իջավ աղջկա մազերին: Շատ անգամ էր մոլորված կանգնել իր սենյակում, իր մահճակալի առաջ ու չհարդարված անկողնու վրա տեսել լուսնի թևերը: Բայց այսպիսի լույս երբեք չէր տեսել: Մոխրագույն էր լուսինը: Գոգան արև էր: Սաքոն զգաց, որ աչքերի առաջ մշուշը թանձրանում է: Տանը քաոսային վիճակ է: Վիճել է հոր հետ: Եղբայրներին ատում է: Կնոջ հետ կես տարի է ապրել ու հիմա բաժանվում են: Խիստ կասկածներ ունի մանկության ընկերոջ վերաբերյալ: Սարսափելի օրեր է ապրում: Այս աղջիկն էլ խիղճը խոցող ծակոցի նման խրվել է իր մեկ օրվա մեջ ու կուրացնում է մաքուր լույսով:
-Ես ծեր ավանակ եմ, ճստո՛, իսկ դու անմեղ գառնուկ ես, ով ամեն օր զոհասեղան է բարձրանում…
Նա գրպանից հանեց մի քանի թղթադրամ, դրեց նրա փոքրիկ ափի մեջ, մատները սեղմեց, հավաքեց: Փոքրիկ բռունցքը տաք հատիկ դարձավ, ջերմությունը տարածվեց ամբողջ մարմնով:
Սաքոյի հեռացող քայլերում ցավն էր դոփում…
Մի քանի օր հետո նա կանգնել էր փողոցի անկյունում ու արցունքից մշուշված աչքերով նայում էր դիմացի խանութի ցուցափեղկից այն կողմ աշխույժ ու շատ ծիծաղելի շարժումներով ապակի լվացող աղջկան: Նույն զգեստի մոխրագույն փեշերը թաց էին օճառաջրից: Մինչ նա խոնարհվել էր, որ հատակից բարձրացնի ջրով դույլը, Սաքոն ետ էր քայլում դեպի մեքենան՝ աշնանային բազմագույն տերևները ոտքերով անխնա այս ու այն կողմ ցրելով: Սառը քամին քաշեց օձիքը: Ֆիզիկապես զգաց, թե ոնց են Գոգայի նուրբ ուսերը ցնցվում միայնակ անցնող գիշերների ցրտում:

Նազիկ Հակոբյան