Ո՞վ էր ասում, որ մենք միշտ ընտրության հնարավորություն ունենք, հը՞ :
Չէ, եկեք նույն հարցն իմ ընկերուհուն տանք, ով առավոտյան խմում է մեկ բաժակ սուրճ ու հաճախ կրում է կարմիր զուգագուլպաներ: Ինձ էլ ՛՛ամեն ինչ դասավորող աղջիկ՛՛ է անվանում:
Գնա՞նք կարմիր զուգագուլպայավորի մոտ: Գնացինք:
Դուռը բացվեց: Վերարկուն ընկավ գետնին: Տանից դուրս գալիս երբեք չեմ շրջվում: Վերարկուն մնում է գետնին: Բանալին կողպում է դուռը: Մեկ-երկու, մեկ-երկու,մեկ-երկու: Ես կանգառում եմ: Ավտոբուսն ինձ պտտում է քաղաքով մեկ: Իջնում եմ: Քայլում եմ ևս կես կանգառ: Էլի աստիճաններ, էլի դուռ ու զանգ: Բոլորիս վերջը ոչ թե մահն է, այլ՝ դուռն ու զանգը: Մենք, ի վերջո, միշտ հայտնվում ենք դռների դիմաց՝ ձեռքներս դեպի զանգը տանող վիճակում: Իսկ մահը: Մեզ ոչ ոք չի պատմել մահվան մասին: Զանգերի ու դռների մասին պատմում են շատերը: Մահվան մասին չեն պատմում: Ուրեմն՝ մահ չկա: Բոլորիս վերջը դռներն են: Զանգերը: Ու քարացած մատը՝ զանգի կոճակի վրա: Տխուր ավարտ է, համաձայն եմ: Կարճ ասած՝ բոլորս քարանում ենք սպասողական դիրքում: Մենք ապրում ենք սպասողական վիճակի մեջ: Մենք քայլող սպասում ենք, փոքրիկ սպասումիկներ: Սպասում ենք : Ողջ կյանքում սպասում ենք. ինչ-որ հայացքի, ինչ-որ բառի ու գործողության, հնարավորության, առիթի, ուրախության, դժբախտության: Սպասում ենք :
-Բարև , ամեն ինչ հաշվող աղջիկ:
-Ո՞վ էր ասում, որ մենք միշտ ընտրության հնարավորություն ունենք, հը՞ : Էլ չեմ դիմանում:
-Ապրես,լավ եմ: Ոնց տեսնում եմ՝ դու էլ ես լավ:
-Սուրճ եմ ուզում:
-Ես թեյ եմ խմում:
-Լավ, ես էլ թեյ կխմեմ:
-Բայց դու սուրճ չէի՞ր ուզում:
-Տարբերություն չկա:
-Ինչի՞ մեջ:
-Ամեն ինչի: Ոչնչի: Չկա տարբերություն:
-Ինչու՞ :
-Որովհետև էլ չեմ դիմանում:
-Իսկ դու ունե՞ս ընտրություն:
-Իսկ կա՞ ընտրության հնարավորություն:
-Թե՞յ, թե՞ սուրճ:
-Տես, ընտրություն չկա:
-Ուհ…Հետդ խոսել չի լինում:
-Բայց ախր տես, չկա: Միգուցե ես…ես գինի եմ ուզում: Բայց ես պիտի ընտրեմ միայն թեյի ու սուրճի միջև: Դա արդեն իսկ ընտրություն չէ: Մենք չունենք ընտրություն:
-Գինի ունեմ: Բերե՞մ:
-Չէ, ես սուրճ եմ ուզում:
-Բայց ես թեյ եմ խմում:
-Ուրեմն ես էլ թեյ կխմեմ:
-Սկսվեց…
-Հը-ը, շարունակվում է …
-Լավ, ուրեմն ես սուրճ կխմեմ:
-Իսկ ես հենց նոր թեյ ուզեցի:
-Գրողը քեզ տանի:
-Գրողը ինձ տանի:
Փռվում եմ անկողնու վրա, փակում աչքերս: Բացում աչքերս: Նայում կարմիր զուգագուլպայավորի գրադարակին: Մտովի դասավորում եմ դարակը:
***
-Վստահիր ինձ:
-Չեմ կարողանում:
Ձախ ձեռքը բռնում է աջ ձեռքս, քաշում իր կողմ:
-Վստահիր ինձ:
-Չեմ կարողանում: Էլ ուժ չկա:
-Ինչ էլ անեմ, ինչ էլ խոսեմ…Վստահիր ինձ:
-Չէ…
***
Հիշում եք, չէ՞ , արդեն ասել եմ, որ մենք ապրում ենք սպասելու համար: Իսկ ի՞նչ է լինում անհամբերների հետ: Ինձ նմանների հետ: Ինձ նմաններին ստիպում են սպասել սովորել: Ստիպում են: Ինձ նմանները տառապում են ու դանդաղ, կամաց-կամաց սպասել սովորում, դիմանալ սովորում, զգացմունքները կողպել ու լեզուն ծամել են սովորում: Խայտառակ ցավոտ է ստիպողաբար սպասել սովորելը: Երբ ընտրություն չկա: Իսկ ես երբևէ ընտրություն ունեցե՞լ եմ: Հը՞, կարմիր զուգագուլպայավոր, ես ունե՞մ ընտրություն:
***
Ես սովորեցի սպասել: Ես սովորում եմ սպասել: Շատ ցավոտ: Դաժան: Ես սովորում եմ սպասել: Ուրեմն՝ ես սովորում եմ նաև սիրել: Որովհետև սպասումն ու սերը փոխկապակցված են իրար հետ: Նոր եմ իմանում: Մենք սպասում ենք միայն այն մարդկանց, ում սիրում ենք: Իսկապես սիրում : Ու ներում ենք, ներում ենք, ներում ենք:
Ատում եմ ինձ, որ սպասում ու ներում եմ: Անընդհատ նույնը:
Շղթայական նույն վիճակը:
Սեր…սեր: Լավ, երկրորդ հարցը. ի՞նչ է գրողի տարած այդ պաթոլոգիկ զգացմունքը:
Եթե կարմիր զուգագուլպայավորին հարցնեն՝ ինչ է սերը, կպատասխանի. ՛՛ Սերն ինքնին հետաքրքրություն է : Եթե ինչ-որ մեկը քեզ հետաքրքիր է ու հետաքրքրությունդ ոչ մի կերպ չի հագենում, ուրեմն՝ սիրում ես՛՛ :
Իսկ ինչ կպատասխանեմ ես:Մտածենք:
Դիմացինին կուրորեն վստահելը: Սերն է : Երբ ինձ կասեն՝ ՛քայլիր ապակիների վրայով, ու քեզ ոչինչ չի լինի՛՛ : Ու ես կքայլեմ: Կքայլեմ ՝ շատ լավ գիտակցելով, որ ոտքերս արյունոտելու եմ:
Կարմիր զուգագուլպայավորը կողքիս նստած ժպտում է:
Ճիշտ եմ ասում, չէ՞ :
Կարմիր զուգագուլպայավորը ուսերից մի կողմ է տանում մազերը:
Շարունակե՞մ:
Գլխով է անում:
Շարունակեցի:
Երբ քեզ ցավեցնում են, երբ քեզ փշրում ու մասերի են բաժանում: Իսկ դու չես հանձնվում: Որովհետև չգիտես՝ ինչպես հանձնվել: Շարունակում ես դիմանալ: Շարունակում ես փշրվել ու հավաքվել: Շարունակում ես ընկնել ու կանգնել: Ինչի՞ համար:
Հետո քեզ սկսում են ստիպել սովորել սպասել: Ու քեզ փշրում են: Ու ստիպում են հավաքվել ու սպասել: Սպասել: Ինչի՞ն սպասել: Չգիտես: Բայց ատամներդ սեղմում ես ու սպասում: Դիմանում ես:
