| Թաթուլ Հակոբյան

 

Կտրել Զարուհու լեզուն, կտրել Վիկտորի լեզուն
Հինգշաբթի, 3 հոկտեմբեր, 2013 - 14:11 | Թաթուլ Հակոբյան
Բաժիններ' ԼՐԱՀՈՍ, ՁԱՅՆ

Երբ մարդուն քննադատում են, նրան ցեխը կոխում կամ պիտակում դավաճան, շատ դեպքերում քննադատողները, ցեխը կոխողներն ու պիտակողները առաջնորդվում են իրենց նեղ շահերով, հայրենասիրության ու պետականության մասին իրենց նույնքան նեղ պատկերացումներով: Այսպիսով, գնահատման չափանիշ են ընտրվում բացառապես ճաշակը և սուբյեկտիվ մյուս գործոնները:

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը քվեագող է, հետևաբար չի կարող ներկայացնել Հայաստանը: Եթե ավելի կոռեկտ բառապաշար օգտագործենք, ապա Փոստանջյանը ասում է, որ 2013-ի նախագահական ընտրությունները կեղծվել են:

Հայաստանի օդում կախված չապացուցվող մի իրականություն կա, այն է՝ 1996-ից ի վեր նախագահական ընտրությունները կեղծվում են, հայաստանցիները նախագահ են ընտրում մի մարդու, մինչդեռ բոլորովին այլ մարդ է զբաղեցնում այդ աթոռը: Այսպիսով, Փոստանջյանը դարի բացահայտումը չի արել եվրոպացիների համար, նա պարզապես օգտագործել է այլ ամբիոն՝ մի քիչ անհարմարություն պատճառելով Սերժ Սարգսյանին:

Եթե իրականության մասին բարձրաձայնելը դավաճանություն է, ապա հայոց լեզվի ո՞ր բառն օգտագործենք այն մարդկանց բնութագրելու համար, ովքեր կեղծում են ընտրությունը կամ մեր քվեն գողանում են, ովքեր Մարտի 1-ի սպանդ են իրականացնում, որոնց իշխանության տարիներին Հոկտեմբերի 27 է տեղի ունենում, ովքեր երկիրը թաղում են պարտքերի մեջ, ովքեր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են «ֆռռցնելու» սկզբունքով, ովքեր բուծում են օլիգարխներ, պահում սափրագլուխներ, ովքեր մենաշնորհում են բիզնեսն ու քաղաքականությունը, ովքեր սուտ խոստումներ են տալիս Հայաստանի Ազգային ժողովի ու ԵԽԽՎ ամբիոններից:

Երկրորդ «դավաճանությունը», որ թույլ տվեց Փոստանջյանը, կազինոյում 70 միլիոն եվրո գումար կրվելու մասին էր: Այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը կազինո է գնում, այսինքն խաղամոլ է, նույնպես անպատասխան կախված է Հայաստանի օդում: Սերժ Սարգսյանը կազինո գնո՞ւմ է, թե՞ չի գնում, իսկ եթե գնում ու կրվում է, ապա սեփակա՞ն, թե՞ պետբյուջեի փողերը: Եթերից ես արդեն երկրորդ անգամ եմ լսում, որ Սերժ Սարգսյանը կազինո չի գնում: Երկու դեպքում էլ հերքողը Սերժ Սարգսյանն է: Առաջին անգամ նա հերքեց դա՝ ելույթ ունենալով հայկական հեռուստալսարանի առաջ՝ մոտ հինգ տարի առաջ:

Հայաստանի գործող իշխանությունները սեփականաշնորհել են այն ամենը, ինչ հնարավոր է: Ընդդիմության և ժողովրդի դժգոհ հատվածի համար նրանք թողել են միայն մեկ բան՝ լեզուն: Զարուհի Փոստանջյանը օգտագործեց իր միակ զենքը՝ լեզուն:

Բնական է, որ իշխանությունները կտրելու են այդ և մյուս բոլոր լեզուները, երբ դրանք չափից շատ են երկարում: Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից հեռացնելը, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված քաղաքական մշակույթը, շատ նորմալ է և ադեկվատ: Այլ կերպ չէր կարող լինել:

Բայց այստեղ էլ իշխանությունները առաջնորդվում են նեղ անձնական շահերով. չէ՞ որ Սերժ Սարգսյանի՝ կազինո խաղալու և «կոնը հիսուն հազար դնելու» մասին առաջին խոսակցությունը հրապարակայնացրել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն այսօր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և ներկայացուցիչը Ազգային ժողովում: Եթե կտրում ես Զարուհու լեզուն, պիտի կտրես նախևառաջ Վիկտորի լեզուն: