Ամենասարսափելին
Վայրկյանները պար են կապել սրտիս աշխատանքի հետ, թիկ-թակ, թիկ-թակ, կանգ, շունչ, թիկ-թակ, թիկ-թակ… Սիրտս հրաժարվում է ինձնից, իսկ դա նշանակում է, որ մի բան այն չէ. ես սխալվել եմ, սայթաքել եմ ինչ-որ մի տեղ, որ այդքան էլ հեռու չէ: Եվ որքան էլ փորձեմ մխրճեմ ինձ հեռու սեփական մտքերիցս, ամեն նշան ու կետ ինձ հետ է բերելու ու գցելու սխալներիս ճահիճը: Հոգնություն, որ չի վերածվում հանգստության, որքան էլ ջանամ: Ամենասարսափելին ինքդ քեզ հետ մենակ մնալն է, երբ երաժշտությունն անգամ չի կարող լռեցնել սեփական մտքերդ, որ ոռնում են ուղեղումդ, քաշում մազերդ, քեզ պատեպատ տալիս: Ամենասարսափելին գիշերը քնելուց առաջ առաստաղին նայելն է, երբ թվում է, թե սխալներդ ասեղների պես թափվելու են դեմքիդ ու չեն սպանելու, սակայն շատ մեծ ցավ են պատճառելու: Ամենասարսափելին ինքդ քեզ կործանելն է…