***
-Դու պիտի ինձ վստահես: Դու չունես ուրիշ ընտրություն:
-Անհնար է վստահել մարդուն առանց ինչ-որ բանի վրա վստահ լինելու: Իսկ ես ոչնչի վրա վստահ չեմ: Ես քեզ չեմ հավատում:Էլ չեմ կարողանում վստահել:
Ձեռքերը խառնվում են մազերիս մեջ, սառը քիթը շոյում է այտս:Մարմնովս դող է անցնում:
-Դու պիտի դիմանաս: Դու պիտի սպասես: Ինչ էլ անեմ…
-Ինչ էլ անես…
-Ինչ էլ խոսեմ:
-Ու ինչ էլ խոսես…
-Դու: Պիտի: Վստահես: Ինձ:
-Ես: Էլ: Ուժ: Չունեմ:
-Դու գաղափար չունես: Դու գաղափար չունես՝ ինչքան ուժեղ ես: Դու պիտի սովորես սպասել: Պիտի սովորես համբերել ու լեզուդ ծամել: Էդ դեպքում կգտնես:
-Ի՞նչ:
-Ինձ: Վստահիր ինձ: Դիմացիր: Սպասիր:
***
Վստահիր ինձ:
Դիմացիր:
Սպասիր:
Անտանելի է վստահել մեկին, ով ամեն ինչ անում է, որպեսզի սպանի վստահությունն ու քեզ հեռու վանի: Իսկ դու կանգնած ես մնում: Ու դիմանում ես: Ատում ես քեզ, որովհետև պարտվել չգիտես: Պարտվելը ևս արվեստ է: Կան մարդիկ, ովքեր պարտվել չգիտեն:
Ես չգիտեմ պարտվել: Ու ատում եմ ինձ դրա համար: Ես չեմ կարողանում կանգնել: Չեմ կարողանում գլուխս բարձր պարտվել ու վերջապես ազատ շնչել: Ես սեղմում եմ ատամներս ու դիմանում: Սովորում եմ սպասել: Իմ մեջ սպանելով անհամբերությանը՝ սպասել եմ սովորում:
Հենց դրա համար գետնին են հայտնվում այն ամենը, ինչ կա իմ սենյակում. գրքեր, հագուստ, գրիչներ:
Ու դասավորում եմ: Դասավորում եմ դանդա՜ղ, հատիկ-հատիկ:
Ու դողում եմ: Ամբողջ մարմնով դողում եմ: Անհամբեր եմ: Ես չեմ դիմանում:
Բայց ես պիտի: Ես պիտի սովորեմ:
Հերթով դասավորում եմ հագուստս, գրքերը, գրիչները,թղթերը:
Վստահել:
Վստահել:
Խորը շնչել ու վստահել:
Ցանկացած գնով վստահել:
Հագուստն ու գրքերն էլի հայտնվում են գետնին: Ծնկում եմ հատակի վրա, գլուխս թաղում այսուայնկողմ թափված հագուստի մեջ:
Գրողը տանի:
Էլ ուժ չունեմ:
Էլ չկա ուժ:
Շրթունքներս կծում եմ արյունոտելու չափ: Սեղմում ատամներս: Սեղմում բռունցքներս: Խորը շունչ: Վեր եմ կենում ու էլի հատիկ-հատիկ դասավորում հագուստն ու գրքերը՝ հստակ գիտակցելով, որ քիչ անց ամեն ինչ էլի հայտնվելու է գետնին: Հետո էլի հավաքելու եմ: Այսքան մինչև ե՞րբ, հը՞ :
Սպասել սովորելը խայտառակ ցավոտ է: Մեռնելու չափ ցավոտ:
Վստահել:
Կուրորեն վստահել:
Ուղղակի սիրել:
Մեռնելու չափ վստահել ու սիրել:
Էլ ուժ չունեմ:
Թե՞ ունեմ:
Ուղեղս ասում է ՝ ուժ չկա:
Սեղմած բռունցքներն ու արյունոտված շուրթերը պնդում են հակառակը:
Ուժեղ լինելը դժվար գործ է : Սպասելու փոխարեն պետք է պարտվել սովորել:
***
Դեմքը թաղվում է մազերիս մեջ:
-Ես խնդրում եմ քեզ…Վստահիր ինձ:
-Ինչքան կարելի է նույնը կրկնել: Դու ինձ ցավեցնելու ես…
-Ցավեցնելու եմ:
-Չես գնահատելու…
-Չեմ գնահատելու:
-Սպանելու ես…
-Սպանելու եմ:
-Ու պիտի վստահե՞մ:
-Պիտի:
-Ես սկսել եմ ամեն ինչ դասավորել: Անընդհատ:
-Ճիշտ ես անում:
-Ես ուզում եմ հանգիստ ապրել:
-Հաղթողները հանգիստ չեն ապրում:
-Ես ուզում եմ պարտվել սովորել:
-Հաղթողները պարտվել չեն սովորում: Նրանք միայն սպասել գիտեն:
-Ես էլ չեմ ուզում այս ամենը շարունակել:
-Դու պիտի: Դու պիտի շարունակես:
Սառը շրթունքները հայտնվում են իմ ճակատի վրա: Մատները խառնվում են մազերիս մեջ:
-Դու պիտի դիմանաս….
-Գրողը ինձ տանի…
***
-Գրողը: Ինձ: Տանի:
Կարմիր զուգագուլպայավորի աչքերում ծիծաղ կա:
-Ե՞րբ է այդ ամենը եղել:
-Երեկ:
-Հմ…
Ու լռում ենք:
-Ես էլ չեմ ուզում էսպես շարունակել:
-Իսկ դու ընտրության հնարավորություն ունե՞ս:
-Իսկ ես ընտրության հնարավորություն ունե՞մ:
Հայտնվում եմ միջանցքում: Ձեռքս սահում է դեպի դռան բռնակը:
-Սուրճդ չխմեցիր:
-Չեմ ուզում:
-Թեյ կդնեմ: Գինի կա:
-ՉԷ, գնում եմ:
-Մի գնա:
-Գնում եմ: Եթե չգնամ՝ ընտրության հնարավորություն կլինի՞ :
Դուռը փակվում է իմ ետևից: Արագ իջնում եմ աստիճաններով: Ինձ են ուղեկցում տարբեր դռներ ու զանգեր: Բոլորս հենց էսպես էլ մեռնելու ենք՝ դռների դիմաց, մատներս զանգի կոճակների վրա:
Դուրս եմ գալիս ու քայլում եմ: Չգիտեմ ՝ ուր: Ու սպասում եմ: Չգիտեմ՝ ինչին: Ու վստահում եմ: Կուրորեն: Մեռնելու չափ սիրելու նման: Մեռնելու չափ վստահում եմ:
Կարմիր զուգագուլպայավոր, իսկ ես ընտրության հնարավորություն ունե՞մ:
՛՛Չէ, ամեն ինչ դասավորող աղջիկ՛՛,- կասի նա ու կգնա կիսատ թողած թեյը խմելու:
Ես էդպես էլ չսովորեցի պարտվել:
Սպասել սովորելը մեռնելու աստիճան ցավոտ է: Ուժեղ լինելն էլ:
Ու սպասում եմ:
Դիմանալ:
Համբերել:
Սպասել:
Դասավորել ամեն ինչ: Քանդել ամեն ինչ: Փշրվել ու հավաքվել:Ապրել: Շնչել: Կարևորը՝ չմոռանալ շնչել:
-Վստահիր ինձ,-ասում է ձայնը ու մատները թաղում մազերիս մեջ:
Ապրել ոչնչի համար: Ահա ամենը:
Իսկ ես ունե՞մ ընտրության հնարավորություն:
Պատասխանն ակնհայտ է :
Հասա տուն: Մեր մուտքի դռներն ու զանգերը դիմավորում են ինձ: