Դիպուկ, առողջ, կառուցողական վերլուծություն
Այն ֆիլմը, որը հիմքում պատմական փաստեր ունի, միշտ ռիսկային գոտում է գտնվում։ Եվ մի մոռացեք, որ Նժդեհի մասին փաստավավերագրական ֆիլմ չի նկարահանվել, անգամ գրքի տեսքով փաստերի ամբողջական հավաքագրում չի կատարվել, շատ բան միֆերի ու ենթադրությունների տիրույթում է, ինչը անկասկած բարդացնում է գեղարվեստական կինո նկարահանող ռեժիսորի աշխատանքը։
Նա ստիպված է մեկնաբանել մի բան, որը մեծ իմաստով անհայտ է։ Նաեւ ստիպված է առավել զգույշ լինել՝ անճշտության մեջ մեղադրանքներին հակադարձելու համար։
Եվ այսպես զգուշավոր ու լայնէկրան կինոյի մասշտաբների հետ գործ չունեցող ռեժիսորը ստեղծում է այն պատմությունը, որն իր մոտ լավ է ստացվում՝ մելոդրաման։ Սակայն մյուս կողմից (նույնպես ստիպված)՝ մաքուր մելոդրամայի ժանրին խառնում է հայրենասիրական պաթոսը։ Նա գերադասում է մնալ մակերեսին ու չսուզվել մեկնաբանությունների այն տարափի մեջ, որտեղ կարելի է «խեղդվել»։
Եվ ստացվում է, որ Հրաչ Քեշիշյանի մեկնաբանությամբ Նժդեհի (փոխաբերական իմաստով՝ նաեւ Հայաստանի) պատմությունը կազմված է նրա ընտանիք կազմելու ապարդյուն փորձերից, գոռոցներով արտաբերված ճառերից ու տարբեր միջազգային ուժերի (այդ թվում՝ նաեւ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների) հետ համագործակցության եզրերի որոնումներից։ Նույնպես ապարդյուն։