Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսի մահով Հայոց Հայրապետական Աթոռի վրա վերջանում է Պահլավունյաց տոհմի իշխանությունը։ Հաջորդում է Լևոն թագավորի թեկնածու Սսի Հովհաննես արքեպիսկոպոսը /1203-1221/, քանի որ հարմար Պահլավունի չկար։ Այս ընտրությունը մերժվում է Սեբաստիայի Անանիա արքեպիսկոպոսի կողմից, որն իրեն համարում էր կաթողիկոսության հիմնական թեկնածուն, քանի որ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Մոկացիների ազգատոհմից էր և ժառանգական իրավունքով գտնում էր, որ կաթողիկոսական Աթոռը իրեն է պատկանում։ Այս փաստը խոսում է այն մասին, թե դեռ որքան հզոր էր հայ իրականության մեջ Հայոց կաթողիկոսության ժառանգական լինելու հին սովորությունը։
Այդ ժամանակ թեև Հռոմկլայի Աթոռը համարվում էր Հայոց Բուն կաթողիկոսությունը, սակայն իրականում նրա իշխանության տակ գտնվում էր հայության միայն մի մասը։ Սելջուկներին ենթակա Հայաստանի հարավային մասը գտնվում էր Աղթամարի կաթողիկոսի իշխանության տակ, իսկ Հյուսիսային մասում, որ ազատագրվել էր Վրաց պետության կողմից, կաթողիկոս էր Բարսեղ Անեցին։ Հայության մի ստվար մաս գտնվում էր Իկոնիայի սելջուկյան սուլթանության սահմաններում /Իկոնիա, Կեսարիա, Սեբաստիա/։ Օգտվելով ժամանակի քաղաքական վիճակից և ստանալով Իկոնիայի սուլթանի հովանավորությունը, Անանիան իրեն հռչակում է կաթողիկոս Իկոնիայի սուլթանության հայության համար։
Որոշ ժամանակ անց գժտություն է ընկնում Լևոն թագավորի և Հովհաննես կաթողիկոսի միջև։ Թագավորը չի ճանաչում կաթողիկոսի իշխանությունը և, քանի որ կաթողիկոսական Աթոռը գտնվում էր Կիլիկիայի Հայկական թագավորության սահմաններից դուրս՝ Հռոմկլայում, Լևոնը նոր կաթողիկոս է ընտրում Արքակաղին վանքի առաջնորդ և Մամեստիայի արքեպիսկոպոս Դավթին, 1207 թվականին, նրա Աթոռը հաստատելով Սսում։
Այսպիսով Ամենայն Հայոց կաթողիկոսությունից բացի, որի իշխանությունը սահմանափակվել էր Հռոմկլայի փոքրիկ իշխանության սահմաններում, գոյություն ունեին 4 տեղական կաթողիկոսություններ՝ 4 տարբեր պետությունների մեջ, չհաշված Աղվանից Աթոռը։
Բարեբախտաբար այս դրությունը երկար չի տևում։ 1211 թվականին մահանում է Դավիթ Արքակաղնեցին։ Դրանից առաջ մահացել էր նաև Բարսեղ Անեցին և Անիի իշխան Զաքարեն թույլ չէր տվել նոր կաթողիկոսի ընտրություն կատարել։ Նույն օրերին մահանում է նաև Անանիա Սեբաստացին։ Լևոն թագավորն էլ հաշտվում է Հավհաննես Զ Սսեցու հետ, որով օրինավոր Հայոց կաթողիկոսության իշխանությունը դարձյալ տարածվում է ողջ հայության վրա՝ բացի Աղթամարի կաթողիկոսության սահմաններից։
Աղբյուրը. - ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԵԶՆԻԿ քահանա ՊԵՏՐՈՍՅԱՆ, Դոկտոր Աստվածաբանության, Մաս Ա (Սկզբից մինչև 1441թ.), «ՀԱՂԲԱՏԱՎԱՆՔ» Բարեգործական Միություն, 1990։