Նարեն Էդգարին չէր ասել, որ սիրում է նրան: Նախ, որովհետև Էդգարն ընկերուհի ուներ' կողքի բակի Սյուզին, հետո էլ Էդգարն իրեն մի անգամ ասել էր, որ զզվում է ”սպիտակ” աղջիկներից: Էդ օրվանից էր, որ Նարեն սկսեց գումար տնտեսել ու տնեցիքից թաքուն սոլյարի գնալ, որ մաշկի այլանդակ սպիտակությունը ծածկի: Բայց այնքան սպիտակ էր, որ ցանկալի արդյունքը ստանալու համար ամիսներ էին հարկավոր: Ու էդ ժամանակ էր, որ սկսեց մաշկի գույնը մգացնող կրեմներ օգտագործել, բայց միևնույնն է, Էդգարի հեչ պետքն էլ չէր:

* * *

Ալիկը չէր ասել, որ սիրում է Նարեին: Նարեն էլ բանից անտեղյակ մի անգամ նրան ասել էր, որ իրենց դպրոցի 10-ի ա-ի Էդոյին է սիրում: Էդ ժամանակ էր, որ Ալիկի ու Էդգարի միջով սև կատու անցավ:

* * *

Սյուզին սպիտակ չէր: Սև էր շոկոլադի պես: Մի տեսակ վայրի գեղեցկություն ուներ: Մի խոսքով՝ ոնց որ մուլատկա լիներ: Ու եթե ամեն անգամ Էդգարի հետ հանդիպման գնալիս փարթամ գանգուր մազերը չուղիղացներ, իսկ և իսկ բրազիլուհի կլիներ:

Սյուզին Նարեենց կողքի բակից էր: Ու թեև մեծ էր Էդգարից ուղիղ 2 տարով, այնուամենայնիվ, նրանք արդեն 3 ամիս է՝ ընկերություն էին անում: Իսկ դա բավականին երկար ժամանակահատված էր Էդգարի նման անկայուն տղայի համար:

3 ամիս է, ինչ Նարեն պատշգամբից թաքուն ականջ էր դնում նրանց դատարկ խոսակցություններին. ”Պրիվետ մռութս”, ”էս պամադեն էլ չտենամ”, ”էդ ով ա քեզ զանգել”, ”պակա կյանքս”…ու էդպես արդեն 3 ամիս:

* * *

Էդ ժամանակ էր, որ Ռուսաստանից իր ընտանիքով հետ եկավ Նարեենց բակի Լիլոն:

Նարեն Լիլոյին մանկուց էր ճանաչում, բայց երբեք էլ հետը մոտ չէր եղել: Բայց, երբ Հայաստան գալու հաջորդ օրը Լիլոն իջավ բակ, առաջինը Նարեին ճանաչեց: Ու էդպես մտերմացան:

Էդ ժամանակ էր, որ Էդգարի ու Սյուզիի միջով սև կատու անցավ ու հենց էդ ժամանակ էր, որ Էդգարը Նարեենց բակի կողմերը սկսեց շուտ-շուտ երևալ: Հավանել էր Լիլոյին:

* * *

Լիլոն սև չէր: Սպիտակ էր՝ մարմարի պես, ճիշտ Նարեի նման: Բայց, ի տարբերություն Նարեի, Լիլոյին պետք չէր սոլյարի գնալ՝ ”գունափոխվելու”: Էդգարն առաջին անգամ սպիտակ աղջկա էր սիրահարվել: էդ ժամանակ էր երևի, որ Նարեի ու Լիլոյի միջև սև կատու անցավ: Հետո Էդգարը գնաց բանակ: Հետո Լիլոյի պապայի գործերն էստեղ վատացան ու ընտանիքով նորից քոչեցին Ռուսաստան:

Էդ ժամանակ էր, որ Նարեի ու Ալիկի հարաբերություններն այլ հարթություն մտան: Մոռացավ սոլյարիի ու Էդգարի մասին: Սիրեց իր սպիտակ մաշկը, սիրեց Ալիկին…