-Բարև՛, սիրելի՛ս:

Խենթի պես հեռվից
Ագահ կառչում եմ մատներիդ ծայրից,
Սա այն կարոտն է, որ ես չեմ մերժում,
Լույսդ կոտրում է քունը աչքերիս,
Ինքս եմ հարցնում.
-Այս վառ ճերմակը այսքա՜ն ….որտեղի՞ց:

Ես հենց այնտեղ եմ, որտեղ փնտրում ես,
Ու քեզ համար է այս մոգությունը,
Այնտեղ կմնա միայն շշուկս.
-Հոգիս բերե՞լ ես,
Գթա՛, սիրելի՛ս, երկար ճամփից է
Այս հոգնությունը:
-Որտե՞ղ է տունս…

Այսուհետ փակվող լուսնի երեսին
Կարդալ մի՛ փորձիր համբարձված սերս,
Այն կյանքից այս կողմ
Ես ամպից ամպ եմ թռել մինչ այսօր քեզ որոնելիս,
Չե՛մ մրսում քամուց,
Ես վախենու՜մ եմ սառել այն ցրտից,
Որտեղ մատներդ երբեք չեն հասնում:

-Կապույտ լուսաբաց......
-Կոպերս՝ արբած….
-Շապիկս՝ ճերմակ
Գգվանքիդ վկան,
Մշուշից հառնող կյա՜նքս իրական…

Լույսս քեզ՝ նամակ:

Ու ընդամենը վարձատրվում եմ գրկելով ներկան:

-Բարև՛, սիրելի՛ս…
Ու էլի ես եմ…
Դիպչե՞մ մատներիս…

Նազիկ Հակոբյան