Հայ կանանց շրջանում առաջին ամուսնության և առաջին սեռական հարաբերության տարիքները գրեթե համընկնում են: Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010թ. հետազոտության՝ 25-49 տարեկան կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մինչև 20 տարեկան հասակը ամուսնացել է նրանց 38%-ը, իսկ սեռական հարաբերություն են ունեցել նրանց 39%-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն կանանց, հայ տղամարդիկ նախքան ամուսնությունն առավել հակված են սեռական հարաբերություն ունենալուն: Թեև 25-49 տարկան տղամարդկանց միայն 4%-ն է ամուսնացած եղել մինչև 20 տարեկան հասակը, նրանց գրեթե կեսը՝ 47%-ը, ունեցել են սեռական հարաբերություն:
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,
դոցենտ Սևադա Հակոբյանը
ԵՊԲՀ սեքսոպքթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը վերոհիշյալը պայմանավորում է զուտ ազգային մտածելակերպով. «Աղջիկը մինչ ամուսնանալը պետք է կույս լինի»:
Ըստ Ս. Հակոբյանի՝ առաջին սեռական հարաբերության համար ֆիսված դոգմատիկ տարիք գոյություն չունի. «Սա պայմանավորված է անձի կայացման էտապներով: Ցանկալի է, որ անձը առաջին սեռական հարաբերություն ունենա այն ժամանակ, երբ արդեն տեղի է ունեցել մարդու սեռական հասունացումը, երբ ձևավորվել է հասուն սեքսուալ լիբիդո: Այս երևույթները տարբեր մարդկանց մոտ ավարտվում են տարբեր տարիքային խմբերում՝ կախված անձի գենետիկական, շրջակա միջավայրի, սոցիոգեն, հոգեբանական գործոններից»:
Սևադա Հակոբյանը, սակայն, նկատել է, որ վերջին շրջանում ավելանում է այն աղջիկների թիվը, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում մինչ ամուսնանալը: «Նկատվում է նաև այն տենդենցը, որ աղջիկներն ունենում են ոչ հետերոսեքսուալ՝ ոչ հեշտոցային, սեքսուալ կյանք: Այս դեպքում նրանք կարողանում են ունենալ սեքսուալ կյանք, հաճույք ստանալ՝ պահպանելով կուսաթաղանթի առկայությունը»: Սեքսոպաթոլոգի համոզմամբ՝ նման դեպքերի թվի աճը պայմանավորված է ազգային մտածելակերպի և մարդու պահանջների հակասությամբ: Ըստ սեքսոպաթոլոգի՝ այլընտրանքային սեռական կյանքի ձևերն այնքան էլ խրախուսելի չեն:
«Երկարատև օգտագործման դեպքում դրանք այլընտրանքային սեռական կյանք վարողների մոտ ամրապնդվում են: Հետագայում դա կարող է խանգարել դասական սեռական կյանք սկսելուն», ասաց Սևադա Հակոբյանը: