Աղջամու՞ղջ է, թե՞ մութ է: Վերջալույսից հետո՞ է, թե՞ արևագալից առաջ: Ալեկոծվում է մի հին հող: Անարդարության քամիները սըվվում են Հայքի լեռների վրա: Ատելության փշերը ծածկել են ճանապարհները: Հայքը վտանգված է:

Կինը: Հայ Կինը: Այս մեկը՝ հազարներից: Նա նայել է կապարե երկնքին և աղոթքով կանխել է նրա փլվելը: Կինը մենակ է եղել – քանի՜ տարի, քանի՜ դար… Եվ այդպես մենակ պահել է երկիրը: Տղամարդկանց թվացել է՝ իրենք են պահում: Կինն իմացել է – ի՜ր շնորհով է…

Բայց հոգնել է Կինը: Աղջամուղջը ճեղքվում է: Նրան մի տղամարդ է մոտենում: Հայ տղամարդը: Նա անցել է անապատի միջով, ոտքերը փոշու մեջ են: Նա մի վերջին օազիսում թողել է լավագույն ծաղիկը: Նա էլ է հոգնել:

Տղամարդը մոտենում է: Կնոջ բնազդն ասում է՝ օգնությու՜ն է… Նա ձեռքերը տանում է ու դնում աշնան նման հասուն իր կրծքին: Մի մայրական հոգոց պոկվում է սրտից ու հասնում աստղերին: Մի՞թե օգնություն է: Այդ ժամին քամիները սըվվում են Հայքի լեռների վրա, մութը թանձրանում է: Տղամարդը հասկանում է – ՄԻԱՅՆ ԿՆՈՋ ՄԻՋՈՑՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ…

Այդ միտքը ծփում է տղամարդու մեջ: Իսկ քամիները սըվվում են, և քամու մի պոռթկում շեղում է տղամարդու հայացքը: Կինը տեսնում է այդ ակնթարթը – տղամարդը հեռանու՞մ է… Եվ Հայքի երկինքը ավելի է կապարանում, մի ամեհի խավար ուզում է պատառոտել երկիրը: Ի՜նչ հանցանք կլինի՝ ՄԵՆԱԿ ԹՈՂՆԵԼ ԿՆՈՋԸ: Տղամարդու աչքերը նորից դառնում են դեպի Հայ Կինը, տղամարդու շուրթերը անձայն շշնջում են – ԵՍ ՔԵԶ ԵՐԲԵՔ ՄԵՆԱԿ ՉԵՄ ԹՈՂՆԻ…

Եվ օվկիանոսի ալիքի նման տղամարդու սրտում բարձրանում է միտքը – ԿՆՈՋ ՄԻՋՈՑՈՎ, ԿՆՈՋ ԱՂՈԹՔՈՎ, ԿՆՈՋ ՀԱՎԱՏՈՎ ԿԱՊՐԻ ՀԱՅՔԸ: Այդ միտքը լուծվում-տարածվում է վաղորդյան արշալույսի մեջ և ցողվում Հայքի լեռների վրա:

Լուսանում է…

Լևոն Դռնոյան

5 հոկտեմբերի 2013թ.